Սեպտեմբերի 5-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնի պետից ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել էր հաղորդում այն մասին, որ նույն օրը «Մեդլայն» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 3-ին «Ստամոքսի ճարպակալում 3-4 աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Արտյոմ Թովմասյանը, որը սեպտեմբերի 5-ին, ժամը 05.55-ին մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 187 -րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչ Տ. Վարդանյանի սեպտեմբերի 12-ի որոշմամբ տուժող է ճանաչվել մահացածի մորաքույրը՝ Հերմինե Համբարյանը: «Առավոտի» հարցին, թե ի՞նչ վիճակում է նախաքննությունը, տուժողը երեկ ասաց, որ սպասում են փորձագիտական եզրակացությանը, գործով դեռեւս մեղադրյալ չկա:
«Քրոջս որդին 46 տարեկան էր: Կյանքով լեցուն, կենսախինդ, բարի մարդ էր: Նա մահացավ վիրահատությունից 12 ժամ հետո: Իր ոտքով էր գնացել վիրահատության: Վիրահատության ավարտից յոթ ժամ հետո նրա մոտ սկսվեց փսխում արյան տեսքով: Վիրահատությունից 12 ժամ հետո միայն որոշում կայացվեց զոնդ տեղադրել նարկոզի միջոցով…: Նա դիմել էր բուժհաստատություն իր կյանքի որակը լավացնելու համար»,-ասում է նա: Հերմինե Համբարյանը փաստաբան-ներկայացուցիչ դեռ չունի:
Կարդացեք նաև
Արտյոմը լվացքի մեքենաների վերանորոգումն իրականացնող, ԱՄՆ-ում վերապատրաստված մասնագետ էր, մորաքրոջ խոսքերով, առողջական խնդիր չի ունեցել, պարզապես, աշխատանքի ժամանակ, կռանալիս, չոքելիս, երբեմն փորը խանգարում էր, որոշել էր ճարպից ազատվել…
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.11.2023


















































