Լրահոս
Օրվա լրահոսը

Համազգային վտանգի համացանցային դիմագրաւումը. Դերենիկ Մելիքեան

Նոյեմբեր 15,2023 13:50

Ծանօթ եմ ու նաեւ հաղորդակից «Վատսափ»-ային բաւականին ստւար թւի անդամներով կազմւած խմբի:

Խումբը համալրւած է Իրանահայ հինաւուրց համայնքում վերջին տասնամեակներում իրենց իսկ ոլորտում ազնիւ ու արժէքաւոր ներդրում ունեցած՝ կրթական ու արւեստի վաստակաւոր մշակներով, հասարակական, ազգային-միութենական ինչպէս նաեւ քաղաքական ու լրագրողական ասպարէզներին իրենց անկեղծ ծառայութիւնները մատուցած անհատներով…
Մօտաւորապէս մէկամեայ «գործունէութիւն» ունեցող խմբի անդամներին մտահոգող գլխաւոր ու առանցքային քննարկումներն ընդգրկում են Արցախի, Հայաստանի եւ մէկ խօսքով՝ համազգային տարողութեամբ հայ ազգին (թէ՛ Հայրենական, եւ թէ՛ Սփիւռքեան) ու Հայոց Հայրենիքին սպառնացող ներուժ ու ներգործուն վտանգներին առնչւող ամենօրեայ զարգացումներն ու դրանց մասին ամենատարբեր լրատւութիւնները։

Ճշգրտօրէն չգիտեմ, բայց վստահօրէն կարելի է ասել, որ հայաշխարհում եթէ ոչ հազարաւոր, ապա հաստատօրէն հարիւրաւոր նմանատիպ քննարկումային «վիրտուալ» խմբեր ու «գրուպ»-ներ են ձեւաւորւել։ Դեռ չխօսենք անհատական ու անձնական, բայց համացանցային հարիւր հազարաւորների հասնող մտահոգւողների այն վիթխարի ԲԱՆԱԿ-ի մասին, որի լոկ լրատւային բազայի, որպէս հարուստ շտեմարանի, կազմակերպ ուղղորդմամբ ու նպատակային օգտագործմամբ, անշուշտ հնարաւոր է լինելու համազգային մերօրեայ մտահոգութիւնների վերաբերեալ համացանցային ներկայիս ցաքուցրիւ եւ ինչ-որ տեղ ինքնանպատակ կացութիւնները վերածել համաժողովրդական ազդեցիկ ցասման այնպիսի իրավիճակի, որով էլ հնարաւոր է լինելու դիմագրաւել վերոգրեալ համընդհանուր վտանգները՝ ըստ ամենայնի։

Սա նոյնպէս կարող է թափ հաղորդել այն պայքարին, որը նպատակադրւած է մեղմ ասած՝ զգաստացնելու եւ ուշքի բերելու այն իշխանատենչներին, որոնք միեւնոյն իշխանութեան սիրոյն պատրաստ են ամէն կարգի ազգադաւ զիջումների՝ մեզ ու մեր Հայրենիքը կործանելու նպատակադրած թշնամիների առջեւ…

Դերենիկ ՄԵԼԻՔԵԱՆ
Ալիք օրաթերթի նախկին խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930