Լրահոս
Օրվա լրահոսը

«FlyOne Armenia» ավիաընկերության գնած օդանավը կապվում է ռուսաստանցի միլիարդատիրոջ անվան հետ․ «Հետք»

Նոյեմբեր 23,2023 17:00

Հայ-մոլդովական «FlyOne Armenia» ավիաընկերությունը հայտարարել է, որ ձեռք է բերել ամերիկյան արտադրության «Gulfstream G450» բիզնես դասի ինքնաթիռ:

«Սրանով ավիաընկերությունը դառնում է առաջինը, ով կարող է Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս մատուցել պրեմիում ծառայություններ՝ հարմարեցված գործարար եւ կորպորատիվ ճանապարհորդների կարիքներին»,- նշել է «FlyOne Armenia»-ն՝ հավելելով, որ նման օդանավերի թռիչքային հեռավորությունն ավելի քան 8000 կմ է: Ըստ ավիաընկերության հաղորդագրության՝ այս «G450»-ը տեղավորում է մինչեւ 16 ուղեւոր եւ նախատեսված է ճանապարհորդության լայն աշխարհագրության համար՝ Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, անդրատլանտյան ուղղություններ։

Նկատենք, որ ընկերությունը հաղորդագրությունը տարածել է նոյեմբերի 14-ին, իսկ Քաղավիացիայի կոմիտեն վերջին անգամ նոյեմբերի 13-ին է հրապարակել ՀՀ ռեգիստրում ընդգրկված օդանավերի ցանկը, որում չկա այս «G450»-ը:

«FlyOne Armenia»-ի անունով ներկա պահին Հայաստանում գրանցված 2 օդանավ կա՝ «Airbus A319» (ՀՀ գրանցումը՝ EK-FOA) եւ «Airbus A320» (EK-FOB): Ավիաընկերությունը վարձակալական հիմունքներով շահագործում է նաեւ 3 հատ «Airbus A320», որոնցից երկուսը գրանցված են մոլդովական «Fly One»-ի շարժակազմում (մոլդովական գրանցումները՝ ER-00006 եւ ER-00007), իսկ մեկը՝ մոնղոլական «Mongolian Airways»-ի (մոնղոլական գրանցումը՝ JU-1410):

«Հայաստանի ավիացիոն պատմության մեջ առաջին անգամ մենք ձեռք ենք բերում միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան բիզնես դասի «Gulfstream G450» օդանավ։ Այս քայլով մենք ավիացիոն ոլորտում նոր ու հավակնոտ հայտ ենք ներկայացնում, փորձում ենք գերազանցել մեր բիզնես ու կորպորատիվ ուղեւորների սպասելիքները՝ առաջարկելով բարձրակարգ ճամփորդական հնարավորություններ»,- նշել է Էդուարդ Սուքիասյանը, որը գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրն է, «FlyOne Armenia»-ի 20 %-ի սեփականատերն ու հայկական «SIL Capital» ընկերության նախագահը («FlyOne Armenia»-ի 9 %-ն էլ պատկանում է «SIL Capital»-ին):

Ընկերության տարածած հաղորդագրությանը կից նկարներում տեսնում ենք, որ խոսքը ներկայում ավստրիական OE-IZK գրանցում ունեցող ինքնաթիռի մասին է: Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ օդանավը թողարկվել է 2009 թ. ամերիկյան «Gulfstream Aerospace Corporation»-ի կողմից եւ նախապես գրանցված է եղել ԱՄՆ-ում որպես N820GA: 2010 թ. դեկտեմբերին ինքնաթիռը գրանցվել է ավստրիական «MJet» ավիաընկերության շարժակազմում որպես OE-IZK:

Չնայած airport-data.com-ը նշում է, որ OE-IZK-ի սեփականատերը հենց «MJet»-ն է եղել, համացանցում տեղեկություններ կան այն մասին, որ օդանավը պատկանել է ռուսաստանցի գործարար, միլիարդատեր Զախար Սմուշկինին (ըստ այդմ՝ ավստրիական ընկերությունը միայն շահագործողն էր): Սմուշկինը հայտնի է փայտամշակման եւ շինարարական բիզնեսով: Նախկինում փայտամշակման ոլորտում Սմուշիկինի բիզնես գործընկերներից է եղել Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Forbes» ամսագիրը ներկա պահին Զ. Սմուշկինի կարողությունը գնահատում է 1,4 մլրդ դոլար:

Մեդվեդեւն ու Սմուշկինը. հեղ.՝ Եկատերինա Շտուկինա, ՏԱՍՍ

Այդուհանդերձ, «FlyOne Armenia»-ի տարածած տեսանյութում երեւում է, որ հայկական ընկերությունը առքուվաճառքի պայմանագիր է կնքել դրա նախորդ սեփականատեր, կանադական «Calypso Trading Limited»-ի հետ: Պայմանագիրը կնքվել է 2 ամիս առաջ՝ սեպտեմբերի 23-ին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930