Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագրի» համաձայնությամբ՝ վերացվեց Իրազեկ քաղաքացիների միավորման հաշիվների կալանքը

Նոյեմբեր 27,2023 16:51

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանի «Էրեբունի» նստավայրում այսօր տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» գործով հերթական դատական նիստը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հիշեցնենք, դատական հայց էր ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» պահանջելով՝ հերքել հուլիսին իրենց արած հրապարակումը, ինչպես նաեւ 1.5 միլիոն դրամ փոխհատուցել։ Նաեւ արգելանք էր դրվել «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաշիվների վրա՝ ՔՊ-ի հայցի պահանջով:

Հիշեցնենք, որ «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր ձայնագրություն, որում Սպիտակի քաղաքապետն ու փոխքաղաքապետը գյուղերի վարչական ղեկավարների հետ միասին ցուցակագրում էին մարզերում բնակվող, բայց Երեւանում հաշվառված՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին ձայն տվող ընտրողներին։ ՔՊ-ն հերքել էր այն եւ պատճառաբանել, թե Սպիտակի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները կուսակցականներ են եւ կարող են զբաղվել քաղաքականությամբ։

Այսօր կայացած նիստում, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչը միջնորդեց հասարակական կազմակերպության հաշիվների վրա դրված կալանքը վերացնել, քանի որ կազմակերպությունն աշխատում է ծրագրերով եւ կազմակերպության հաշվին առկա գումարները նախատեսված են տարբեր ծրագրերով՝ տարբեր գործառույթների համար, իսկ հաշիվների վրա դրված կալանքը խոչընդոտում է գումարների նպատակային ծախսին ու ծրագրերի ընթացքին: ԻՔՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ կազմակերպության հաշվին առկա են սույն գործով պահանջվող գումարից մի քանի անգամ ավելի միջոցներ, սակայն դրանք շրջանառու միջոցներ են: Բայց, ակնհայտ է, որ պատասխանողն ունի դրամական միջոցներ եւ եթե հայցը բավարարվի, ապա, դժվարությամբ, բայց կփորձեն վճարել:

ԻՔՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ հայցվորը ներկայացրել է, թե ՀԿ-ն կարող է թաքցնել իր դրամական միջոցները, բայց դա գրեթե անհնար է, քանի որ որեւէ դրամական միջոց թաքցնելու պարագայում, ՀԿ-ն խնդիր կունենա դոնորների հետ, որովհետեւ կազմակերպության բոլոր գումարները գոյանում են դոնորների գումարներից: Առավել մանրամասնելով, պատասխանողի ներկայացուցիչը հայտարարեց, որ ՀԿ-ի գումարները տրվում են դոլարով եւ եվրոյով եւ ներկայիս ինֆլյացիայի պատճառով, կազմակերպությունում մոտ 23 տոկոսով աշխատավարձերն են կրճատվել, աշխատանքային տարածքի փոփոխություն է տեղի ունեցել՝ այլ՝ ավելի մատչելի գրասենյակ են վարձակալել. արդյունքում ԻՔՄ-ն ամսական մոտ մեկ միլիոն դրամ «մինուսով» է աշխատում եւ նաեւ սա է պատճառը, որ երբ կազմակերպության շրջանառու միջոցները կալանքի տակ են, իրավաբանական անձի գործունեության համար խնդիր է առաջանում:

Կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն էլ հավելեց, որ կազմակերպությունն ունի միջոցներ, հայցի թե ամբողջական, թե մասնակի բավարարման դեպքում կվճարի այն, քանի որ դա խնդիր չի. ԻՔՄ-ն ունի միջոցներ, ամսական մի քանի միլիոն դրամ աշխատավարձ է վճարում, մի քանի միլիոնի հարկ է վճարում: Նա նաեւ հավաստիացրեց, որ հայցի ապահովման միջոցներ չկիրառելու դեպքում էլ հայցի ապահովման հետ կապված խնդիր չի առաջանա: Հարցն այն է, որ միավորումն ազատ միջոցներ չունի, դրանք ստացվել են նպատակային եւ պետք է նպատակային ծախսեն, իսկ հաշիվների կալանքը խոչընդոտում է ծրագրերի իրականացմանը:

Հայցվորի ներկայացուցիչը չառարկեց՝ հավելելով, որ իրենք քաղաքական հետապնդում եւ թիրախավորում չեն իրականացնում, ավելին, իրենք են միջնորդում, որպեսզի ՀԿ-ի հաշիվների վրա դրված կալանքը վերացվի:

Պատասխանողի ներկայացուցիչը հայտարարեց, որ ԶԼՄ-ների մասին օրենքով կողմը իրավունք ուներ պատասխան խոսքի եւ հերքման, եւ եթե ՔՊ-ն դիմեր՝ ԻՔՄ-ն արտադատական կարգով կքննարկեր այդ հնարավորության իրացումը, բայց ՔՊ-ն միանգամից Քաղաքացիական օրենսգրքին է դիմել՝ եւ գերադասել հարցը դատական կարգով լուծել, ուստի, իրենք բոլոր հիմքերն ունեն պնդելու, որ ՀԿ-ի նկատմամբ թիրախավորում եւ քաղաքական հետապնդում է իրականացվում:

ԻՔՄ-ն, այնուհանդերձ համաձայնեց, որ հայցվորի միջնորդության հիման վրա հաշիվների կալանքը վերացվի, քանի որ ԻՔՄ միջնորդության դեպքում, այն դեռ պետք է քննարկվեր, իսկ տվյալ պարագայում, գործընթացը մեխանիկական է ստացվում:

Դատարանը բավարարեց ՔՊ-ի միջնորդությունը. ԻՔՄ-ն հաշիվների կալանքը կվերացվի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930