Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը նպատակ ունի հլու-հնազանդ հասարակություն ձեւավորելու». «Եռաբլուրի գործով» փաստաբանը՝ ոստիկաններին պատասխանատվության չենթարկելու մասին

Նոյեմբեր 29,2023 16:35

Նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ «Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի, վարույթն էլ կարճվել է: Եռաբլուր զինվորական պանթեոնից, հիշեցնենք, զոհված զինծառայողների 34 ծնող էր բերման ենթարկվել 2021 թվականի սեպտեմբերի 21-ին: Ըստ գործի նյութերի, 439 ոստիկան է եղել դեպքի վայրում: Հիշեցնենք, որ այդ օրը զոհված զինծառայողների ծնողները փակել էին պանթեոնի մուտքը՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր, քանի որ նա պարտություն էր ապահովել պատերազմում հայկական կողմի համար: Ծնողները բերման էին ենթարկվել բիրտ ուժի կիրառմամբ:

Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված ասուլիսի ժամանակ, Եռաբլուր զինվորական պանթեոնից բերման ենթարկված զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ փաստաբան Վահան Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ սա մեկ կամ երկու իրավապահի որոշում չէ, այլ հավաքական իշխանության ներկայացրած արդյունքն է:

Գործի 9 հատոր նյութերից փաստաբանը որոշ մանրամասներ հրապարակեց: Գործող մեղադրյալ Գոհար Դավթյանին ոստիկանը հարցնում է՝ «Եթե ոստիկաններից որեւէ մեկը մոտենար եւ ասեր, որ Եռաբլուր պանթեոն է գալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա դուք պատրաստակա՞մ էիք հեռանալ, թե՝ ոչ»:

«Ես ինչի համար պետք է հեռանայի Եռաբլուրից, եթե այդտեղ էր գալիս Նիկոլ Փաշինյանը»,- հնչում է պատասխանը:

Սրանից, ըստ փաստաբանի, հետեւում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ քաղաքացին միաժամանակ չէին կարող գտնվել նույն վայրում, նրանք միմյանց հակասում են: Հարցի բարոյական կողմին փաստաբանը չի անդրադառնում, թեեւ հիշեցնում է Փաշինյանի հայտարարությունները, որ ինքը ժողովրդի եւ ժողովրդական վարչապետ է: Փաստաբանը գիտի, որ ներպետական օրենսդրության համապատասխան, սահմանված արարողակարգեր կան բարձրաստիճան պաշտոնյաների համար, բայց պնդում է, որ սա այդ դեպքը չէ:

Մեկ տարի երկու ամիս տեւած քննության ընթացքում այդպես էլ հասկանալի չի դարձել, թե ո՞վ է տվել հրամանը՝ոստիկաններին Եռաբլուրում տեղակայվելու եւ ծնողներին Եռաբլուրից հեռացնելու: Ավելին, պարզվել է, որ ոստիկանները Եռաբլուրում տեղակայվել են բանավոր հրամանի արդյունքում, ինչը տվյալ պարագայում կիրառելի չէ, քանի որ ծառայության մեկ վայրից մեկ այլ վայրում տեղակայվելու համար գրավոր հրաման է պետք, որը չկա. ուստի, տվյալ պարագայում ոստիկանները գործողություն իրականացնելու սուբյեկտ չեն հանդիսանում:

Մանրամասները՝ տեսանյութում

Այս գործով օբյեկտիվ ապացույցները 5 խումբ են. դատաբժշկական փորձաքննությունով, օրինակ, հաստատվում է, որ այդ մարդիկ, ոստիկանների իրականացրած գործողության ընթացքում ստացել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Վարույթ իրականացնող մարմինը չի բավարարվում այս եզրակացությամբ եւ փորձում է հարցաքննել դատաբժշկական փորձագետին՝ ըստ այդ օրվա իրադարձությունների տեսագրությունների: Փորձագետը հաստատում է վնասվածքներ ստանալու իր եզրակացությունը, ինչը, սակայն, կրկին հաշվի չի առնվում:

10-ից ավելի վկաներ են հարցաքննվում, ցուցմունքներ են տալիս այն մասին, որ տարբեր լրատվամիջոցներով տեսնելով ծնողների ցույցը, եկել են՝ կանգնել են նրանց կողքին ու նրանք էլ են հաստատում, որ ոստիկանները ոչ մի պահանջ չեն ներկայացրել, ծնողներին ուղղակի ձերբակալել են եւ տարել են: Նույն ցուցմունքները տալիս են նաեւ դեպքի վայրում աշխատած լրագրողները եւ օպերատորները: Քննիչը տեղազննություն է իրականացնում եւ փաստում է, որ բանավոր պահանջ չի հնչել, ժամանակ չի տրամադրվել ծնողներին՝ պարզապես բռնել եւ տարել են մարդկանց:

34 քաղաքացի է բերման ենթարկվում եւ նրանց վարչական իրավախախտման ենթարկելու հայց նախապատրաստելու ցուցում է տրվում, որը մերժվում է՝ այն հիմնավորմամբ, որ բացակայում են ոստիկանի կողմից քաղաքացուն օրինական պահանջ ներկայացնելու եւ քաղաքացու կողմից այն չկատարելու ապացույցները: Սա գրում է ոստիկանության իրավաբանական վարչության պետը: Փաստաբանն էլ հարցնում է՝ եթե այս քաղաքացիները անօրինական կերպով են բերման ենթարկվել, բերման ենթարկող ոստիկանները պե՞տք է, պատասխանատվության ենթարկվեն: Ինքը համոզված է՝ այո: Բայց փաստն այն է, որ չեն ենթարկվել, գործն էլ կարճվել է:

Մանրամասները՝ տեսանյութում

Ինչո՞ւ այս ամբողջը նշանակություն չի ունեցել, բանախոսները պայմանավորում են ուղիղ ցուցումով, որը տրված է վարչապետի կողմից:

Բացի այդ, ըստ փաստաբանի, ոստիկանների գիտակցության մեջ նստած է, որ պետությունն ու իշխանությունը, պետությունը եւ վարչապետը նույնական են, հետեւաբար, իրենք գործել են օրինականության սահմաններում՝ պաշտպանելով վարչապետին, պաշտպանում են պետությունը: Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ իշխանությունը նպատակ ունի հլու-հնազանդ հասարակություն ձեւավորելու եւ սա ուղերձ էր ՀՀ ցանկացած քաղաքացու, որ չփորձեն իր ճանապարհին կանգնել. «Եթե իմ առջեւ բոլոր կարմիր գծերը վերացած են ու ես կարող եմ բարոյական առումով այս անխոցելի մարդկանց հետ նման կերպ վարվել, ապա պատկերացրեք, թե ինչ կարող են անել ՀՀ քաղաքացու նկատմամբ»:

Իրավական առումով էլ նման որոշումը, ըստ փաստաբանի, ոստիկաններին էր ուղղված, քանի որ եթե այս գործով որեւէ ոստիկան պատասխանատվության ենթարկվեր, ապա հետագայում, մեկ այլ ոստիկանը գործողություն կատարելուց առաջ կմտածեր:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930