Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլի հի՞նն է, էս աշխարհում ուրիշ տոնածառ չկա՞»․ Գյումրիում տեղադրում են գլխավոր եղևնին

Նոյեմբեր 29,2023 18:45

Այսօրվանից Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում սկսել են տեղադրել Գյումրու գլխավոր տոնածառը, որը Սամվել Բալասանյանի քաղաքապետ դառնալուց ի վեր չի փոխվել։

Աղքատիկ, խիստ սահմանափակ  բյուջե ունեցող քաղաքի ղեկավարությունը մշտապես այն կարծիքին է, որ հազարավոր հոգսերով ծանրաբեռնված քաղաքում չեն կարող շռայլություն թույլ տալ․ կփորձեն տոնական տրամադրություն ստեղծել՝ ճոխ ծախսերից զերծ մնալով, համեստ տոնածառով։

2016 թվականից էլ այդ նույն քաղաքային իշխանությանը մտահոգում էր պատերազմն ու սահմանային լարված իրավիճակը, Սամվել Բալասանյանը երբեմն հորդորախառն հրահանգ էր տալիս․ «Վերջ դրեք տաշի-տուշիներին»։

Ինչևէ, այս տարի ևս հին տոնածառն է տեղադրվելու, ավագանին գլխավոր տոնածառի, դեկորների տեղադրման ու լուսավորման աշխատանքների համար  հատկացրել է 6 մլն դրամ։

Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանից տեղեկացանք, որ սոճու ճյուղերը բերվել են Լոռուց, այս տարի պատրաստվում են փոխել զարդարանքը;

Տոնածառի տեղադրման աշխատանքները գյումրեցիները բավական մեծ դժգոհությամբ են ընդունել, նրանք Գյումրու համայնքապետարանի ֆեսբուքյան էջում պահանջում են հին տոնածառը փոխարինելով նորով։

Օգտատերերից մեկը գրել է․ «Արդեն 100 տարի նույն տոնածառն է, ես տեսա, երեխես տեսավ, քանիմ տարի էլ նույնը դրեք, թոռներս կտեսնեն»։

«Էլի նույն տոնածառը՝ իր դիզայնո՞վ», -հարցնում է մեկ ուրիշը։

Մեկ այլ օգտատեր արձագանքել է․ «Կրկին հին տոնածառն են տեղադրելու, որի տակ հնարավոր չէ անգամ նկարվել, ներքևի մաս գոյություն չունի, և սա բամբասանք չէ»։

Քաղաքի բժիշկներից մեկն էլ նշել է․ «Խնդրանք` ախպերական․ էն կարմիր-կանաչ-կապույտ լույսերը չգցեք, ամեն տարի իրոք ադրբեջանական դրոշի տհաճ գույներն են հիշեցնում»։

Իհարկե, եղել են օգտատերեր, որոնք հիշեցրել են, թե մեր երկիրը, հատկապես Գյումրի քաղաքը աղքատ է ու տոնածառ փոխելու ժամանակը չէ։

 

Լուսանկարները՝ Գյումրու համայնքապետարանի ՖԲ էջից

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930