Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի ռեժիմը` ամերիկյան լուրջ ճնշումների տակ

Նոյեմբեր 30,2023 12:00

Ամերիկյան վարչակազմը հակազդում է Հայաստանի նկատմամբ Էրդողանի, Ալիեւի եւ Պուտինի կոշտ քաղաքականությանը

Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան եռյակի տարածաշրջանային ախորժակն այսօր զսպում է Միացյալ Նահանգները: Ռուսաստանն ու Արեւմուտքն այսօր հակադիր դիրքորոշումներ ունեն ոչ միայն աշխարհաքաղաքական տարբեր հարցերում, այլեւ` Հայաստանի ապագայի վերաբերյալ հարցերում եւ Արեւմուտքի շահերն այսօր համընկնում են Հայաստանի հետ: Սա արդեն ակնհայտ ու անհերքելի փաստ է:

ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչն օրերս կարեւոր ուղերձ է հղել այդ եռյակին, նախազգուշացնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «ոչ խաղաղ ճանապարհով» առեւտրային ուղիների վերաբացման դեպքում, ԱՄՆ-ն կկիրառի իր տրամադրության ներքո եղած ողջ գործիքակազմը՝ խափանելու այն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Օ՛Բրայենը՝ լրագրողների հետ առցանց հարցուպատասխանի ժամանակ, երբ անդրադարձել է նաեւ Հարավային Կովկասին, ու մասնավորապես՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտությանը:

«Տեսնում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն կա։ Ուրախ ենք, որ երկու կողմերի միջեւ առկա է ուղիղ եւ միջնորդավորված երկխոսություն: Խաղաղության հաստատումը ողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն կլինի։ Օրինակ, եթե հնարավորություն լինի Կենտրոնական Ասիայից ուղղել առեւտրի հոսքը Ադրբեջանով ու Հայաստանով դեպի Թուրքիա, ապա այն էական խթան կհանդիսանա այդ առեւտրային ճանապարհին ընկած բոլոր երկրների համար։ Ողջունում ենք, որ այդ ամենի մասը դառնալու հնարավորություն կա։ Միեւնույն ժամանակ, եթե որոշում կայացվի այն իրականացնել ոչ խաղաղ ճանապարհով, ապա ստիպված կլինենք օգտագործել մեր տրամադրության ներքո ունեցած բոլոր գործիքները, որպեսզի խուսափենք նման առեւտրային ճանապարհի ստեղծումից։ Բավականաչափ հստակ ենք եղել կողմերի հետ, թե այստեղ ինչի հույս ունենք, ինչպես նաեւ խոսել ենք այլ կերպ առաջ շարժվելու հետեւանքների մասին: Այսպիսով, անհամբեր կսպասենք, թե կողմերի միջեւ երկխոսությունն ինչ ընթացք կստանա: Մեզ հայտնի է, որ նրանք շահագրգռվածություն են հայտնել առաջիկայում կնքել խաղաղության համաձայնագիր։ Կցանկանայինք տեսնել, որ այն իրականություն է դառնում»,- ըստ «Ամերիկայի ձայնի», նշել է Օ’Բրայենը:

Ո՞ր երկրներն են անթաքույց Հայաստանի հետ խոսում ուժի դիրքերից ու սպառնալիքներ հնչեցնում… Թուրք-ադրբեջանական տանդեմը: Ո՞ր երկիրն է անցել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման եւ ո՞ր պետության պետական քարոզչամեքենան է աշխատում ընդդեմ Հայաստան պետության: Հայաստանի «ռազմավարական դաշնակիցը», որը Հայաստանից պահանջում է «միջանցք» եւ այդ «միջանցքի վերահսկողություն»: Հետեւաբար` Վաշինգտոնի ուղերձն էլ հստակ է` եթե որոշվի դա անել ոչ խաղաղ ճանապարհով, ապա ամերիկյան վարչակազմը կօգտագործի հնարավոր բոլոր գործիքները՝ կանխելու նման առեւտրային ճանապարհի ստեղծումը։

Օ’Բրայենը համարձակ է որակել Նիկոլ Փաշինյանի քայլերը սահմանների բացման, Արեւմուտքի հետ հարաբերությունների հարցում՝ նկատելով՝ նա չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից, այնպես, ինչպես նախկին առաջնորդները ձգտում էին դա անել։ «Նա ձեռնարկել է մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է շատ խրախուսելի լինեն Հայաստանի քաղաքացիների համար, նրանք ձգտում են շարունակել այնպիսի արագ տնտեսական աճի, որն ունեցել են վերջին տարիների ընթացքում, – ասել է պաշտոնյան՝ շարունակելով,- կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաեւ համարձակ ձայն է տվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հաստատմանը, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալու իր տնտեսական զարգացման վրա, կառուցելու իր անվտանգության հարաբերությունները եւ ընդլայնելու առեւտրային կապերը Կենտրոնական Ասիայից մինչեւ Թուրքիա։ Մենք շատ կցանկանայինք սա տեսնել»: Վաշինգտոնը հանձնառու է աշխատելու եվրոպացի գործընկերների եւ Հայաստանի կառավարության հետ՝ տեսնելու, որ Հայաստանի ժողովուրդը կարող է օգուտ քաղել Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների քաղաքականությունից, ամփոփել է Օ’Բրայենը։

Ահա, օրերս ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Ըստ Վաշինգտոնի՝ Փաշինյանի հետ Բլինքենը քննարկել է ԱՄՆ-ի աջակցությունը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերին։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ ընդգծել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը։ «Մենք աշխատում ենք աջակցելու նրա տեսլականի՝ բարեկեցիկ եւ ժողովրդավարական ապագայի համար», – ըստ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի՝ նշել է Բլինքենը:

ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրության համաձայն` Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Կողմերը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի կառավարության դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը, ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարեւորությունը», ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Իսկ ահա Ալիեւի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ գիտակցում են այն տառապանքը, որ երկարատեւ հակամարտությունը պատճառել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին, եւ ընդգծել այն օգուտները, որոնք կբերի խաղաղությունը տարածաշրջանին: Միլլերը նշել է, որ Պետքարտուղարը քննարկել է Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի մշտական հարաբերությունները, նշել հարաբերություններում վերջին անհանգստացնող կետերը, ինչպես նաեւ խոսել համագործակցության ամրապնդման հնարավորությունների մասին, հատկապես՝ խաղաղ գործընթացի շուրջ եւ բարձր մակարդակի ներգրավվածության կարեւորության մասին։

Ալիեւի հետ հեռախոսազրույցը ուշագրավ նրբերանգներ է ունեցել… Մերժելով բանակցությունների վաշինգտոնյան հարթակը՝ Ալիեւի ռեժիմը վերջերս նույնիսկ հայտարարեց, թե` «Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցման հետեւանքով այդ երկիրը կարող է կորցնել միջնորդի իր դերը»։

Սակայն Ալիեւի «տրամադրությունները», ինչպես երեւում է, փոփոխության են ենթարկվել Բլինքենի հետ հեռախոսազրույցի արդյունքում:

Այսպես, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հարկ է համարել նշել, որ Ադրբեջանի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին հայտարարություններն ու քայլերը լուրջ վնաս են հասցրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին։ Ավելին, Ալիեւը կողմնակալ է համարել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ նոյեմբերի 15-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի լսումներում արտահայտած կարծիքները՝ շեշտելով՝ «դրանք չեն արտացոլում իրականությունը»։ Ընդգծելով, որ ադրբեջանական կողմը հաշվի է առել Բաքվի հետ կապված ԱՄՆ հայտարարությունները՝ երկկողմ հանդիպումները եւ բարձր մակարդակի շփումները չեղարկելու հարցում՝ Ալիեւն ասել է, որ «մեր երկկողմ հարաբերությունները չեն կարող նախկինի պես լինել», եւ դրան համարժեք պատասխան է տրվել։ Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ այդ կապակցությամբ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, չեղարկվել են նաեւ բարձր մակարդակի այցերը։

Ալիեւի այս «համարձակ» արձանագրումներից հետո, այնուամենայնիվ, Բլինքենը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերին կայցելի Ադրբեջան՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Ալիեւը համաձայնել է այս առաջարկին, սակայն «մեկ պայմանով», որպեսզի` «Վաշինգտոնը վերացնի ադրբեջանցի պաշտոնյաների՝ ԱՄՆ այցելելու անհիմն արգելքը»։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը նշել է, որ «Բլինքենն ընդունել է այդ առաջարկը»։

Այսպես, Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերին կայցելի Ադրբեջան: Ի դեպ, ադրբեջանական գործակալությունները հրապարակելով` Ալիեւ-Բլինքեն հեռախոսազրույցի մանրամասները, հայտնել են, որ կողմերը մտքեր են փոխանակել նաեւ նոյեմբերի 30-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին կայանալիք սահմանազատման հանձնաժողովների նիստի վերաբերյալ: Սա եւս կարեւոր ազդակ է, որն իր հերթին փաստում է, որ ամերիկյան վարչակազմն, ինչպես ասում են` «ձեռքը պուլսի վրա է պահում» նաեւ այս հարցում:

Թե որքան ուժգին է եղել Վաշինգտոնի կողմից հակազդեցությունը՝ ի պատասխան թուրք-ադրբեջանական «հաղթական» նկրտումների, ապացուցեց նաեւ Թուրքիայից օրերս հնչած մի խոստովանություն:

Պարզվում է, ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին՝ Ղարաբաղն ազատագրելու համար, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։ Նա նշել է, որ Վաշինգտոնն այս պահանջն առաջ է քաշել որպես Թուրքիա F-16-ներ ուղարկելու պայման։

Հիշեցնենք, որ Թուրքիան ցանկանում է ձեռք բերել F-16 Block տեսակի 40 օդանավ եւ եւս 80 օդանավի արդիականացման համար անհրաժեշտ պահեստամասեր ու սարքավորումներ: Այս գործարքի կնքումը, սակայն, արգելափակվեց անցած տարվա ամռանը, այն բանից հետո, երբ կոնգրեսականները ԱՄՆ պաշտպանական բյուջեի ընդունման ժամանակ մի լրացում ընդունեցին, որով պահանջում էին, որպեսզի Սպիտակ տունը բուն օդանավերի կամ դրանց պահեստամասերի վաճառքից առաջ օրենսդիրներին հստակ ապացույցներ ներկայացնի, որ այդ քայլը չի հակասելու Միացյալ Նահանգների ազգային շահերին։ Բուռն բանավեճերից ու քննարկումներից հետո այս տարվա ապրիլին Միացյալ Նահանգները որոշեց Թուրքիայի ռազմաօդային ուժերի կազմում ընդգրկված ութ տասնյակ F-16 մակնիշի կործանիչների արդիականացման համար անհրաժեշտ պահեստամասեր ու տեխնոլոգիաներ վաճառել Անկարային։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930