Լրահոս
Օրվա լրահոսը

«Արծվաշեն հայկական շուն էլ ուղարկես՝ չի գնա». Արծվաշենի փոխանակումը Տիգրանաշենով, Առուշան Հակոբյանը կործանում է համարում

Դեկտեմբեր 12,2023 21:07

«Այստեղ ինձ մոտ կան քարտեզներ 1921 թվականի, սկսած Հայժողկոմից, խոսքս՝ Տիգրանաշենի, Երասխի և մյուսների մասին է։ Հանձնաժողովները, որոնք այսօր գնում են սահմանազատման ու սահմանագծման, եթե սրանց վրա չհիմնվեն, որևէ բան չեն կարողանալու ապացուցել»,- այսօր, «Միասին» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանը: ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը հայտարարում է՝ հայ-ադրբեջանական սահմանը՝ 900 կիլոմետրից ավել, ԽՍՀՄ տարիներին դեմարկացվել է:

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումն այսօր կլոր սեղան-քննարկում էր նախաձեռնել՝ հիմնավորելու վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Քննարկման օրակարգային հարցերն էին՝ Արցախի հանձնումը եւ ՀՀ անվտանգության համակարգի, ազգային հաստատությունների կազմաքանդումը։ Քննարկմանը հրավիրված էին տարբեր քաղաքական եւ հասարակական միավորների ներկայացուցիչներ: Շարժման անդամները կարծում են, որ միասին պետք է որոշել՝ ինչպե՞ս հասնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն եւ դա պետք է անել միասին: Քննարկման մասնակիցները հիմնական հարցում՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, համամիտ էին:

Առուշան Հակոբյանը եկել էր փաստաթղթերի տրցակով եւ քարտեզներով, որոնք թվագրվում են նախորդ դարին: Նա մտավախություն հայտնեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վաղը-մյուս օրը գուցե չկարողանա ապացուցել, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական զորքը կանգնած է, հայկական են, մինչդեռ այդ մասին վկայում են ԽՍՀՄ կառավարության քարտեզները։

 

Առուշան Հակոբյանը հիշեցրեց՝ ՔՊ-իվ երկու «հատ» պատգամավոր ասում են, թե Ոսկեպարի, Նոյեմբերյանի, Կապանի, Սև լճի մի շարք հատվածներ ադրբեջանական են։ Մինչդեռ նա հրապարակեց ԽՍՀՄ կառավարության որոշումով քարտեզներ, որտեղ հակառակն է նշված. «Այն բլուրների վրա, որտեղ այսօր կանգնած է ադրբեջանական զինուժը, հայկական են։ Նախիջևանի այդ հատվածներում եղել է արոտավայր, այնտեղ սկսել են անասուններ բերել, այնուհետև այդպես մնացել է, 1932 թվականին այնքան խորամանկ են եղել, որ ընտրատեղամաս են բացել, և այդպես էլ չի հասկացվում՝ ինչպե՞ս է եղել Տիգրանաշենը։ Կա 1969 թվականի կառավարության որոշում՝ քանի որ Աղստևի ջրամբարն է կառուցվում, և դրա պոչամասն անցնում է Հայաստանի սահմանը, ուստի այդքան հողը տալիս են Հայաստանին։ Բայց այսօր երկու իջևանցի հայտարարում են, թե դա Ադրբեջանինն է եղել։ Այստեղ ներկայացնում եմ քարտեզ, որով Կապան-Գորիս այն տարածքը, որտեղ մաքսակետ է դրված Ադրբեջանի կողմից, դա ՀՀ տարածքում է եղել։ Բայց այսօր ճանապարհի այդ 21-րդ կիլոմետրը նման վիճակում է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով իշխանական թեզին՝ Տիգրանաշենն Արծվաշենով փոխանակելու մասին, Առուշան Հակոբյանը հայտարարեց. «Բայց Արծվաշեն հայկական շուն էլ ուղարկես՝ չի գնա։ Արծվաշենի փոխանակումը կործանում է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031