Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ անձի որոշմամբ 100 հազարից ավելի արցախցիների դարձնում են ձայնազուրկ, գործ ունենք հանցագործության հետ»․ Կարեն Վրթանեսյան

Դեկտեմբեր 20,2023 22:15

«Մենք գործ ունենք քաղաքական իրավունքներից զանգվածաբար զրկելու հետ։ Այսինքն՝ ՀՀ դե ֆակտո իշխանությունները ՀՀ քաղաքացիների մի զգալի մասին՝ 100 հազարից ավելի մարդու զանգվածաբար զրկում է իրենց քաղաքական իրավունքներից։ Քաղաքական իրավունքներից մեկը նաեւ ՀՀ քաղաքացի լինելն է, այդ իրավունքից զրկում են»,- այս մասին այսօր Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի կազմակերպած «ՀՀ քաղաքացուց փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության՝ արցախցիներին փախստականի կարգավիճակ տալու որոշմանը։

Ըստ Վրթանեսյանի՝ սա Սահմանադրության ոտնահարում է, չկա որեւէ իրավական մեխանիզմ, որով ՀՀ տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացուն կարող են զրկել ՀՀ քաղաքացիությունից։ Նախատեսված չեն նման մեխանիզմներ Սահմանադրության մեջ եւ ընդհանրապես որեւէ օրենքով։ «ՀՀ քաղաքացուն Հայաստանի տարածքում հնարավոր չէ զրկել ՀՀ քաղաքացիությունից։ Բայց իրենք չեն հայտարարում, որ զրկում են ՀՀ քաղաքացիությունից, ասում են՝ դուք պետք է ստանաք ՀՀ քաղաքացիություն կամ փախստականի թուղթը, որը շատ անհասկանալի մի բան է։ Սա նույն բանն է, ինչ բոլշեւիկյան իշխանություններն անում էին 1920-ականներին Ստալինյան բռնաճնշումների ժամանակ։ Երբ բռնաճնշումների փուլը նոր-նոր էր սկսում, հայտարարեցին, որ բնակչության շատ մեծ շերտեր ձայնազուրկ են, իրավունք չունեն մասնակցելու խորհրդային Ռուսաստանի ընտրություններին։ Այ մենք հիմա գործ ունենք նույն երևույթի հետ, 100 հազարից ավելի արցախցիների դարձնում են ձայնազուրկ՝ խաբելով, մասամբ նաեւ պարտադրելով՝ սպառնալով զրկել ինչ-որ նյութական օգնությունից։ Այն անհասկանալի թուղթը, որն ստորագրում են արցախցիները, ըստ էության այդ թղթով հրաժարվում են իրենց բոլոր քաղաքացիություններից, այսինքն՝ հայտարարում են, որ չունեն քաղաքացիություն։ Սա ի՞նչ է նշանակում, փաստորեն մարդկանց ստիպում են ստորագրել, որ իրենք նաեւ Արցախի քաղաքացի չեն։ Այսինքն՝ սա Արցախի պետականությանը հասցվող լրացուցիչ հարված է, խլում են քաղաքացիությունը»,- ասաց նա։

Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ սա խախտում է նաեւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները։ Հայաստանը միացել է միջազգային կոնվենցիաների, որոնցով մասնակից երկրները պետք է ամեն ինչ անեն, որ թույլ չտան աշխարհում քաղաքացիություն չունեցող անձանց թվի ավելացումը։ «Իսկ հիմա օրենքի տեսանկյունից լրիվ անտրամաբանական որոշմամբ հայտարարում են, որ 100 հազարից ավելի մարդ քաղաքացի չեն։ Մենք ըստ էության գործ ունենք հանցագործության հետ, սա հանցագործություն է, եւ ժողովրդավարական երկրներում, որտեղ նորմալ գործում են օրենքները, քննչական մարմիններն ու ԱԱԾ-ն մի քանի քրեական վարույթ կհարուցեին։ Սա եւս մեկ ապացույց է, որ մենք ապրում ենք ոչ ժողովրդավարական երկրում։ Փաստորեն մեկ անձ որոշում է, որ կարող է 100 հազարից ավելի մարդու զրկել քաղաքացիությունից, իրենք քաղաքացիական իրավունքներից»,- հավելեց Վրթանեսյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031