Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկայինը բանկերից կստանա հարկ վճարողի բանկային հաշվի ամփոփ տեղեկատվությունը

Հունվար 10,2024 15:15

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում դրական եզրակացություն տրվեց Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծին։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով հարկային մարմինը էլեկտրոնային համակարգով բանկերից ՀՀ Կենտրոնական միջոցով ստանալու է հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկատվությունը։

«Եկամուտների հայտարարագրման համակարգին զուգահեռ՝ նաեւ սահմանում ենք ֆիզիկական անձանց հաշվի քաղվածքները հարկային մարմնին տրամադրելու պարտականություն, որպեսզի հարկային մարմինն, ըստ էության, հնարավորություն ունենա սահմանելու հսկողություն հայտարարագրերում արտացոլված եկամուտների եւ հարկերի ճիշտ հայտարարագրման ուղղությամբ։ Նախատեսվում է նորմ՝ բանկային հաշվի քաղվածքը չտրամադրելու դեպքում այն դատարանի որոշման հիման վրա ստանալու հնարավորություն։ Այս նախագիծը երկար քննարկվել է ԿԲ եւ կառավարության գործընկերների հետ, ամբողջությամբ համաձայնեցված է։ Սրա նպատակը հարկային հսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության շրջանակի ընդլայնումն է եւ դա ռիսկերի համակարգի հետ ինտեգրումը։ Մենք ոչ թե վերցնում ենք անհատական գործարքների մասին տեղեկություններ, որոնք ավելի շատ անձնական տվյալներ են պարունակում, այլ մենք ընդամենը բոլոր հարկ վճարողների մասին տարեկան ամփոփ տվյալներ ենք հավաքագրում, որը կարող ենք համադրել էլեկտրոնային մեր համակարգերում ներկայացված հաշվարկներում արտացոլված եկամուտների հետ։ Եվ եթե որոշակի ռիսկեր ի հայտ գան, արդեն հետագա մեր հարկային վարչարարության պլանավորման նպատակով ենք օգտագործելու»,- ասաց Բադասյանը։

«ՊԵԿ-ը մեկ անգամ եւս պետք է վերահաստատի, որ եկամուտների հայտարարագրերն ընդհանուր հասանելիություն չունեն։ Այդ հարցը զարմանալիորեն շատ է հնչում, չնայած այդ մասին ասել ենք, որ ի տարբերություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերի, այս հայտարարագրերի համար հասանելիություն ունի միայն ՊԵԿ-ը եւ տվյալ անձը, ով հայտարարագիր է լրացնում։ Բանկային գաղտնիքի մասով դա էլ ֆիքսենք, որ ոչ թե հարկային մարմինը կամ հարկայինի աշխատողը հասանելիություն է ստանում մարդու հաշվի տեղաշարժերին, ինչ աղբյուրներից եկավ, ամեն մեկից ինչքան եկավ գործարքներին, այլ ստանում է երկու ընդհանուր թիվ՝ տարվա ընթացքում ընդհանուր ինչքան մուտք է եղել եւ ինչքան ծախս է կատարվել։ Եվ այդ երկուսը համադրելով իր ունեցած մնացած ինֆորմացիայի հետ, եթե կարիք լինի, դուք արդեն լրացուցիչ գործողությունների կարող եք գնալ։ Դա՞ է ամբողջ իմաստը»,- ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Ռուստամ Բադասյանն ասաց, որ ամբողջ իմաստը դա է։ «Ձեր նշած երկու հարցրերն իրար հետ փոխկապակցված են, որովհետեւ ֆիզիկական անձի դեպքում մենք ոչ թե ստանում ենք բոլոր ֆիզիկական անձանց բանկային գաղտնիք պարունակող ընդհանրական բնույթի տեղեկությունները, այլ բացառապես հայտարարատու անձանց։ Եվ ինքը կապված է հայտարարագրման համակարգի հետ։ Մենք մինչեւ 2026 թվականը փուլ առ փուլ ներդնելու ենք հայտարարագրման համակարգը եւ ստանալու ենք այնպիսի բանկային գաղտնիք պարունակող ընդհանրական բնույթի տեղեկություններ, որոնք վերաբերելու են հայտարարատուին։ Մենք չունենք որեւէ իրավասություն եւ չենք տեսնում ֆիզիկական անձի կատարած անհատական գործարքները՝ ինչ վճարում կատարեց, որտեղ վճարումը կատարեց, երբ կատարեց։ Այդ տեղեկությունները մեզ հասանելի չեն, հասանելի են դառնում տվյալ հայտարարատու անձի մուտքը հաշվին, ելքը հաշվից, որպեսզի հայտարարագրում նշված որոշակի տեղեկությունների հետ համադրենք, եւ եթե ի հայտ գան որոշակի ռիսկեր, հետագա վարչարարություն անենք»,- հավելեց ՊԵԿ նախագահը։

Ինչ վերաբերում է հայտարարագրերին՝ Ռուստամ Բադասյանն ասաց․ «Վերահաստատում եմ, դրանք փակ են, հրապարակման ենթակա չեն, որևէ պարագայում օրենքը չի սահմանում որեւէ դեպք, երբ հայտարարագիրը կարող է հրապարակային դառնալ»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031