Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հայաստանի իշխանության պահվածքը Ադրբեջանի հետ բանակցություններում կարելի է որակել որպես ստորաքարշության դրսեւորումներ»․ Տիգրան Աբրահամյան

Հունվար 18,2024 14:35

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հույս ունի, որ Բաքվից հնչող հայտարարությունները խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելու նպատակ չունեն։

«Ադրբեջանից հնչող հայտարարություններն առաջին հերթին ես դիտարկում եմ որպես պրեսինգ Հայաստանի իշխանությունների նկատմամբ՝ ադրբեջանական օրակարգն առավելագույն հնարավորություններով իրացնելու եւ Ադրբեջանի պահանջները բավարարելու տեսանկյունից։ Ըստ էության, ի՞նչ է ասում Ադրբեջանը։ Ադրբեջանը Հայաստանից կարճաժամկետ կտրվածքով առաջնահերթ պահանջում է հայտնի 8 գյուղերը, որոնցից 4-ն ունեն անկլավի կարգավիճակ։ Երկրորդ, ցանկանում է կարճաժամկետ կտրվածքով փաստաթղթավորված ստանալ նաեւ 2021-2022 թվականների ընթացքում ադրբեջանական զորքերի կողմից ՀՀ տարածք ներխուժումների լեգիտիմացումը, որը տարբեր գնահատականներով՝ 200 քկմ-ից ավելի տարածք է կազմում»,- ասաց նա։

Ըստ Աբրահամյանի՝ Ադրբեջանը փորձում է հընթացս հնարավորություններ ստեղծել, այդ թվում՝ Հայաստանի տարբեր կոմունիկացիաների, կարեւոր ռազմավարական ուղղությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու առումով, որպեսզի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակի դասավորման պայմաններում կարողանա նաեւ իրացնել այն ամենը, ինչի մասին շատ բաց տեքստով խոսում է՝ ընդհուպ Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի, Սեւանա լիճ մուտք ունենալու հետ կապված։

«Դեռ չեմ խոսում այն հայտարարությունների մասին, որոնք ուղիղ վերաբերում են Երեւանին»,- ասաց նա։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ իշխանություններն ամենադաժան ու ամենաանբարոյական միջոցներն են օգտագործում, երբ թեման վերաբերում է ներքաղաքական իրադարձություններին, հատկապես իշխանության պահպանման հետ կապված հարցերին։ Որպես դրա հետեւանք՝ Հայաստանում մեծ թվով քաղբանտարկյալներ կան՝ սկսած Արմեն Աշոտյանից, որն իր քաղաքական բառապաշարի ու ընդդիմախոսության պատճառով այսօր ճաղերի հետեւում է։

«Իսկ իրականության մեջ Հայաստանի իշխանությունների պահվածքը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում կարելի է որակել որպես ստորաքարշության դրսեւորումներ, որովհետեւ Ադրբեջանի իշխանությունը նախագահի մակարդակով հատկապես 2020 թվականից հետո փորձում է ամենավերջին վիրավորական արտահայտություններով խոսել ոչ միայն իշխանության տարբեր դեմքերի, այլ նաեւ հայ ժողովրդի նկատմամբ։ Իսկ Հայաստանի իշխանությունների կողմից հատկապես վերջին երեք տարիների ընթացքում դրան ադեկվատ որեւէ գնահատական կամ պահվածք չեմ տեսել»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031