Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտագրվել է 9672 դիմորդ. ԳԹԿ տնօրենի տեղակալ

Հունվար 18,2024 15:27

«Առաջին անգամ բուհերի ընդունելության քննություն կազմակերպվել է 2023թ.: Ընդունելության կարգում կատարվեցին էական փոփոխություններ, եւ դրանցից մեկը եղավ այն, որ դիմորդ-շրջանավարտը իրավունք էր ստանում 2 անգամ հանձնել ընդունելության միասնական քննություն: Նախկինի նման` այժմ շարունակում է մեկ ընդունելության քննության մնալը՝ ներբուհականով դիմած դիմորդների համար. արվեստի, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի ուղղվածություն ունեցող բուհերի համար դիմորդները հանձնում են մեկ քննություն:

Ի տարբերություն այդ դիմորդների՝ միասնական քննություն հանձնող դիմորդները նույն առարկայից կարող են հանձնել 2 քննություն: Այդ քննությունները կազմակերպվում են հունվարին, եւ ամռան ամիսներին՝ հունիս-հուլիսին»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը՝ տեղեկացնելով, որ հունվարի 20-ից մեկնարկում է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը:

Նրա խոսքով. «2022թ ընդունելության կարգով տեղի է ունեցել եւս մեկ լուրջ փոփոխություն: Եթե նախկինում դիմորդները բուհ ընդունվելիս մեկ մասնագիտության համար կարող էին հանձնել 2, 3 կամ 1 ընդունելության քննություն, ապա ստեղծվել է մեկնարկային հավասար դաշտ, եւ դիմորդները 2 քննություն են հանձնում բուհ ընդունվելու համար: Անցյալ տարի առաջին անգամ հունվարին կազմակերպեցինք միասնական ընդունելության քննություն: Անցյալ տարի ասել էի, որ մեզ համար անակնկալ էր դիմորդների նման թիվը հունվար ամսվա համար (այն ժամանակ 6856 դիմորդ ունեինք), բայց փորձը ցույց տվեց, որ այդ որոշումը ճիշտ էր դիմորդի, նրա ծնողի համար: Այս անգամ հայտագրվել է 9672 դիմորդ: Եվ եթե այդ թիվը վերածենք դիմորդ-քննության, կստացվի 16924: Այնպես որ՝ 16924 պատասխանների ձեւաթուղթ-թեստ մտնելու է ԳԹԿ, դրանք ստուգվելու են, եւ արդյունքները հրապարակելու ենք»:

Կարո Նասիբյանը հավելեց, որ առաջին փուլում դիմորդները հանձնում են միայն առարկայական քննություն՝ առանց նշելու բուհ եւ մասնագիտություն, ուղղակի իրենց նախընտրած մասնագիտության համար հնարավորություն է տրվում քննություն հանձնել: «Եթե համեմատենք 2023 եւ 2022թթ ընդունելության քննությունների արդյունքները, ապա կտեսնենք, որ 2023թ ամառային քննությունների արդյունքները ինչ-որ չափով բարձր են:

Հունվարին քննություն հանձնածների 87,8 %-ը նորից մասնակցել է հունիսին կազմակերպվող քննություններին, եւ միայն 800 դիմորդներ են բավարարվել իրենց գնահատականներով ու դիմում չեն ներկայացրել ամառային քննություններին մասնակցելու համար: Այսինքն 800 դիմորդ ստացել է դրական գնահատական, եւ դրանք իրենց բավարարել են բուհ դիմելու եւ մրցույթով անցնելու համար»:

ԳԹԿ փոխտնօրենի խոսքով, եթե անգլերեն հանձնողների թիվն անցյալ տարի եղել է 3138, այս տարի 5045 է, ինչը համարյա հավասար է հունիսին քննություն հանձնողների թվին, մաթեմատիկան անցյալ տարի եղել է 2949, այս տարի՝ 4198: Երրորդ տեղում հայոց լեզու, հայ գրականություն առարկան է, որ անցյալ տարի եղել է 2018, իսկ այս տարի՝ 3242:

Պարոն Նասիբյանը նշեց, որ ամենաքիչ դիմորդները աշխարհագրություն, ֆրանսերեն, գերմաներեն եւ իսպաներեն առարկաներից են: Ընդ որում, իսպաներենից ընդամենը 1 դիմորդ կա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031