Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Թումանյան․ Մեղրին պահում են դատարանն ու կադա՞ստրը․ «Հրապարակ»

Հունվար 20,2024 10:15

Մեղրիում տիրող իրավիճակի մասին խոսեցինք նախկին քաղաքապետ, ավագանու ՔՊ-ական անդամ Արարատ Թումանյանի հետ։ Նա միշտ ապրել է Մեղրիում, թեեւ նրա խոսքը մեզ զգուշավոր թվաց, նա լավ տեղյակ է Մեղրիի «կնճիռներից»։ Քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո նա բիզնեսով է զբաղված, նաեւ Մեղրիի կարատեի դպրոցի հովանավորն է։ «Առաջնորդվում եմ սկզբունքով, որ ուժեղից է խույս տալիս պատերազմը։ Մեր երեխաներին փորձի փոխանակման համար տանում ենք զորամաս, խրամատափորում, այլ հմտություններ են ձեռք բերում»,- ասում է նա։

– Բայց Մեղրիի զորամասն էլ են փակում, իբր՝ զորամասերը խոշորացնում են, բա որտե՞ղ են երեխաները սովորելու այդ ամենը։

– Դա սուտ է։ Զորամասը տեղակայված է այն քաղաքում, որտեղ ես եմ ապրում։ Գունդը բրիգադ է դարձել, որն ավելի մեծ ստորաբաժանում է, ինչի՞ մասին է խոսքը։

– Կադաստրն ինչո՞ւ է փակվում։

– Ձեւափոխվում է, ոչ թե փակվում։ Պետությունը հաստիքներ է կրճատելու, եւ կադաստրին տրամադրվելու է գրասենյակ համայնքապետարանում։ Անիմաստ հաստիքները, որոնք բյուջեից անիմաստ վճարվում են, կրճատվելու են։

– Դատարանում էլ քիչ դատեր են լինում, ասում են՝ դրա համար են փակում։

– Ճիշտ են ասում։ Ես կուզեմ, որ Մեղրիում ոչ միայն դատարան, այլեւ դատախազություն լինի, բայց եկեք սենց մտածենք՝ դատարանի շենքի պահպանության համար պետությունն ահռելի ծախս է անում՝ ջեռուցում, էլեկտրականություն եւ այլն։ Դատավորը քաղգործեր է հիմնականում նայում այնտեղ եւ կարող է տարեկան մոտ 5 գործ ունենալ՝ ամուսնալուծություն, ալիմենտ։ Դատարան պահելու համար պետությունը բավականին ծախս է տեսնում։ Մեզնից 70 կմ այն կողմ Կապանն է, մարդիկ կգնան այնտեղ։

– Հարկայինն ինչո՞ւ է փակվել։

– Թվայնացնում են որովհետեւ։ Պարտադիր չէ, որ գործարարն իր թղթերով գնա հարկային, հարկերը վճարվում են առցանց, էլեկտրոնային տարբերակով։ Ես հասկանում եմ, թե Մեղրիի մասին ինչու են էս ելույթները, բայց ես Ձեզ հարց տամ․ Մեղրին պահում են դատարանն ու կադա՞ստրը։ Իհարկե՝ ոչ։

– Մտահոգիչ չէ՞, որ պետական հիմնարկներ են փակվում։

– Չեն փակում, տրանսֆորմացնում են։ Իմաստը ո՞րն է՝ շենքեր պահել, որտեղ ամեն մեկում երեք կոֆե խմող աղջիկ է նստած։

– Լավ, դիահերձարան ինչո՞ւ չունեք։

– Ես երկու տարի առաջ, երբ քաղաքապետ էի, հանդիպել եմ առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ։ Խնդիրը ոչ թե այն է, որ պետությունը չի ուզում, որ Մեղրի համայնքը դիահերձարան ունենա, այլ չկա մեկը Մեղրիում, որ սովորի ու դառնա դիահերձող եւ դատական բժիշկ։ Հանդիպել եմ նաեւ բժշկականի դիմորդների հետ, հորդորել եմ, որ դատաբժիշկ դառնան։ Չեն գնում։ Մեկը զզվում է, մեկը վախենում է, մեկի ամուսինը չի թողնում։ Եղել է մի իգական սեռի ներկայացուցիչ, որ համաձայնել է, բայց եղբայրն ասել է՝ ո՞նց, դու պետք է տկլոր տղամա՞րդ տեսնես։ Ազգային մտածողության հարց է։

– Բժշկական կենտրոնն ի՞նչ վիճակում է՝ չունի ջեռուցման համակարգ, ապարատուրա։

– Լավ վիճակում է, դա սուտ է։ Եվրոպական ծրագրով շատ լավ բաժանմունք են սարքել։ Կան մարդիկ, որ հավատում են լուրերին, թե Մեղրին ուզում են դատարկել։ Բայց եթե ուզում են դատարկել, ինչո՞ւ են ներդրումներ անում։ Կառավարության ծրագրերով միլիոնավոր դրամների սուբվենցիաներ են անում։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031