Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գործունեությամբ կարող է զբաղվել ցանկացած հոգևորական, որն իր մեջ զգում է այդ էներգիան, որը տեսիլք ունի

Հունվար 24,2024 12:49

Մասնավորապես իշխող կուսակցության ներկայացուցիչներից հաճախ ենք լսում այն թյուր միտքը թե, հոգևորականները քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունեն, հիմնավորելով եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու հանգամանքը։ Այդպես ասելով նախ փաստում ենք պետության գոյությունը, որի հիմնական գործառույթն է ապահովել իր քաղաքացիների մտավոր, ֆիզիկական և հոգևոր անվտանգությունը։ Բոլորս էլ երջանիկ կլինեինք, եթե այդ գործառույթները իրականացվեին թեկուզ և շատ դանդաղ, բայց, ցավոք սրտի, պետությունը դժվարանում է այդ գործում։

Հիմա ի՞նչ պետք է անի Եկեղեցին այս պարագայում։ Կարծում եք՝ այն իշխանավորները, ովքեր պնդում են, որ Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, կասեի՞ն այդ նույն բանը, եթե Եկեղեցին ոչ թե քննադատեր նրանց, այլ գովաբաներ, ոչ, նրանք չէին ասի այդպես, այլ հակառակը, կասեին, բա, իհարկե, եկեղեցին հո միայն ազգի ծիսական, հոգևոր-դաստիարակչական գործերով չպիտի՞ զբաղվի, եկեղեցին պետք է մտահոգ լինի նաև ազգի բարեկեցիկ ու անվտանգ կյանքով։ Հիմա մենք հակառակ պատկերն ունենք։

Գենադի Մնացականյան

Ամբողջ կյանքն է քաղաքականություն։ Ինչո՞ւ եք զարմանում կամ զայրանում այն բանի համար, որ առաջադեմ հոգևորականությունը ի դեմս Վեհափառի պաշտպան է կանգնում իր հոգևոր զավակներին, իր ծուխի անդամներին և վերջապես իր ժողովրդին։ Մեր բոլոր կաթողիկոսներն ու եկեղեցու հայրերը, սկսած Գրիգոր Լուսավորչից, առանց դույզն ինչ թերանալու իրենց հոգևոր գործառույթներում, ի հարկի զբաղվել են քաղաքականությամբ։ Որևէ մեկը կհանդգնե՞ր Ներսես Շնորհալուն, Ներսես Լամբրոնացուն, Ներսես Աշտարակեցուն, Խրիմյան Հայրիկին կամ հենց Վազգեն Առաջինին ու Գարեգին Առաջինին արգելել զբաղվելու քաղաքականությամբ։ Կամ ի՞նչ է նշանակում չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, իսկ միգուցե Հռոմի Պապի՞ն էլ արգելեք քաղաքականությամբ զբաղվել։ Ինչպես ասացի, ամբողջ կյանքն է քաղաքականություն, ուրեմն ի՞նչ, չապրե՞ն մարդիկ,

Այո, կաթողիկոսը քաղաքական գործիչ է ի պաշտոնե և այստեղ օրենքի հետ որևէ խնդիր չկա։ Քաղաքական գործունեությամբ կարող է զբաղվել ցանկացած հոգևորական, որն իր մեջ զգում է այդ էներգիան, որը տեսիլք ունի։ Փառք Տիրոջը, այսօր ունենք այդպիսի հոգևորականներ և լռեցնել ոչ մեկին չեք կարող, որովհետև, ինչպես ասված է, եթե նրանք լռեն, ապա քարերը կաղաղակեն։ Ուստի ավելի լավ է ականջալուր եղեք մեր հոգևոր առաջնորդներին ու մի ասեք թե հոգևորականները քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունեն, ունեն և զբաղվելու են, և այդ գործունեությունն իր անունն ունի, այն կոչվում է եկեղեցա-քաղաքական գործունեություն, որով, ինչպես վերը նշեցի, զբաղվել են բազմաթիվ մեր եկեղեցական հայրերը՝ սկսած չորրորդ դարից առ այսօր։ Եկեղեցա-քաղաքական գործիչներ են բոլոր կաթողիկոսները։

Պարզապես ձեր մեծամտությունն ու փոքրոգությունն է արգելափակել Հայ եկեղեցու Վեհության ճանաչումը, հարևանի հետ պատրաստ եք խաղաղության պայմանագիր կնքել զիջելով այն, ինչը անձնապես ձերը չէ, բայց Հայ Առաքելական Եկեղեցու հետ չեք ցանկանում հաշտ համագործակցել՝ զիջելով այն ինչը ձերն է անձնապես, այսինքն` ձեր հիվանդագին ինքնասիրությունն ու մեղսավոր հպարտությունը։

Դուք կծկված գնացիք ու բռնեցիք մեկ այլ հարևանի ձեռքը, բայց խոնարհությամբ չեք ցանկանում այցելել հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու նրա օրհնությունը։ Եկեղեցու գիրկը միշտ բաց է ընդունելու իր մոլորյալ զավակներին, ձեզ շատ բան պետք չէ անել, պարզապես դարձի եկեք ու գոնե այդպես ազգին ուրախանալու ու մեջքն ուղղելու առիթ տվեք։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031