Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գտնում ենք, որ Մհեր Ենոքյանը պետք է լինի անազատության մեջ․ նա չէր կարող փոխվել»․ Ելենա Աղաջանովա

Հունվար 31,2024 12:20

«Մենք գտնում ենք, որ Մհեր Ենոքյանը պետք է լինի անազատության մեջ․ նա չէր կարող փոխվել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 1996-ին դաժանորեն սպանված ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան՝ անդրադառնալով Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում երեկ քննվեց ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովին 1996 թվականին սպանելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ հարցը։

Ելենա Աղաջանովան գտնում է, որ Մհեր Ենոքյանի կրած պատիժը դեռ բավական չէ․ «Մահապատիժ էր նշանակված, ամեն օր Աստծուն պետք է շնորհակալություն հայտնի, որ մահապատիժը փոխվեց ցմահ ազատազրկման։ Ինքը հիմա սովորում է, միջոցառումների մասնակցում, աշխատում, մարդկանց հետ է շփվում։ Էլ դրանից ավել ի՞նչ պիտի լինի»։

Ըստ Ելենա Աղաջանովայի՝ մարդասպանը պիտի իմանա, որ պատիժ կրելու է․ «Հիմա, որ բոլորին բաց թողնեն, ո՞վ պետք է հետո վախենա արդարադատությունից կամ պետությունից»։

Նշենք, որ Մհեր Ենոքյանը և նրա կինը, նրա շահերի պաշտպան Զարուհի Մեժլումյանը ժամանակին առաջարկել էին քրեական գործը վերաբացել, մինչդեռ Ելենա Աղաջանովան դեմ է, որ գործը վերաբացվի․ «Մեր էրեխեն չկա, մասնակցել են այդ երկու հոգին, նրանք են մեղավոր։ Եթե այնտեղ լիներ ինչ-որ երրորդը, վաղուց արդեն նրա մասին ասած կլինեին, բերման ենթարկած կլինեին։ Այս երկուսն են եղել։ Գործը վերաբացում են, երբ ինչ-որ նոր բան կա, որի համար արժի գործը վերաբացել։ Մենք անգամ չենք իմացել, որ դիմել են գործը վերաբացելու։ Երբ դատը լինում էր, մեկ-երկու անգամ մենք դատարանից նամակ ենք ստացել, այն ժամանակ՝ մի 10 տարի առաջ մամուլից չէինք իմանում, նման բան չկար, հիմա ենք սկսել իմանալ մամուլից։ Երբ անցյալ տարվա օգոստոսին դատ էր ազատ ռեժիմի տեղափոխելու մասին, մենք դա իմացանք ֆեյսբուքից՝ պատահական․ մեզ չէին տեղեկացրել այդ դատի մասին։ Իհարկե, հնարավորություն ունեցանք մասնակցել և հասկանալ, թե ոնց եղավ, որ երբ քրեակատարողական հիմնարկը դեմ էր, որ Մհեր Ենոքյանն ավելի ազատ ռեժիմի անցնի, երբ դատախազությունը դեմ էր, դատավորը որոշեց, որ իրեն պետք է անցկացներ։ Մեզ նույնիսկ չտեղեկացրին։ Դրա համար ինչքան էլ մենք ուզում ենք դեմ լինել, բայց, ցավոք, մենք չենք որոշողը»։

Ելենա Աղաջանովան հիշեցնում է, որ 4-5 ամիս առաջ, երբ կրկին դիմել էին Մհեր Ենոքյանին վաղաժամկետ պայմանական ազատ արձակման համար, մերժվել էր և չի կարծում, որ այս ամիսների ընթացքում ինչ-որ բան կարող էր փոխվել․ «Այդ ամիսների ընթացքում պիտի շատ էական բանե՞ր փոխվեին։ Իհարկե, ոչ։ Հիմա իրենք փորձում են ներկայացնել, որ շատ ակտիվ սոցիալական կյանք ունի․ մասնակցում է միջոցառումների, բայց դա չի նշանակում, որ մարդը փոխվել է։ Ես, լինելով բժիշկ, բավականին կյանքի փորձ ունեցող մարդ, ասում եմ՝ ոչ մեկը չի փոխվում։ Մարդ իր էությունը չի կարող փոխել․ կարող է մի բանը ծածկած պահել, մի բանն ավելին ցույց տալ, բայց մարդը երբեք չի փոխվում։ Եթե 20 տարեկանում կարողացել է նման ծանր հանցագործության գնալ դիտավորյալ, այսինքն՝ պլանավորել ու կատարել, այս տարիների ընթացքում նաև կրթություն ստանալով՝ էլ ավելի խելացի կմոտենա ամեն ինչին, ավելի երկար կմտածի։ Ինչ-որ մի բան ավելի խելացի կդասավորի՝ խոսքն ու ամեն ինչը։ Ինքն այդ ունակություններն ունի։ Բայց երբևէ ոչ մի մարդու նկատմամբ չեմ կարող ասել, որ մարդ փոխվում է։ Երեխան ոնց ծնվի, փոքր ժամանակ՝ մինչև 3-4 տարեկան ինչպես որ կա, նույնը կլինի 20, 40 տարեկանում։ Որոշ բաներ կարող է փոխվեն, բայց էությունը կմնա նույնը։ Ոչ մեկը չի փոխվում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Ելենա Աղաջանովայի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gohar says:

    ․․․Եթե 20 տարեկանում կարողացել է նման ծանր հանցագործության գնալ դիտավորյալ”,— այսինքն ապագա բժիշկի մեջ նստած է եղել ներկա մարդասպանը։ Ով որ կողմ կլինի ազատություն տալուն, թող իրեն դնի նման իրավիճակի մեջ։ Դու կարող ես՞ դիտավորյալ մեկին դանակահարել։ Չեմ ասում դաժանորեն, այլ սոսկ մի անգամ հարվածել։ Իսկ նա՞ ․․․խոշտանգել է եվ այն էլ ում՞ , ընկերոջը։ Նա պետք է մեռնի՛ բանտում։

  2. Nonna says:

    Պետությունը ոչ թե վենդետտա պետք է իրականացնի, այլ արդարադատություն և առաջնորդվի ոչ թե տուժողի հավերժ վրեժի զգացումով, այլ սեփական իրավական կարգավորումներով, որպեսզի լինի մոտիվացիա ցանկացած հանցանք գործած անձի համար փոխվելու և հասարակություն վերադառնալու։ Իսկ այս դեպքում մենք գործ ունենք կույր վրեժի ․․․․ ու պետության բացակայության հետ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031