Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկայում կյանքը ցույց կտա՝ մենք Գյումրին հանձնե՞լ ենք, թե՞ ոչ»․ Շիրակի մարզպետն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին

Փետրվար 02,2024 17:23

Այսօր Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն իր պաշտոնավարման մեկ տարվա առիթով մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ոլորտ առ ոլորտ մանրամասն ներկայացնելով կատարված աշխատանքներն ու անելիքները։

2023 թվականը նա որակեց «տքնաջան աշխատանքի, մարտահրավերների, դրանց հաղթահարման ու միաժամանակ լուրջ ձեռքբերումների տարի»։

Մարզպետը նշեց, որ քաղաքաշինության բնագավառում 2023 թվականին կատարվել է 19 մլրդ 661 մլն դրամի կապիտալ ներդրում, որը 4,5 մլրդ դրամով ավելի է 2022-ի համեմատ։

«Գումարային առումով բաշխվածությունը տեսնում եք, աճ կա թե՛ բնակարանաշինությանն ուղղված գումարներում՝ շուրջ 1 մլրդ դրամ ավելի, թե կրթական, մշակութային և մարզական օբյեկտների շինարարության մեջ՝ 1,2 մլրդ․ դրամով։

Բոլոր աշխատանքներում գումարների աճի դրական դինամիկա կա։ Բնակարանաշինության մասով ասեմ՝ 4 բնակելի համալիրների կառուցման աշխատանքներ են մեկնարկել 507 բնակարաններով, 11 կրթական և 1 մարզական օբյեկտների կառուցման աշխատանքներին 2023-ին ուղղվել է 3 մլրդ 106 մլն դրամ։

Մեծամասշտաբ ծրագրերից կառանձնացնեմ «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» շինարարությունը, որի համար հատկացվել է 6.4 մլրդ դրամ, (2023թ՝ 1.3 մլրդ դրամ), ավարտը նախատեսվում է 2026-ին։

Կապիտալ ներդրումների առյուծի բաժինը ճանապարհաշինական աշխատանքներինն է՝ 10 մլրդ 100 մլն-ից ավելի, որը 2022-ի համեմատ 29,5 տոկոսով ավելի է», ասաց մարզպետը։

Նա անդրադարձավ նաև քաղաքական հարցերի։

Aravot.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Գյումրիում շրջանառվող խոսակցությունները, թե «Բալասանյան դաշինքի» հետ հուշագիրը խզած ՔՊ-ն հանգիստ չի նստի, առաջիկայում իշխանափոխություն կիրականացնի Գյումրիում, կհարկադրի համայնքապետ Վարդգես Սամսոնյանին հրաժարական տալ, վարչապետն էլ համայնքապետի ժ/պ կնշանակի, գյումրեցիներն արդեն իսկ անուններ են նշում, Շիրակի մարզպետը պատասխանեց․ «Մենք Գյումրիում ընդդիմություն ենք, ընդդիմության նպատակը մեկն է՝ ընդդիմությունն ամեն քայլ անում է, որ ժամանակի ընթացքում դառնա իշխանություն։

Բազմաթիվ համայնքներ կան, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանություն չէ տվյալ համայնքում, բայց մենք կենտրոնական իշխանություն ենք, մեր բոլոր ծրագրերը պետք է իրականացնենք, պետք է կատարենք մեր աշխատանքը, պետք է կատարենք ավելի պահանջատեր լինելու, ավելին անելու մղումով։ Ժամանակը կգա, երբ որ հասունացավ այն պահը, որ մենք պետք է նոր ընտրություններ կազմակերպենք, գնանք իշխանափոխության, դա արդեն կյանքը ցույց կտա։

Այսպես ասեմ՝ ժամանակի հարց է, պետք է գանք, հասնենք այդ փուլին, երբ որ այդ պահը հասունացավ, բնականաբար առողջ քաղաքական պրոցես է, երբ այն հասունացավ, մենք մեր գործողությունները կկատարենք, ինչպես կատարում են այն քաղաքական ուժերը, երբ որ պահը հասնում է»։

Մուշեղ Մուրադյանը, խոսելով Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի հետ իր հարաբերությունների մասին, ասաց, որ աշխատանքային պաշտոնական հարաբերություններում շփվում են, աշխատում են միասին։

«Մեր գործողություններից չի կարող տուժել որևիցե մի բնակիչ, այդպիսի բան չկա։ Ինչ վերաբերվում է բնակչի շահին, այստեղ կողմ ու դեմ, իրար հակառակորդ հասկացություն գոյություն չունի։ Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր բնակիչը, եթե խնդիր ունի, օր առաջ լուծում ստանա, փոխգործակցված աշխատանք կատարվում է՝ պաշտոնական լիազորությունների շրջանակում»։

Պատասխանելով այն հարցին էլ, թե ՔՊ-ի հետ հուշագրի խզումից հետո «Բալասանյան դաշինքը» լծվել է քաղաքը տնակներից ազատելուն․ անօթևաններին ծանուցագրեր են ուղարկում, կենտրոնական շուկայի տարածքում կրպակներ են ապամոնտաժում, արդյոք սրանով «Բալասանյան դաշինքը» ցույց չի տալիս, որ նորմալ աշխատելու համար իրեն ՔՊ-ն էր խանգարում, Մուշեղ Մուրադյանը պատասխանեց․ «Ես այսպես բնութագրեմ՝ թող լավ անեն, չուզողը մենք լինենք։ Բայց կյանքը ցույց կտա, շտապել պետք չէ»։

Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, թե Շիրակի մարզում իշխանությունը թույլ է, Մուշեղ Մուրադյանը չհամաձայնեց լրագրողի բնութագրման հետ, ասաց, որ ինքը պարտություն չի ունեցել ու թվարկեց այն համայնքները, որտեղ ՔՊ-ն տեղի իշխանության ղեկին է։ Նա նշեց, որ ՔՊ-ն բացարձակ իշխանություն ունի Աշոցքում, նմանապես Անիում, Արթիկում, Ախուրյանում էլ իրենք իշխանափոխություն կատարեցին։ Նա ասաց՝ մարզի 6 խոշորացված համայնքներից 4-ում իշխում է ՔՊ-ն։

Լրագրողի դիտարկմանը, թե Գյումրին այնուամենայնիվ հանձնեցիք, մարզպետն այսպես արձագանքեց․ «Գյումրին հանձել-չհանձնելու մասին այսպիսի խոսույթն ինձ համար անընդունելի է։ Առաջիկայում կյանքը ցույց կտա՝ մենք Գյումրին հանձնել ենք, թե ոչ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829