Լրահոս
Օրվա լրահոսը

Մարությանը՝ ՔՊ-ականներին. «Կարո՞ղ է ձեր քաղաքական առաջնորդի հետ եք ինձ շփոթում, որ մի օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ լրիվ հակառակը»

Փետրվար 12,2024 23:30

Ֆեյսբուքի իր էջում Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ստի դետեկտոր հեշթեգով տեսանյութ է հրապարակել: «Այսօր մասնավորապես խոսելու ենք այն ստերի մասին, որոնք տարածում են ՔՊ-ականները: Ուզում եմ անդրադառնալ հատկապես իրենց վերջին ստին, խոսքը տրանսպորտի թանկացման մասին է, երբ իրենք հայտարարեցին իրենց անտաղանդ որոշման մասին, բնականաբար մեր խմբակցությունը շատ կոշտ արձագանքեց, իսկ ժողովուրդը մերժեց այդ խայտառակ որոշումը, ինչից հետո իրենք հետ քաշեցին այն ավագանու նիստից: Եվ ստիպված, որպեսզի տակից դուրս գան, սկսեցին իմ մասին տարածել կեղծ տեսանյութ, որում իբր ես պնդում եմ, որ տրանսպորտը պետք է թանկանա»,-ասաց Մարությանը:

Նրա խոսքով, ՔՊ-ականները կեղծ տեսանյութով ցանկացել են ցույց տալ, որ իբր ինքը ժամանակին կողմ է արտահայտվել հանրային տրանսպորտի թանկացմանը, մինչդեռ ՔՊ-ականների կողմից շրջանառվող տեսանյութը կտրված է իր ամբողջական հարցազրույցից, որը տրվել է իր՝ քաղաքապետ աշխատելու առաջին օրը:

Հայկ Մարությանը ցուցադրեց ամբողջական տեսանյութը՝ փաստելով, որ ՔՊ-ականները ստում են. « Ես տեսանյութում ասում եմ, որ երբ տրանսպորտը վերջնականապես կբարեփոխվի (իսկ այժմ այն շատ հեռու է վերջնական բարեփոխված վիճակից), ժողովուրդը, երեւանցիները հանրաքվեի միջոցով կորոշեն՝ ավել գումա՞ր են տալու տրանսպորտի համար, թե տրանսպորտը կսուբսիդավորի համայնքը: Ի դեպ, դա իմ առաջին աշխատանքային օրն էր որպես քաղաքապետ: Եվ երեք տարի աշխատելուց հետո ինձ համար ավելի քան պարզ է, որ տրանսպորտը պետք է սուբսիդավորվի, իսկ ժողովրդի համար գինը պետք է մնա նույնը, ինչի մասին անընդհատ խոսում եմ այս օրերին»:

Երևանի նախկին քաղաքապետն ասաց, որ այս պարզ օրինակով ցանկանում է ցույց տալ, թե ինչպես է ՔՊ-ն աղավաղում մարդկանց ասածները, գլխիվայր շրջում եւ տարածում ժողովրդի մեջ: Մարությանն ասաց, որ իր վերաբերյալ բազմաթիվ նման կեղծ ասեկոսեներ եւ տեսանյութեր կան, օրինակ տարածել էին, որ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: «Ամենազավեշտալին այն էր, որ տեսանյութերից մեկից ինձ հանել էին ու տեղը ոչինչ չէին դրել, ցույց տալով, որ ավտոբուսների հետ ես կապ չունեմ, պատկերացնում եք չէ՞ իրենք ուր են հասել, կադրից մարդ են հանում, դա էլ հերիք չի, ՔՊ-ականներով՝ իրենց վերնախավից մինչեւ իրենց ստորախավը տարածում էին դա»:

Նա անդրադարձավ նաեւ իր ՝ Ռուսաստանի գործակալ լինելու մասին ասեկոսեներին, ու փաստեց, որ դա ամենաշատը Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանն էր տարածում: «Դրանից հետո էլ տարածել էին, որ ես Արեւմուտքի շպիոն եմ: Մտածում եմ՝ էս գործելաոճը որտեղի՞ց եք վերցրել, կարող է ձեր քաղաքական առաջնորդի հետ եք ինձ շփոթում, որ մի օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ լրիվ հակառակը, վերջում էլ լրիվ ուրիշ բան է անում»,-հեգնեց Հայկ Մարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829