Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցի չեմպիոնը իր երազանքները վստահեց Սյունիքի մարզպետին

Մարտ 06,2024 14:24

Մարտի 4-ին օրվա վերջին ստացած հեռախոսազանգը զարմացրեց կապանցի եռացատկորդ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն, Բալկանյան խաղերի յոթակի չեմպիոն, Ռիոյի եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Լեւոն Աղասյանին։ «Սյունիքի մարզպետի օգնականը տեղեկացրեց, որ մարզպետը ուզում է հանդիպի ինձ հետ։ Զարմացա, քանի որ վերջին առաջնությունում երկրորդ տեղ եմ գրավել, ինձ համար, օրինակ, այդ արդյունքը գոհացուցիչ չի»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Լեւոն Աղասյանը։

Իսկ արդեն հանդիպմանը՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ հանդիպումը վաղուց էր ծրագրված, բայց ամեն անգամ ինչ-որ պատճառով հետաձգվում էր։

Նախ հյուրասիրություն՝ սուրճ, քաղցրավենիք, միրգ․ չեմպիոնը «համեստ» է այս հարցում․ լավ մարզավիճակ ունենալու համար պիտի զսպես քեզ ու սնվես ճիշտ սննդակարգով։

Մարզպետը Լեւոն Աղասյանին շնորհավորեց բազում հաղթանակների ու Հայաստանը տարբեր մրցաշարերում պատվով ներկայացնելու համար, որից հետո անդրադարձան չեմպիոնի մարզական ձեռքբերումների, Հայաստանում, մասնավորապես Սյունիքում թեթեւ աթլետիկայի զարգացման հնարավորությունների, դրան խոչընդոտող հանգամանքների մասին։

Լ․Աղասյանը պատմել է իր մարզվելու պայմանների, նաեւ զարգացած սպորտ ունենալու տեսլականի մասին, ներկայացրել առաջարկներ։

 

Ռոբերտ Ղուկասյանը հետաքրքրվելով՝ առաջիկա մրցաշարերին ներկայանալու, ինչպես նաեւ 2024-ի Օլիմպիական ամառային խաղերին մասնակցելու վարկանիշի ապահովման գործընթացով՝ հավաստիացրեց Լեւոնին, որ մարզային իշխանությունը չեմպիոնի կողքին է ու պատրաստակամ՝ անհրաժեշտության դեպքում աջակցել։

Եռացատկորդը խոսել է սպորտից դուրս իր երազանքների ու հոբբիի մասին եւս։

Հիշեցնենք, որ Լեւոն Աղասյանը զբաղվում է կաշվե իրերի արտադրությամբ՝ դրամապանակներ, քարտադարաններ ու արդեն գոտիներ է կարում։ Նա հիմնել է «Աղասյան» ապրանքանիշը։

 

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031