Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է լուծումներ գտնենք՝ նոր ճանապարհներ կառուցելով, ինչպես արել ենք Գորիս-Կապան ճանապարհի համար»․ Արսեն Թորոսյանի համոզմամբ՝ Հայաստանի շահերից է բխում սահմանազատումը սկսելը

Մարտ 19,2024 15:43

Սահմանազատումը խաղաղության գործընթացի ամենակարեւոր բաղկացուցիչներից մեկն է եղել եւ առաջին անգամ չէ, որ մենք խոսում ենք սահմանազատման անհրաժեշտության մասին․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց իշխող ուժի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով Տավուշի մարզում Ադրբեջանին գյուղեր հանձնելու մասին հարցին, ինչի համար էլ երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ եւ հանդիպում էր տեղացիների հետ։

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ սահմանազատումը տրամաբանական է սկսել Տավուշի հատվածից, Արսեն Թորոսյանն ասաց. «Ինչո՞ւ Տավուշից՝ կարող է ունենալ մի քանի հիմնավորում․ առաջինը՝ կարեւոր է այդ գործընթացը սկսել, որովհետեւ մենք կարող ենք հավերժ խոսել այդ գործընթացի մասին եւ երբեք դա չսկսել: Կարծում եմ, մեր շահերից է բխում այն սկսելը: Երկրորդը, սա կարող է նաեւ ձեր հարցի պատասխանը տալու եղանակը լինել, թե ի վերջո, ո՞ր քարտեզներով ենք իրականացնելու սահմանազատումը․ սա շատ սկզբունքային հանգամանք է մեզ համար: Սա նշանակում է, որ եթե մենք մի հատվածում իրականացնում ենք սահմանազատում դիցուք, 1974 թվականի քարտեզով, դա նշանակում է, որ մյուս հատվածներում էլ պետք է այն իրականացվի նույն քարտեզներով: Սա, միեւնույն է, պետք է բխի այն հիմնական սկզբունքից, որ երկու երկրները միանալով Ալմա-Աթայի հռչակագրին, ճանաչել են իրենց խորհրդային վարչական տարածքները որպես պետական սահմաններ եւ դրա հիման վրա պետք է կատարվի սահմանազատումը: Դա չի նշանակում նոր սահմանի ստեղծում, դա եղած սահմանի իրավական եւ գետնի վրա ամրագրումը պետք է լինի»:

Արսեն Թորոսյանը հայտարարեց՝ որեւէ վարչական տարածք կամ բնակավայր, որը Խորհրդային Հայաստանի սահմաններում է եղել, մենք չենք պատրաստվում որեւէ այլ երկրի տալ․ «Իսկ եթե սահմանագծման ընթացքում սահմանը կանցնի որեւէ տարածքով, որն այս պահին այս կամ այն կողմի տիրապետության տակ է, դա պետք է փոխադարձաբար երկու կողմերի միջեւ պայմանավորվածությամբ վերադարձվի այս կամ այն կողմի»։

Կարեւորելով, որ ի սկզբանե պայմանավորվածություններ ձեռք բերվեն, թե ո՞ր քարտեզներով է գործընթացը գնում, որպեսզի Հայաստանին անընդհատ հերթական հանձնելու պահանջ չներկայացվի, ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ տվյալ պարագայում տեսնում է այդ պայմանավորվածությունները ձեռք բերելու հնարավորությունը․ «Ցավոք, մինչ օրս այդ պայմանավորվածությունը ձեռք չի բերվել հիմնականում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, նրանք խուսափել են քարտեզների մասին խոսակցությանը վերջնական պատասխան տալուց: Եթե այս գործընթացը թույլ կտա մեզ ի վերջո, պայմանավորվել քարտեզների մասին, որոնք ապագայում պետք է դառնան ամբողջ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հիմքը, դա մեզ համար կարեւոր է եւ մեր շահերից է բխում: Ավելին, դա է հենց ի թիվս այլոց ապահովելու մեր ինքնիշխան տարածքի անվտանգությունը»։

Լրագրողների հարցերին՝ Տավուշի մարզի չորս գյուղերը հանձնելուց հետո մեր ճանապարհների անվտանգության հարց կարող է ծագել, Արսեն Թորոսյանը պատասխանեց․ «Ճանապարհները կարեւոր են, բայց կարեւոր է ունենալ լեգիտիմ հիմք քո տարածքը պաշտպանելու, իսկ այդ հիմքը քո տարածքում լինելն է: Եվ եթե այդ տարածքում այսօրվա դե ֆակտո պայմաններում, անցնում են կոմունիկացիաներ, որոնք մեր լեգիտիմ տարածքում չեն, մենք պետք է լուծումներ գտնենք, օրինակ, նոր ճանապարհներ կառուցելով, ինչպես արել ենք Գորիս-Կապան ճանապարհի համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031