Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ 2022 թվականը,  նույնիսկ ադրբեջանական կողմը այդ Ալմա-Աթայի հռչակագրի  հիման վրա հարաբերություններ կարգավորելու մասին ակնարկ չի արել, սա լրիվ արհեստական կոնցեպտ է. պատմաբան

Մարտ 19,2024 23:55

«Ոչ ոք միանձնյա ձեւով չի կարող որոշել ՀՀ սահմանները, տարածքը: Երբ որ Փաշինյանն ասում է՝ միլիմետրի ճշգրտությամբ գիտեմ՝ որն է ՀՀ տարածքը,  համապատասխան իրավական հիմքեր չի կարող մատնանշել: Ի՞նչ իրավական հիմքով է  ասում, որ տվյալ բնակավայրը կամ տարածքը ՀՀ-ին է պատկանում, թե չի պատկանում: Հիմնվել ինչ-որ քարտեզների վրա ու ասել, թե միլիմետրի ճշգրտությամբ որն է Հայաստանի տարածքը, Սահմանադրության խախտում է, որովհետեւ ՀՀ տարածքն այն տարածքն է, որտեղ կանգնած են մեր Զինված ուժերը, սահմանները դրանք են: Քանի դեռ տեղի չի ունեցել սահմանազատում ու սահմանագծում,  դրա արդյունքներն էլ չեն հաստատվել  համաժողովրդական հանրաքվեով, միակողմանի հայտարարություններ անել ՀՀ սահմանների փոփոխության մասին, Հայաստանի տարածքների հանձնման մասին, հանցագործություն է, ենթակա է  պատժի Քրեական օրենսգրքի առնվազն 421 հոդվածի համաձայն» ,- վստահեցնում է պատմաբան Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պահանջին՝ հրատապ վերադարձնել  4 գյուղերը, որոնք, ըստ Փաշինյանի՝ դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ Բաղանիս- Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին։

«Ալմա-Աթայի հռչակագիրը չի վերաբերել ՀՀ-Ադրբեջան սահմանին, հռչակագիրը վերաբերել է կազմակերպություն ստեղծելուն: Խորհրդային Միությունից ապահարզանը կազմակերպող կազմակերպություն ստեղծելուն, ԱՊՀ ստեղծելուն,  որտեղ որ շեշտադրումը հետեւյալն է՝ գործող սահմաններով, իսկ գործող սահմանները տարբեր ձեւով կարելի է  մեկնաբանել: Մինչեւ 2022 թվականը, երբեք ու երբեք նույնիսկ ադրբեջանական կողմը այդ հռչակագրի  հիման վրա հարաբերություններ կարգավորելու մասին ակնարկ չի արել, սա լրիվ արհեստական կոնցեպտ է,  ու չի կարելի դրան հղում անելով իրականացնել ինչ-ինչ գործընթացներ, անթույլատրելի է»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Պարոն Սողոմոնյանը վստահ է, որ նշված տարածքների հանձնման փորձը արվում է սահմանազատման ու սահմանագծման գործընթացից դուրս. «Այդ գործընթացը տեղի է  ունենում ատրճանակի, Ադրբեջանի կողմից ռազմական սպառնալիքի ներքո: Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը խաղաղ իրավիճակում են անում, ոչ թե՝ պատերազմական: Սահմանազատման գործընթացից դուրս Ադրբեջանը ներկայացնում է պահանջներ, իսկ Փաշինյանը պատրաստակամություն է ցուցաբերում  այդ պահանջները բավարարելու»:

Պատմաբանի խոսքով՝ եթե այդ 4 գյուղերը հանձնվեն Ադրբեջանին, Հայաստանը շատ մեծ կորուստներ է ունենալու. «Կորուստներ մի քանի առումներով. առաջին՝ ռազմական առումով, որովհետեւ այդ շրջանում մեր դիրքերը բավական բարենպաստ են, եւ գաղտնիքն էլ դրանում է, Ադրբեջանը շատ նպատակաուղղված կերպով ուզում է վերցնել այդ տարածքները: Այդտեղ հայկական կողմն ունի դիրքային բավականին մեծ առավելություններ, այդ ուղղությամբ ադրբեջանցիները, եթե ցանկանան զենքի ուժով տիրել այդ տարածքներին, շատ մեծ քանակի ու անհամաչափ զոհեր կտան դրա համար: Կապուղիների տեսանկունից նույնպես կորուստ կլինի, Վրաստանի հետ ճանապարհից ենք զրկվում, հենց Ոսկեպարը եւ Կիրանցը դառնում են սահմանային, սահմանը հենց տներով է անցնում, դա մարդկանց անվտանգության տեսանկյունից շատ մեծ խնդիրներ է առաջացնում: Տվյալ գյուղերը Նոյեմբերյան շրջկենտրոնի հետ կապ հաստատելու համար պետք է գնան Իջեւանով, Լոռիով շրջեն: Աստված մի արասցե՝ այդ անկլավների հարցն էլ նույն ձեւով լուծվի Ադրբեջանի ճնշումների ներքո, Տավուշի ռազմավարական խորությունը խիստ ընկնում է, Ոսկեպարի ուղղությամբ խիստ առաջ են գալիս, զբաղեցնում ռազմավարական նշանակության բարձունքներ, դա բավական մեծ տարածք է, ուղղակի ՀՀ աշխարհաքաղաքական գործունակությունը խիստ կերպով իջնում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031