Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հանդես է գալիս որպես Ադրբեջանի փաստաբան եւ լեգիտիմացնում է ադրբեջանական ցանկացած հարձակում»․ Գեղամ Մանուկյան

Մարտ 20,2024 12:15
Gegham Manukyan

«Իրականում Հայաստանի Հանրապետությանն արդեն սպառնում են երկու հոգի՝ Ադրբեջանի նախագահը եւ Նիկոլ Փաշինյանը»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այն փաստաթուղթը, որի շուրջ քննարկումներ են լինում Երեւանի եւ Բաքվի միջեւ, այն կետերը, որոնք պահանջում ու պնդում է Ադրբեջանը, Հայաստանի իշխանությունը, քանի որ վախենում է ժողովրդի դժգոհությունից, փորձում է քայլ-քայլ դրանք կատարել, մաքրել այդ փաստաթղթից, որպեսզի վերջում այդքան իրենց քարոզած կեղծ խաղաղության փաստաթուղթ կոչվածը առանց խնդրահարույց կետի լինի։ Այն, ինչ այս օրերին Տավուշում հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, դա ամբողջությամբ Ադրբեջանի պահանջն է եղել բանակցությունների ընթացքում։ Հիմա ինքը փորձում է սեփական ժողովրդին պատերազմով սպառնալով ու բառախաղի միջոցով դա կյանքի կոչել։ Այստեղ կա մի շատ կարեւոր խնդիր։ Առաջին պահից, երբ Հայաստանի իշխանությունները հպարտանում էին սահմանազատում-սահմանագծում կոչվածով, կան դրա եւ միջազգային փորձը, եւ դասագրքային, դասական ձեւերը։ Չի կարելի սահմանի 10, 20 կամ 100 կմ հատվածում սահմանազատում ու սահմանագծում իրականացնել, երբ ամբողջ սահմանի մնացած հատվածների մեծ մասում Ադրբեջանը շարունակում է օկուպացրած պահել հայկական հատվածները»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա հիշեցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի խոսքերը։ Աղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում երեկ ասել է․ «Եթե մենք զիջենք, Ադրբեջանը ընդառաջ քայլ չկատարի, մենք կհայտնվենք «տուպիկում»։ Գեղամ Մանուկյանի խոսքով․ «Այսօր Հայաստանը հայտնված է այս «տուպիկային» վիճակում այս երեք տարվա քաղաքականության պատճառով։ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես հանդես է գալիս որպես Ադրբեջանի փաստաբան, լեգիտիմացնում է ադրբեջանական ցանկացած հարձակում Հայաստանի հյուսիս-արեւելյան հատվածներում։ Եվ անցնող տարիներին, երբ մենք այս մասին բարձրաձայնում էինք, իշխանությունը փորձում էր հակադարձել, Արարատ Միրզոյանը մի քանի ամիս առաջ ասում էր՝ թշնամուն «նավոդկա» եք տալիս, այսօր Նիկոլ Փաշինյանը Տավուշում կանգնած, սպիտակ դրոշը ձեռքին այդ փարոսն է, որով ադրբեջանական զենքն ուղղվում է ՀՀ վրա»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը 31 հայկական գյուղերի մասին խոսակցությունը վերջին շրջանում մեջտեղ բերեց, որպեսզի հող նախապատրաստեր այս զիջման համար։ «Կյանքը ցույց է տվել, որ միակողմանի զիջումը չի բերել փոխադարձ զիջման, միակողմանի զիջումը շատ ավելի բացում, է թշնամի պետության ախորժակը։ Եվ դա է խնդիրը, որ միակողմանի զիջումները հնարավորություն են տալիս թշնամի երկրին շարունակել իր պահանջները սեղանին դնել եւ դրանք ի կատար ածել»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանի ասում է, թե այս քայլով սահմաններն է լեգիտիմացնում, որպեսզի միջազգային հանրության աչքում Հայաստանը լեգիտիմ սահմաններով լինի, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Ի՞նչ է նշանակում միջազգային հանրության աչքում կբարձրանանք, միջազգային հանրությունը միակողմանի զիջումները համարում է նորմա՞լ։ Շառլ Միշելը՝ այս իշխանությունների պաշտելի մարդը, օրերս հայտարարություն է արել՝ խաղաղության համար պետք է պատրաստվել պատերազմի։ Հայաստանի իշխանությունը փոխանակ սեփական անվտանգությունն ապահովի, շատ ավելի հզորացնի, այս ընթացքում արտաքին քաղաքական ճակատում, շատ ավելի վատացրել է հարաբերությունները Հայաստանի դաշնակցի հետ, ձեւական շփումներ է ունենում մեր հարավային հարեւան Իրանի հետ, որն այսօր Հայաստանի անվտանգային համակարգի ուժեղացման կարեւոր դերն է ստանձնել»,- հավելեց նա։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ պետք է դիմադրել այդ ծրագրերին, համաժողովրդական դիմադրություն պետք է լինի։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031