Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ

Մարտ 24,2024 20:20

Մարտի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը:

Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր:

Այս կապակցությամբ Առավոտյան ժամերգության ավարտին՝ Մայր Աթոռի շրջափակում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:

Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախմբված մանուկներին, իսկ հավատացյալներին բաժանվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:

Բերկրաշատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը։

Դանիել Սրբազանը, անդրադառնալով օրվա խորհրդին, խոսեց անցնող շաբաթների նշանակության մասին` ընդգծելով, որ յուրաքանչյուր կիրակի կարևոր հանգրվան է Եկեղեցու և հավատացյալի կյանքում, իսկ Ծաղկազարդի խորհրդով դուռ է բացվում դեպի մեր Փրկչի Հարության տոնակատարություններ։

Վերջում պատարագիչ Սրբազանը աղոթք վերառաքելով առ Աստված, դիմեց հավատավոր ժողովրդին՝ հորդորելով Ծաղկազարդի խորհրդով լցված ընթանալ փրկություն ճանապարհով։

Սուրբ Պատարագի ավարտից հետո Մայր Տաճարի զանգակատան առջև համախմբվել էին հայաստանյան տարբեր թեմերից ուխտավորաբար Մայր Աթոռ ժամանած շուրջ 600 արցախցիներ։

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվեց մանուկների օրհնության կարգ, որից հետո նրանց ընծայվեց Աստվածաշունչ մատյաններ, աղոթագրքեր և խաչեր։

Արցախցի մանուկների և նրանց ընտանիքների համար Մայր Աթոռի միաբանական սեղանատանը կազմակերպվեց հյուրասիրություն, իսկ Էջմիածնի հայորդաց տանը՝ համերգային ծրագիր։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031