Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյանը՝ «կալանքի դատարանի» դատավորների միլիոնավոր աշխատավարձերի ու չաշխատելու մասին

Ապրիլ 04,2024 14:16

«Ես մամուլի այդ հրապարակումներին չեմ հավատում։ Որոշ դատավորներ արդեն ասել են, թե ինչու են դուրս եկել աշխատանքից։ Որոշ դատավորներ անցել են ավելի բարձր վարձատրվող աշխատանքի։ Այսինքն՝ դուրս գալով աշխատանքից, կարծեմ (Սերգեյ) Մարաբյանը, գնացել եւ դարձել էր առաջատար իրավաբանական ընկերության փաստաբան։ Նորմալ գործընթաց է»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին՝ մտահոգիչ չէ՞, որ մեկ օրում չորս դատավոր աշխատանքից դուրս է գալիս, ըստ մամուլի՝ ինչ-որ գրագրության, մեկնաբանության, սոցիալական ցանցում «լայք» դնելու համար։

«Մի կողմից՝ եթե պրոֆեսիոնալներ են գնում համակարգից եւ հնարավորություն չստեղծվի այլ մասնագետներին մուտք գործել համակարգ, կարելի էր տխրել։ Բայց ի ուրախություն ինձ՝ մեր քաղաքականության շնորհիվ է, որ հսկայական ռեֆորմների արդյունքում իսկական պրոֆեսիոնալները կարողանում են քննությունների միջոցով մտնել համակարգ։ Սա նաեւ առողջացման նշան է, որ դատավորն ուզում է դառնալ փաստաբան։ Հակառակ կողմից իրենք տեսնում են, որ փաստաբանությունը լավ իրավաբանություն է, որը դատարանում ողջունվում է»։

Հարցին՝ երբ ստեղծվեց այսպես ասած՝ «կալանքի դատարանը», պարզվեց, որ դատավորները տասնյակ միլիոնների աշխատավարձ են ստացել, եւ հետագայում աշխատանք չեն կատարել, քանի որ հետո որոշում կայացվեց, որ այդ դատարանները պետք չեն, արդյոք դա պետական միջոցների վատնում չէ՞, նախարարը պատասխանեց՝ իրականությունն այլ է․ «Ստեղծվել էր դատական համակարգում ենթաբաժին, որը պետք է զբաղվեր զուտ շատ նեղ ֆունկցիայով եւ մեր շատ հարգարժան դատավորները երկար ժամանակ այդ նույն պրոցեսի մեջ գտնվելով՝ ավելի ու ավելի էին ուզում գնալ ընդհանուր իրավասության ընդդատության դատարան, որտեղ ավելի մասնագիտական եւ բազմակողմանի վեճեր էին քննվում։ Դա էր պատճառը, որ որոշում կայացվեց այդ դատավորների որոշ մասին, նաեւ նրանցից մի մասը ռեզերվային ցուցակում են եւ բոլոր նրանք ստանում են աշխատավարձ՝ ըստ օրենքի պահանջի։ ԲԴԽ-ի եւ որոշ դատավորների հետ քննարկման արդյունքում պայմանավորվել են, որ մարզերում կարող են ֆունկցիա իրականացնել։ Ոչ ոք օրենքը շրջանցելով աշխատավարձ չի ստանում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930