Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ տունը

Ապրիլ 05,2024 13:00

Մեր տան ետին մասը կիսագետնափոր է, դիմացը երկար փայտե պատշգամբն է, որ հենված է փայտյա ամուր սյուներին։

2 հարկ էր ստացվում, որից առաջինին մենք ասում էինք «ներքե տոն»։

Տան սենյակներին տատս ասում էր «տոն»: Իր ամենասիրելի սենյակը պատշգամբի ծայրի համեմատաբար մեծ սենյակն էր, «մըծ տոնը» (Մեծ տունը)։ Այս սենյակում քնում էին տատիս ամենանվիրական հյուրերը։ Այստեղ էր տատս պահում իր ընտանեկան ալբոմը։ Չօգտագործված շքեղ սպասքն ու սպիտակեղեն-սփռոցները, նույնպես, այս սենյակում էին, որոնց տատս խնամքով պահում էր, աղջիկ հարազատներին մարդու գնալուց բաժինք տալու համար։ Ինձ այս սենյակում ամենաշատը դուր էին գալիս տատիս նոր գլխաշորերը։ Սիրում էր տատս գլխաշոր կապել։ Մինչեւ գոտկատեղը հասնող բաց մոխրագույն մազերը սանրում էր, մի զույգ հյուս էր գործում մատների արագ շարժումներով, որ կողքից նայելով երբեք չես սովորի, ու մի ծաղկանման գունդ դարձնում ծոծրակից երեք մատ վերեւ։ Հետո այդ գեղեցկությունը թաքցնում էր գլխաշորի տակ։ Հայելուց չէր օգտվում տատս։ Մեզ էր հարցնում, որ հասկանա վարսը ուղի՞ղ ստացվեց (Դե մի տըս դո՞ւզ ա):

Կար ու ձեւը տատիս փեշակն էր։ Կարում էր այնպես, որ չէիր տարբերի գործարանային կարից։ Բոլոր աղջիկ թոռների համար շոր (դարյա) էր կարում։ Ձեւն ինքն էր որոշում։ Երբ հարցնում էինք, թե ի՞նչ ձեւի է լինելու շորը (Պապունց Մամ իմ դարյաս հունց ա ինական)։ Պատասխանը մեկն էր, գրեթե միշտ՝ «պրյամոյ, փորը ռիզին»։

Տատս սիրում էր հացի սեղանի շուրջը հարց ու փորձ անել դասերից, ու առհասարակ, դպրոցում կատարվածից։ Ամենաշատը ուզում էր իմանալ, թե ինչ ասեց ինձ այն սիրահարված պատանին, որ միշտ ինձ բերում էր «իմպորտնի» ծամոն, կոնֆետ ու զարդեր։ Հետաքրքրությամբ լսում էր ինձ, իմ միակ մտերիմ ընկերուհին՝ իմ տատը։

Մի սնդուկ ուներ տատս, տարբեր հին իրերով լի։ Մի անգամ մի շալ գտա էնտեղից, տատիս խնդրեցի, որ ինձ տա։ Ասեց. «Էդ հի՞նչ ա, վեր քեզ տամ, մին թազանը, ղաշանգյը կտամ»։ Թազանը ու ղաշանգյն էլ տվեց, բայց էդ մեկն էլ ես վերցրեցի։

Տատս երգեց իր «Կարապի երգը», բայց միշտ իմ հետ է, իմ Տատը…

Անգին շալը հիմա քրքրված տեսք ունի։

25 տարի է՝ այն իմ հետ է, երեւի ճիշտ այդքան էլ տատիս մոտ էր։

Չեմ լվացել այդ շալը, որ տատիս բույրը չկորի…

Տատիս անու՛շ բույրը…

Ասթինե ՔԱԼԱՇՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930