Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդին ու 2 ուղևորներին բռնություն գործադրելով իջեցրել են մեքենայից, ձեռնաշղթաներ հագցրել. առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ Փարաքար տանող ճանապարհին

Ապրիլ 10,2024 18:17

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Արմավիրի մարզում տեղի ունեցած՝ առերևույթ զինված հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի հանգամանքները։

2024 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 07:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր ազգականների վրա տեղի է ունեցել զինված հարձակում և նրանց թալանել են:

Ահազանգից անմիջապես հետո Արմավիրի մարզի Փարաքար համայնք տանող ճանապարհին հայտնաբերվել է «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա, իսկ մայթեզրին գտնվել են 3 անձ, որոնց ձեռքերին ամրակցված են եղել ձեռնաշղթաներ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ։

Նախաքննության շրջանակներում նախնական, դեռևս քննությամբ ստուգման ենթակա տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ապրիլի 10-ին՝ ժամը 07:10-ի սահմաններում դիմակավորված, ատրճանակներով զինված առնվազն 4 անձ ավտոմեքենայով կանգնեցրել են վերը նշված 3 անձանցից մեկի վարած «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան, վարորդին ու 2 ուղևորներին բռնություն գործադրելով իջեցրել ավտոմեքենայից, պառկեցրել գետնին ու ձեռնաշղթաներ հագցրել։

Այնուհետև, արցունքաբեր գազ կիրառելով՝ երեքին էլ նստեցրել են ավտոմեքենան, հափշտակել բեռնախցիկում գտնվող ճամպրուկների և  պայուսակների մեջ  եղած մոտ 1 միլիարդ 24 միլիոն ՀՀ դրամ գումարին համարժեք, շուրջ 36 կիլոգրամ ոսկյա երեք ձուլակտորներ, մոտ 1 միլիարդ 216 միլիոն ՀՀ դրամին համարժեք 293 միլիոն ռուբլի գումարը և դիմել փախուստի:

Հիշյալ 3 անձինք ճանաչվել են տուժող։

Դեպքի վայրի զննության ընթացքում  հայտնաբերվել է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունների կրիչն առգրավվել է, վերցվել են նաև նշված անձանց ամրացված ձեռնաշղթաները:

Նշանակվել է համապատասխան փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են քննչական, վարութային, օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն ու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930