Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռլինը ձայն չի հանում, երբ նաեւ ի՛ր դիտորդներն են արձանագրում, որ ՀՀ-ի վրա Ադրբեջանը կրակում է. «Ազգ»

Ապրիլ 12,2024 09:00

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2024-ի հունվարի 24-ին զրկեց Ադրբեջանին նույն տարվա հավատարմագրից: Ադրբեջանական պետական լրատվամիջոցները ակնարկեցին, որ Ադրբեջանին «այլեւս պետք չէ Եվրոպայի խորհուրդը», գրում է The Insider-ը:

Գերմանացի սոցիալ-դեմոկրատ, պատգամավոր Ֆրանկ Շվաբեի հաստատակամության, Բաքվի կաշառատվության, սանձարձակ վարքը բացահայտելու եւ պատժելու հանձնառության շնորհիվ ճաք տվեց Ալիեւի շուրջ եվրոպացի, գերմանացի քաղաքական գործիչների վերաշարվող պարիսպը:

«Գերմանացի պատգամավորը՝ Ադրբեջանի պետության թշնամի» վերնագրով հոդված էր հրապարակել table.media -ն՝ Շվաբեի մասին մարտի 4-ին, իրազեկելով, թե գերմանական հեռուստատեսության առաջին ալիքը՝ ARD-ն ֆիլմ է ցուցադրելու: Վերլուծաբանը նկատել էր տվել, թե «ծառայության ժամանակ դիվանագետները սովորաբար միայն լուրերին են հետեւում, հեռուստատեսային արտադրանքի հանդեպ նվազ է հետաքրքրությունը», սակայն տարբեր է Ադրբեջանի մասին ֆիլմի պարագան: Այն պատմում է 20 տարի պաշտոնավարող Ալիեւի, նրա կեղծած ընտրությունների, ընդդիմադիրներին ազատությունից զրկելու եւ իր համար՝ հատկապես Բրյուսելից եւ Բեռլինից միջազգային ճանաչում գնելու գործարքին:

Ֆիլմի ցուցադրությունից հետո ակնկալվում էր, որ իրազեկման հրաբխի լավան Բունդեսթագի արտահերթ նիստ կգումարի… գոնե: Առայժմ տեսանելի չէ, թե կաբինետներում ինչպես եւ ինչու են լռում նրանք, որ ֆիլմի ցուցադրությունից հետո պիտի հստակ արտահայտվեին: Տեսանելին ՖԲ հարթակում է. ազնիվ է գերմանացի հեռուստադիտողի կարծիքը: Շատերն են երկյուղում, թե այս ամենը իմանալուց հետո, ինչպե՞ս են պահպանելու ժողովրդավարությունը, եվրոպական արժեքները, բարոյականության կորուստը տեսնելով ինչպե՞ս են իրենց քվեն վստահելու կուսակցություններին, քաղաքական գործիչներին՝ առաջիկա ընտրություններում:

Բեռլինը միջնորդ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին: Ձայն չի հանում, երբ նաեւ ի՛ր դիտորդներն են արձանագրում, որ ՀՀ-ի վրա Ադրբեջանը կրակում է, ծպտուն չի հանում, երբ Բաքուն «Ազերթաջի» գերմաներեն տարբերակում առանձնակի հոգատարությամբ տարածում է Արեւմտյան Ադրբեջանի ընկերակցության հորդորը՝ ուղղված ԵՄ-ին, ԱՄՆ-ին, աշխարհին… Չեզոք է, ինչպես ձևակերպում է ԳԴՀ ԱԳՆ-ն: Սակայն Բաքվում գերմանացի քաղաքական գործիչների անձնական եւ քաղաքական շահերն այնքան սերտորեն են փոխկապակցված,որ Բեռլինին զրկում են չեզոք մնալու՝ թեկուզ շատ մեծ ցանկությունից:

 

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930