Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Վերմիշյան․ «ՀՈԱԿ-ը անցած տարի հավեսով էտում էր ծառերը, հիմա ասում է՝ դրանք կենսունակ չեն»

Ապրիլ 12,2024 20:33

«Բազմաթիվ անգամ խոսվել է, որ ծառերը վատ վիճակում են, թե ինչո՞ւ են հասել այս վիճակին, կարելի է երկար խոսել։ Ալեք Մանուկյան փողոցի ծառերը  «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը անցած կամ նախանցած տարի հավեսով էտում էր։ Հիմա նշում է, որ դրանք կենսունակ չեն։ Մի օր կտրում են, մյուս օրն ասում են՝ կենսունակ չեն, «հրաշալի մոտեցում»։ Իսկապես պետք է քայլեր արվեն, բայց ոնց պետք է արվեն, սա է ամբողջ հարցը»,-այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում «Փրկենք Երեւանի ծառերը» նախաձեռնության անդամների՝ ծառերի փոխարինման ծրագրի քննարկման ժամանակ ասաց բնապահպանական փորձագետ Արման Վերմիշյանը։

Նա նշեց, որ ԳԱԱ-ում քննարկման ժամանակ  կարծիք է հնչել, որ  Երեւանի ծառերի հիվանդությունը կարող է Երեւանից դուրս գա ու տարածվի անտառային շրջաններում․«Ճիշտ է, բայց ի՞նչ է արվել դրանց բուժման համար, էդպես օդում չի ասվում նման բաները։ Երբ մարդը հիվանդանում է, առավել եւս ծեր, չենք տանում էֆթանազիայի։ Աբսուրդ բաներ են ասում՝ կենսունակության ավարտին են մոտենում, կտրենք։ Կներեք, մարդու ձեռքը վիրավորվում է, բուժում ենք, չենք անդամահատում, գլխի վրա ոջիլ է լինում, բուժում ենք։  Ընդհանուր այս ծրագիրը պետք է կանգնեցվի,  դա հանցագործություն է քաղաքի նկատմամբ»։

Նա ասաց, որ ծառը կամ թուփը քաղաքային պլանավորման տեսանկյունից որոշակի գործառույթ կատարող դետալ է, գործիք է․ «Ինչ ֆունկցիա պետք է կատարեն ծառերը։ Սա է կարեւոր։ Լավ, ծառերը հատում եք, բայց գուցե այդ հատվածում լրիվ այլ պլանավորում պետք է կատարել։ Քաղաքում ով ինչ ուզում անում է, ներառյալ՝ քաղաքապետարանը։ Չկա ոլորտների միջեւ համադրություն։  Ասենք՝ այդտեղ ծառերը հանում եք, իսկ կարող է այդտեղ այլ լուծում էինք տալիս, ասենք՝ ճանապարհն ենք լայնացնում, հեծանվային արահետ էին ստեղծում, կամ կանաչ տարածքն ենք ավելացնում ու մի քանի շերտանոց կանաչապատում անում։ Այս հարցերի պատասխանը ունե՞ն էս մարդիկ, չունեն։ Ծառը հանում են, տեղը ծառ են դնում։ Նույն Թամանյան արձանի դիմացը, հացենիները հանեցին։ Այս ամբողջ պրոցեսը պետք է կանգնեցվի։ Հասկանանք՝ ինչի համար է արվում, ինչ է արվում։ Ակնհայտ է, որ քաղաքի ծառերը խնդիր ունեն, այստեղ մեթոդի, ձեւի հարց է, քայլերի տրամաբանության հարց է, ոչ թե էկոցիդ անել ու ասել՝ տեսեք՝ ինչ լավ է։ Հիմա էդ մարդիկ Ալեք Մանուկյանով քայլո՞ւմ են, իրենց դո՞ւր են գալիս այդ մերկ պատերը»։

Հիշեցնենք, որ վերջերս մայրաքաղաքի տարբեր փողոցներում ծառեր են հատվում, համապատասխան ՀՈԱԿ-ը այդ առնչությամբ ասում է, որ այդ ծառերն այլեւս կենսունակ չեն, դրանք պետք է փոխարինվեն այլ ծառերով։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930