Լրահոս
Օրվա լրահոսը

Գոնե այս հարցում թող իրենց մեջ չգցեն

Ապրիլ 16,2024 10:00

Որքան հասկանում եմ, անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում կտրուկ շատացել է Միջին Արեւելքի մասնագետների թիվը: «Մասնագիտական» ողջ կարողություններն այդ մարդիկ ուղղել են նրան, որ սոցցանցերում արտահայտեն իրենց համակրանքը Իրան-Իսրայել հակամարտության կողմերից մեկի նկատմամբ եւ հնարավորինս կոշտ բառապաշարով դատափետեն մյուս կողմին:

Մինչդեռ նման բարդ խնդիրները վերլուծելիս պետք է հաշվի առնել մի քանի տասնյակ գործոններ՝ սկսած Գազայի պատերազմից ու Յեմենի հութիներից, վերջացրած ԱՄՆ նախագահական ընտրություններով: Չգիտեմ, կա՞ն արդյոք Հայաստանում նման համապարփակ գիտելիքներ ունեցող վերլուծաբաններ, որոնք նաեւ ամենօրյա ռեժիմով հետեւում են իրադարձություններին:

Պարզապես հույս ունեմ, որ գոնե այս հարցում Հայաստանի իշխանություններն իրենց մեջ չեն գցի՝ խառնվելով աշխարհաքաղաքական մեծ խաղերին: Մենք տեսնում ենք, թե ինչ արդյունքներ է տալիս Փաշինյանի փորձը՝ դառնալ ժողովրդավարության եւ արեւմտամետության ջահակիրը եւ միջնաբերդը տարածաշրջանում: Կարծում եմ, ապրիլի 5-ին նրան մատչելի լեզվով բացատրեցին, որ դրա դիմաց Հայաստանն առանձնապես ստանալիք չունի: Էլ չասած, որ այս իշխանության «ժողովրդավարական հավակնությունները» որեւէ լուրջ գործողություններով չեն ապահովվում: Գործողությունները ճիշտ հակառակ ուղղությամբ են ընթանում:

Իհարկե, ամեն մեկն ունի իր մշակութային եւ արժեքային գերապատվությունները: Օրինակ, անձամբ ինձ թվում է, որ կանայք կարող են փողոց դուրս գալ այն հագուստով, որն իրենց դուր է գալիս, իսկ լրատվամիջոցները կարող են քննադատել ցանկացած պաշտոնյայի եւ ցանկացած երեւույթ: Բայց նախ՝ ես մասնավոր անձ եմ, երկրորդ՝ ընդունում եմ, որ այլ մասնավոր անձինք կարող են իմից տարբերվող կարծիք ունենալ: Ճիշտ նույն ձեւով ես կարծում եմ, որ ուկրաինացիները կարող են իրենց պետությունում կյանքը կազմակերպել, ինչպես իրենց է հարմար, եւ որեւէ պատրվակ չի կարող արդարացնել իրենց երկրի վրա հարձակումը: Սակայն, երբ դա ասում են ՔՊ-ականները կամ Փաշինյանի քարոզիչները, դա, ուզեն-չուզեն, դառնում է միջազգային քաղաքականության թեեւ փոքր եւ աննշան, բայց՝ փաստ:

Այնպես որ, այն անձինք, որոնք այս կամ այն ձեւով կապված են Հայաստանի ներկայիս իշխանության հետ, առավել եւս՝ իշխանության ներկայացուցիչները, եթե չեն ուզում վնաս տան մեր պետությանը, պետք է տասն անգամ «չափեն» իրենց խոսքը՝ միջազգային խնդիրների մասին արտահայտվելուց առաջ: Այլ հարց, եթե նրանք արտահայտում են ուրիշ պետությունների շահերը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930