Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Հարությունյան. «Տարիները, դարերը ցույց են տվել, որ որտեղ Թուրքիան է՝ Հայաստանի համար մեծ վտանգներ են, բոլոր առումներով»

Ապրիլ 16,2024 15:57

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Սպուտնիկ Արմենիայում» խոսեց արդեն սկսված գյուղատնտեսական շրջանի, տեղական արտադրության գյուղմթերքի բարձր գների, բերքի, հատկապես ծիրանի արտահանման առկա խնդիրների եւ ընդհանրապես երկրի համար գոյաբանական նշանակություն ունեցող այս ոլորտում պետության որդեգրած քաղաքականության մասին: Նրա խոսքով, պետբյուջեից տրվող հսկայական գումարները արդյունավետ չեն ծախսվում, իսկ շատ հաճախ, պարզապես, կորչում են:

Անդրադառնալով, մասնավորապես, անցած տարվա կարտոֆիլի չնվազող գնին, փորձագետը նշեց, որ այդ գյուղամթերքը մեզ համար երկրորդ հացի նշանակություն ունի: Նախորդ տարին անբարենպաստ էր գյուղատնտեսության համար՝ երաշտ, սակավատեղություն, որի հետեւանքով կարտոֆիլի բերքն էլ պակաս էր: Դրան գումարած, սկսվեց մեծ քանակությամբ կարտոֆիլ արտահանվել երկրից, ինչը կառավարության համապատասխան գերատեսչությունը, որն իբրեւ թե զբաղվում է ոլորտի քաղաքականությամբ, դա գնահատեց ռեկորդային՝ անտեսելով կանխատեսվելիք հետեւանքները:

Մասնագետը նախազգուշացրեց, որ այս տարի էլ, չնայած արդեն վաղահաս բերքի առկայությանը, գյուղմթերքի ինքնարժեքը բարձր է լինելու՝ կապված դիզվառելիքի, ագրոքիմիկատների, այդ թվում, պարարտանյութերի ֆանտաստիկ բարձր գների, աշխատուժի եւ այլ ռեսուրսների, թանկացման հետ: Ու հատուկ անդրադարձավ նաեւ ոռոգման ջրի համակարգին, որը արմատական լուծում այդպես էլ չի ստանում կառավարության կողմից: Նույնը ասում են այդ խնդրով զբաղվող պատասխանատուները՝ նշելով, որ ջրի կորուստը մինչեւ գյուղատնտեսությանը հասնելը կազմում է 70, տեղ-տեղ մինչեւ 80 %, ինչը սարսափելի թիվ է:

Պարոն Հարությունյանը նաեւ խիստ մտահոգող է համարում, որ նվազել են մշակվող վարելահողերը եւ այսօր արձանագրված թվերը սարսափեցնող են:

Անդրադառնալով հատկապես վերջին տարիներին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներին՝ մասնագետն ասաց. «Անցած տարի բավականին ծանր վիճակ առաջացավ կապված Լարսի հետ: Այն ժամանակ հնարավոր եղավ լաստանավ կիրառել, օգտագործել նաեւ փոքր բեռնատարողությամբ մեքենաներ արտահանումը կազմակերպելու եւ վիճակը մեղմելու համար: Այս տարի արդեն քանի ամիս բարձրաձայնում եմ նույն Լարսի ոչ բարվոք վիճակի մասին, քանի որ ծիրանը շուտ փչացող միրգ է եւ երկար չի սպասում»,-ասաց նա:

Խոսելով խաղողագործության ընդհանուր վիճակի մասին՝ նախկին փոխնախարարը այն որակեց հախուռն ու անկազմակերպ՝ նշելով, որ անգամ չկա մշակման ճիշտ կազմակերպում:

Ամփոփելով Հայաստանում գյուղատնտեսության ընդհանուր վիճակը՝ Աշոտ Հարությունյանը խոսեց նաեւ հնարավոր այն հեռանկարի մասին, որը կարող է ստեղծվել բարձր գների պայմաններում Թուրքիայից էժան գյուղմթերք ներկրելու դեպքում:

«Այդ պարագայում Հայաստանում գյուղատնտեսությունը կհայտնվի ոչ թե կոլապսի մեջ, այլ դա կլինի վերջը: Թուրքիան ոռոգման ջրի հարցով մեր հանրապետությանը կոնկրետ պատերազմ է հայտարարել Ախուրյանի ջրամբարում: Տարածաշրջանային իրավիճակը, պատերազմը մեզ ստիպում է կրկին անգամ մտածել Թուրքիայի հետ հարաբերությունների մասին: Տարիները, դարերը ցույց են տվել, որ որտեղ Թուրքիան է, Հայաստանի համար մեծ վտանգներ են բոլոր առումներով: Ու չեմ կարծում, որ ես սխալվում եմ»,-ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930