Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պայմաններում ի՞նչ «սահմանազատում»

Հունիս 20,2024 10:00 Share

Ֆրանսիան Հայաստանին է տրամադրելու «CAESAR» ինքնագնաց հրետանային կայաններ: Դրա վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները: Անշուշտ, դա ողջունելի գործընթաց է: Զգուշավոր լավատեսություն են ներշնչում նաեւ այն լուրերը, որ մեր պետությունը պատրաստվում է Հնդկաստանից գնել հակաօդային պաշտպանության համակարգեր:

Ադրբեջանը, բնականաբար, կարծում է, որ մենք չպիտի բանակ ունենանք եւ չպիտի պաշտպանենք մեր ինքնիշխան տարածքը, ինչի վերաբերյալ Բաքվից հնչեցին մի շարք հայտարարություններ: Ի պատասխան այդ դժգոհությունների՝ Հայաստանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որից արժե առանձնացնել երեք կետ:

1/ ժամանակակից բանակ ունենալը մեր ինքնիշխան իրավունքն է:

2/ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ավելի քան 30 գյուղերի «կենսական անհրաժեշտություն ունեցող տարածքներ»:

3/ Հիմնավոր են այն կասկածները, որ COP29 գագաթնաժողովից հետո Ադրբեջանը նոր ագրեսիա է ձեռնարկելու Հայաստանի դեմ:

Ուշադրություն դարձրեք հատկապես վերջին կետի վրա: Այդ, միանգամայն ճիշտ, արձանագրումն արել է ոչ թե «նախկին-ռեւանշիստը» կամ «կղերական-եպիսկոպոսը», այլ միանգամայն պաշտոնական մի մարմին՝ Հայաստանի ԱԳՆ-ը:

Բայց այդ ֆոնին չափազանց անտրամաբանական եւ անհասկանալի են վարչապետի վերջին քայլերը: Եթե պաշտոնապես ընդունվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքը եւ ենթադրվում է, որ հարեւան երկիրը շուտով նորից է մեզ վրա հարձակվելու, ապա ի՞նչ «խաղաղության օրակարգի» եւ «խաչմերուկի», ի՞նչ «սահմանազատման» մասին է խոսքը: Դրանք կարող են լինել առնվազն հիշյալ տարածքների դեօկուպացիայից հետո: Արդյո՞ք Ադրբեջանը նման պատրաստակամություն է հայտնել:

Ստացվում է, որ, չնայած թշնամին մեզնից խլել է 30 գյուղի «կենսական տարածք», մենք այդ փուլում ցանկանում ենք նրանց նվիրել եւս 4 գյուղ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Արգիլուած չէ մտածելը որ իր «կաթիլ-կաթիլ» զիջումներով, Փաշինյանը ուզում է ժամանակ շահիլ, մինչ այդ՝ ջանալով զօրացնել բանակը:

    Խնդիրը այն է որ, եթէ այդպէս է, թուրքերը դա լաւապէս հասկանում են:

    Իսկ ցարդ ձեռք բերուած նոր զինամթերքը գրեթէ աննշան է, եթէ Ադրբեջանը 2020ի նման պատերազմի պիտի ձեռնարկէ, այս անգամ ուղղակի ՀՀի դէմ: Թուրքիոյ օժանդակութեամբ: Մինչ Ռուսաստանը, տեղիցը պիտի չշարժի…

    Իսկ երազելը որ Ֆրանսան պիտի զինուորներ ուղարկէ Հայաստան, որպէսզի կռուին թուրքերուն դէմ, երեխայականութեան նոր աստիճան մըն է, նոյնիսկ այս վարչակարգին համար – ինչպէս նաեւ պոպոկի չափ ուղեղով ֆըղղանսահայեղին համաղ – :

    Մ. Հայդուկ Շամլեան
     

  2. Հայ says:

    Իրենք կհարձակվեն ԱՄՆ ում նախագահական ընտրությունների ժամանակ,կամ մի փոքր առաջ։
    Ինչպես 2020 ին արեցին։
    Ռուսաստանը մեզ չի օգնի… Չգիտեմ պարոն Հ.Շ ինչու է այդպես վստահ ռուսների վրա,բայց ռուսները մեզ չեն օգնի։
    Ռուսները ոչ միայն մեզ չեն օգնի այլ նաև կմատնեն բոլոր մեր ռազմական գաղտնիքները։

Պատասխանել