Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե գավաթ» առաջնությունը բացահայտեց գեղեցկության ոլորտում Հայաստանի ներուժը

Հոկտեմբեր 10,2024 12:30 Share

Հատուկ այդ առիթով Հայաստան էր ժամանել CMC-ի նախագահ Անտոնիո Բիլանչիոն

Առաջին անգամ Հայաստանում կայացել է բյութի ոլորտի ամենազանգվածային «Ոսկե գավաթ»  առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 200 մասնագետներ՝ տարբեր անվանակարգերում (կանանց վարսահարդարում, դիմահարդարում, մատնահարդարում, հոնքերի ձեւավորում, թարթիչների մասնագետներ եւ այլն, տղամարդկանց համար նախատեսված բարբերների կատեգորիա):

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց  Հայաստանի գեղեցկության վարպետների միության հիմնադիր Անի Ավդալյանը, մրցույթում կար 23 անվանակարգ, իսկ յուրաքանչյուր անվանակարգում 1-5-րդ տեղերում հաղթողներ ունեին:

Հատուկ հյուրերի թվում էր Վարսահարդարների համաշխարհային կոնֆեդերացիայի՝ CMC-ի նախագահ Անտոնիո Բիլանչիոն: Անի Ավդալյանի ձեւակերպմամբ, որը Հայաստանի լավագույն ոճաբան-վարսահարդարներից է, մրցույթի նպատակն էր նախ ներկայացնել հայաստանցի տաղանդներին, նրանց պատկերացումները, իսկ մրցույթը միակ վայրն է, որտեղ իրենք կարող են հավուր պատշաճի ներկայանալ:

«Քանի որ Հայաստանը փոքր-ինչ հետ էր մնում աշխարհի՝ բյութի ոլորտի մրցութային կյանքից, ցանկացանք ցույց տալ, որ մեր մասնագետներն էլ են ուժեղ, իրենք էլ են կարողանում միջազգային չափանիշներով աշխատանքներ անել: Դրա համար առաջնությանը հրավիրեցինք համաշխարհային բյութի ոլորտի ամենագլխավոր ներկայացուցիչներից մեկին, որը Վարսահարդարների համաշխարհային կոնֆեդերացիայի՝ CMC-ի նախագահն է: Առհասարակ  այդ կարգի հեղինակություն բյութի ոլորտից Հայաստան երբեք չէր եկել: Իրեն հրավիրեցինք, որպեսզի նաեւ գնահատական ստանանք եւ մեր երկրի համար ունենանք արձանագրված փաստ, որ  հատուկ մեր մրցույթի համար ժամանել է Անտոնիո Բիլանչիոն»,-նշեց Անի Ավդալյանը:

«Ոսկե գավաթի» ժյուրիի կազմում էին Վազգեն Հովհաննիսյանը, Արսեն Գեւորգյանը, Սյուզաննա Հակոբյանը, Հրանուշ Եղոյանը, Համլետ Մկրտչյանը, Սրապ Շիրինյանը, Հերմինե Հարությունյանը, Դավիթ Ամիրխանյանը, Թինա Թեւոսյանը, Գագիկ Ասոյանը, Լիլիթ Չոբանյանը, Նադեժդա Կազակովան, Օլգա Վիշտակը, Քրիստինե Պետրոսյանը, Թագուհի Հովհաննիսյանը, Արմեն Թորոսյանը, Գեւորգ Ջելյանը:

«Մեր առաջնությամբ փաստվեց, որ նույնիսկ միջազգային մակարդակներում նման ճոխություն եւ պատրաստվածություն չի եղել, ու մենք կարողացանք հաջողել եւ բարձր նշաձող սահմանել: Ավելին, մեր առաջնությունից հետո որոշվեց, որ հաջորդ  տարի փետրվարին հենց Հայաստանում կանցկացվի  բյութի ոլորտի երկրների նախագահների միջազգային համաժողովը: Ինչ վերաբերում է մեր մրցույթին, այն կկայանա ամեն տարի»,-հավելեց մեր զրուցակիցը:

Անի Ավդալյանը փաստեց, որ մրցույթի մասնակիցների մեծամասնությունը Հայաստանից էր, ինչն էլ իրենց նպատակն էր, որովհետեւ ցանկանում էին բացահայտել ու ներկայացնել Հայաստանի լավագույն մասնագետներին: Նա նշեց, որ ժյուրիի անդամներն ու տարբեր երկրներից հրավիրված հեղինակավոր հյուրերը տպավորված էին ոչ միայն մրցույթի անաչառությամբ, այլեւ ներկայացված աշխատանքներով եւ մրցույթի կազմակերպվածությամբ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Անի Ավդալյանը

«Առավոտ» օրաթերթ
09.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031