44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի նահատակված Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ եւ հրապարակախոս, «Սրբազան պայքարի» ակտիվ մասնակից Խաչիկ Մանուկյանը «Հայելի» ակումբում այսօր ասաց. «Վերջին օրերին ինքնասպանված քաղվերլուծաբանների մի մեռելահոտ կար Հայաստանում: Եվ հիմա այդ ինքնասպանվածների մեջ, որ իրար կոկորդ պատռելով ասում էին, թե տեսեք, հիմա Քամալա Հարրիսը հաղթում է, մեջները չկա մի տղամարդ, որ ներողություն խնդրի այս ազգից՝ ամիսներ շարունակ «գլուխհարդուկոցի» կազմակերպելու համար:
Ինձ ոչ Քամալա Հարրիսը, ոչ էլ այդ ամերիկյան ղեկավարներից որեւէ մեկը չի հետաքրքրում: Ես իմ վրա եմ իմ հույսը դրել: Իհարկե, ես հասկանում եմ, որ շահերի համադրումներ պետք է գտնեմ, բայց ես գիտեմ՝ Թրամփը կլինի, թե Հարրիսը, իրենք իրենց երկրի շահերով են առաջնորդվելու: Եվ եթե ես չկարողանամ քաղաքական ճիշտ մոտեցումներ ունենալ, եթե չկարողանամ գտնել թեկուզ փոքր շահերի համադրումները, ապա նրանցից որեւէ մեկը ինձ որեւէ բանով պիտանի լինել չի կարող:
Ընդհանրապես հիշեցնեմ. որ հանրապետականների օրոք Արցախի պատերազմը եղավ, իսկ դեմոկրատների օրոք արցախցիները դուրս եկան: Այնպես որ, ձայներդ կտրեք եւ գնացեք, ձեր լափամանի լափը լափեք: Ես չէի ուզի, որ մեր սիրելի հայրենակիցները այսուհետ այդ խլվլանքներից որեւէ մեկին ուշադրություն դարձնեն, որովհետեւ դրանք փուչիկներ են՝ պայթեցին, վերացան:
Սիրելի հայրենակիցներ, ես մեղադրում եմ ձեզ, որ թույլ եք տալիս այդ կլոունները նորից աշխուժանան: Դա Արեւմուտքի ծրագիրն է՝ բոլոր երկրներում ունենալ կլոուններ: Վրաստանն իր կլոունից ազատվեց եւ հիմա շնչում է: Իվանիշվիլին շատ պարզ ասաց, որ իրենք չեն գնում նրանց գործիքը դառնալու, այլ գնում են հավասարը՝ հավասարի հետ համագործակցելու: Կարող ե՞ն, թող գան համագործակցեն, չէ՞, ուրեմն թող չգան սովորեցնեն, թե վրացին ոնց պիտի ապրի: Վրացին դրան համաձայն չէ:
Կարդացեք նաև
Խաղաղություն բառը, գուցե, մարդկանց դուրը շատ է եկել: Սրանք ասում են հողերը տանք, խաղաղ թռնենք Հայաստանից, գնանք, ուրիշ տեղ ապրենք: Ծրագրերն էլ բացահայտվում են: Ասում են, այս հայերը լավ չեն ենթարկվում, սրանց հանենք, այլազգիների բերենք: Դուք ապրել չեք կարող, ուր մնաց՝ խաղաղ ապրեք: Դուք պատրաստ եք ամեն ինչ վաճառել: Իսկ եթե մեկը հայրենիք է վաճառում, նրանից չես կարող սպասել, որ ինչ-որ սրբություն կունենա, ինչ-որ մի բան կպահպանի: Բայց կգա այն օրը, երբ ոհմակը պատի տակ կհիշի այն օրը, երբ եկավ ու հրապարակներում խաբեց հայ ժողովրդին»,-ասաց Խաչիկ Մանուկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































