«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունն ու «Արցախ Միություն» ՀԿ-ները բողոքի ցույց են անում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը եւ պաշտպանել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին։ ՀԿ-ները ստորագրել են բաց նամակ՝ ուղղված ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին:
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության փոխտնօրեն Նարինե Աղբալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն արդեն 14 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ։ «Վիճակն արդեն կրիտիկական է, այսինքն՝ ամեն վայրկյանն արդեն կարեւոր է, եւ մենք այս ձեւով փորձում ենք Կարմիր խաչին խնդրել, որպեսզի նրանք անհապաղ այց կատարեն Ռուբեն Վարդանյանին եւ փորձեն կանխել հնարավոր աղետը։ Մեր խնդիրն է, որ նրանք անհապաղ միջամտեն, ընդհանրապես բոլոր գերիների իրավունքների պաշտպանության հարցում ավելի գործուն լինեն, որովհետեւ արդեն իսկ ակնհայտ են խոշտանգումների փաստերը, դրանք հրապարակվել են մամուլում։ Եվ բոլոր այն միջազգային կառույցներն ու կազմակերպությունները, ովքեր մանդատ ու իրավասություն ունեն, պետք է անհապաղ միջամտեն՝ հետաքննելու այդ խոշտանգումների փաստը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու»,- ասաց նա։
Նարինե Աղբալյանի խոսքով՝ հանրային ճնշում պետք է լինի նաեւ ՀՀ իշխանությունների վրա, քանի որ հայ գերիների վերադարձի ուղղությամբ բավարար աշխատանք չի տարվում։ Հասարակությունը չպետք է անտարբեր լինի։ «Ռուբեն Վարդանյանը սիրում էր կրկնել, որ կյանքի հակառակ կողմը մահը չէ, անտարբերությունն է։ Յուրաքանչյուր ոք այսօր այդ անտարբերությունը պետք է թոթափի եւ ուժեղացնի իր ճնշումը թե իշխանությունների, թե միջազգային կառույցների վրա»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Իր ելույթում Նարինե Աղբալյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր րոպեն ու վայրկյանը կարող է ճակատագրական լինել, այսօր դեռ հնարավոր է փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը, վաղն արդեն ուշ է լինելու։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ունի հստակ պարտավորություններ գերիների պաշտպանության, նրանց հանդեպ վերաբերմունքի, առողջապահական ծառայությունների տրամադրման, ընտանիքների հետ կապի ապահովման հարցերում։ «Եվ հենց այս հիմնավորմամբ մենք արդեն երկրորդ անգամ դիմում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին»,- հավելեց նա։ Աղբալյանն ընթերցեց ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին ուղղված իրենց նամակը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































