«Առաջին պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են, որոնք այս հանցագործությունները կատարում են մեր հայրենակիցների հանդեպ։ Երկրորդ պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, որովհետեւ նրանք բոլորը ՀՀ քաղաքացի են, եւ նաեւ ՀՀ իշխանությունների բացթողումների ու ձախողումների հետեւանքով է տեղի ունեցել նրանց առեւանգումը եւ բանտարկությունը»,- Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, որ քանի դեռ ՀՀ պետական մարմինները բոլոր հնարավոր գործիքակազմերով ճնշում չեն գործադրում թե Ադրբեջանի, թե միջազգային կառույցների վրա՝ մենք արդյունք չենք ունենա։ Ըստ նրա՝ ՀՀ-ն ունի խաղաքարտեր՝ բանակցություններին սեղանին օգտագործելու, նաեւ ունի միջազգային գործիքակազմեր՝ տարբեր գործընկերների առաջ այս հարցերը հնչեցնելու։
«Հայաստանի ԱԳՆ-ի փետրվարի 28-ի հայտարարությունը եղավ 1,5 տարի հետո։ Այդ բովանդակությամբ հայտարարություն դեռեւս չէր եղել։ Իսկ ինչո՞ւ եղավ, որովհետեւ կա հանրային ճնշում։ Որքան հանրային ճնշումը մեծանա, որքան հանրային դաշտում օրակարգ դառնա մեր գերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց ազատ արձակումը, այնքան ավելի երեւացող ու էֆեկտիվ կերպով ՀՀ պետական մարմիները կաշխատեն»,- հավելեց նա։
Արտակ Բեգլարյանն անդրադառնալով ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե «Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բաներ է ասել, որ այսօր օգտագործվում են իր դեմ», ասաց, որ ՔՊ-ականների այդօրինակ հայտարարությունները դժվարացնում են հայ գերիների վերադարձի գործընթացը։
Կարդացեք նաև
«Եթե մի կողմից մի հայտարարություն են անում՝ ի պաշտպանություն պատանդների, գերիների, մյուս կողմից նրանց թիրախավորում են, բնականաբար, սա անթույլատրելի է։ ՀՀ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի որեւէ թթու խոսք ասել որեւէ պատանդի, գերու հանդեպ։ Իրենք պետք է միշտ ի պաշտպանություն մեր պատանդների խոսեն, ոչ ավելին»,- ասաց նա։
Արտակ Բեգլարյանը նաեւ հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ռուբեն Վարդանյանի մասին նույնպես վնասեցին գործընթացին։ «Ռուբեն Վարդանյանը եւ բոլոր գերիները մեզ պետք են ողջ, ոչ թե մահացած։ Իսկ Ադրբեջանի իշխանությունները կերազեն, որ եւ Ռուբեն Վարդանյանը, եւ մնացածը բանտում իրենց կամքով մահանան։ Ռուբեն Վարդանյանը հացադուլ է արել, որ գրավի եւ միջազգային հանրության, եւ ՀՀ քաղաքացիների, եւ հատկապես ՀՀ իշխանությունների ուշադրությունը։ Սա բոլորիս համար առիթ է, որպեսզի մենք ավելի արագ շարժվենք, ավելի սրտացավ լինենք եւ ավելի բարձր գոռանք այն պահանջների մասին, որոնք այստեղ ներկայացնում ենք»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունն ու «Արցախ Միություն» ՀԿ-ներն այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը եւ պաշտպանել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին։ ՀԿ-ները ստորագրել են բաց նամակ՝ ուղղված ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին:
Արտակ Բեգլարյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մոտ իր ելույթում ասաց․ «Բաքվում դատվում է միջազգային իրավունքը, բայց առաջին հերթին դատվում ենք մենք՝ հայ ժողովուրդը եւ հայ ժողովրդի ազատություններն ու իրավունքները, հայ ժողովրդի արժանապատվությունը եւ ամբողջ Արցախի Հանրապետությունը։ Մեր բացթողումների եւ ձախողումների հետեւանքով է, որ նրանք այնտեղ են, բայց մենք բոլորս կրկին պետք է հիշենք, որ առաջին հերթին սա ՀՀ իշխանությունների պատասխանատվությունն է, որ պետք է ազատեն ու պաշտպանեն մեր գերիներին։ Սա առաջին հերթին ՀՀ իշխանությունների բացթողումն ու ձախողումն է, որ նրանք այնտեղ են։ Նոր դրանից հետո մենք միջազգային հանրությունից, Կարմիր խաչից եւ այլ միջազգային կազմակերպություններից ունենք պահանջներ, ակնկալիքներ»։
Արտակ Բեգլարյանը նշեց, որ ակնկալում են, որպեսզի Կարմիր խաչն իր բոլոր մեխանիզմները կիրառի եւ օր առաջ Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների առողջության զննում իրականացնի։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարմիր Խաչի գրասենյակում ցույցի մասնակիցներն ընդունեց հանրային կապերի պատասխանատու Զառա Ամատունին։ Արտակ Բեգլարյանը զրույցից մանրամասներ հայտնեց․ «Նամակը փոխանցեցինք նրան, ինքը հայտարարեց, որ Ռուբեն Վարդանյանի հացադուլի ժամանակ նրան այցելություն եղել է։ Նշվեց, որ բժշկական հետազոտություն էլ է անցել։ Այսինքն՝ Կարմիր խաչի պատվիրակությունն ունեցել է նաեւ օտարերկրացի բժիշկ, չեզոքությունը պահպանվել է։ Լրացուցիչ տեղեկատվություն պարոն Վարդանյանի առողջության մասին չի կարող փոխանցել մեզ, նույնիսկ ընտանիքին չեն փոխանցում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































