«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի արդեն երրորդ օրն է, որ մասնակցում եմ Մանե Թանդիլյանի, Վարդանի եւ Վարազդատի հայտարարած հացադուլին զուգահեռ անցկացվող նստացույցին: Գիշերն էլ եմ այստեղ մնում: Փորձում եմ մեր ձայնը հասցնել միջազգային կազմակերպություններին, Եվրոպառլամենտի պատգամավորներին, աշխարհում ճանաչված լիդերներին, սոցիալական մեդիայով տարածել օբյեկտիվ տեղեկություն, թե Բաքվի բանտերում իրականում ինչ է կատարվում հայ ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, մասնավորապես, Ռուբեն Վարդանյանի հետ, որոնք ենթարկվում են խոշտանգումների: Արդեն 14-րդ օրն է, ինչ Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել ոչ միայն իր ու իր գործընկերների, այլեւ Հայաստանի ու հայության նկատմամբ իրականացվող այս խայտառակ դատավարության դեմ:
Մենք հորդորում, խնդրում ենք Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնել հացադուլը եւ որպես Հայաստանի արժանի զավակի նրան ու գերեվարված մեր բոլոր քույրերին ու եղբայրներին սպասում ենք հայրենիքում: Նրանք կեղծ մեղադրանքներով դատվում են Ադրբեջանում, որից հետո պատասխանատվություն կրելու է Հայաստանի Հանրապետությունը:
Մեր պահանջը նաեւ Հայաստանի կառավարությունից է, որպեսզի կոնկրետ քայլեր կատարի, թեեւ նման ակնկալիք չունեմ: Հենց այս իշխանության անգործության հետեւանքով է, որ մենք ինքնակազմակերպվում ենք եւ ես նույնպես պատրաստվում եմ միանալ հացադուլին»,-Aravot.am-ին ասաց Սյուզաննա Ավետիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































