Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ այս պահին որեւէ իրավիճակ չկա, որ իշխանությունը փլուզվի, իշխանական բուրգը ճաքեր տա. «Ընդդիմությունն էլ ոչ փողոցային ճանապարհով, ոչ էլ այլ ճանապարհով լուրջ ճնշում չի բանեցնում իշխանության վրա։ Այս պայմաններում գնալ իմպիչմենտի, անիրատեսական է»։
«Իմպիչմենտ հայտարարելու համար պետք է ունենալ սահմանադրական մեծամասնություն. հարցը բերել խորհրդարանական օրակարգ, հետո էլ մեծամասնությամբ հայտարարել իմպիչմենտ եւ հեռացնել վարչապետին։ Այդ մեծամասնությունը չունի ընդդիմությունը»,-«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք իմպիչմենտի գործընթացի իրատեսականությունը, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
Հիշեցնենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մեկ օր առաջ տարածեց հայտարարություն, որում ամրագրված է. «Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար»։
Նշենք, որ ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի, Էդգար Ղազարյանի եւ մի խումբ այլ ընդդիմադիրների կողմից ձեւավորված «Արթուն ենք» հանրային շարժման անդամներն օրեր առաջ խորհրդարան մուտք էին արել ԱԺ պատգամավորներին ուղղված նամակներ՝ Նիկոլ Փաշինյանին` «խելամիտ ժամկետում», 10 օրվա ընթացքում, անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով։
Կարդացեք նաև
Ըստ Արմեն Վարդանյանի՝ եթե ընդդիմությունը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո չկարողացավ իշխանությունը վերցնել, հիմա դրա համար որեւէ նախադրյալ չկա. «2020-ից հետո բազմաթիվ ՔՊ-ականներ պատրաստ էին «թռնել» կուսակցությունից, անորոշության մեջ էին։ Հիմա իշխանությունն ամրապնդել է իր դիրքերը։ Այն մարդիկ, որոնք պետք է դուրս գային, դուրս եկան կուսակցությունից։ Հիմա դրա համար որեւէ նախադրյալ ես չեմ տեսնում։ Չկա քաղաքական ճգնաժամ, չկա ֆորսմաժորային իրավիճակ, որ ՔՊ-ականները դուրս գան կուսակցությունից։ Նույնիսկ եթե մեկ-երկու ՔՊ-ական էլ լքի կուսակցությունը, դա բավարար չէ»։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգ այս պահին կա՞, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է, դրանում որեւէ կասկած չկա։ Իմ կարծիքով՝ 50 տոկոս էլ չի հավաքելու հաջորդ ընտրություններին։ Մինչեւ մյուս տարվա խորհրդարանական ընտրություններ որեւէ արտառոց իրադարձություն չի լինելու, իշխանափոխություն չի լինելու։ Այնպես որ, իշխանության փոփոխության միակ իրական տարբերակը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններն են»։
Մեր այն դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ-ին ուղղված հռետորաբանությունը փոխվել է, հայտարարություններ են հնչում, թե ՌԴ-ի հետ հարաբերությունները լարելու մտադրություն չունեն, սա չի՞ նշանակում արդյոք, որ արդեն նա 2026-ի քարոզարշավն է սկսել, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Իրականում Փաշինյանը որոշել է նոր խնդիրներ չբերել ՀՀ-ի համար՝ մանավանդ այս դժվար փուլում, երբ տեսնում ենք, որ Արեւմուտքից էլ, ԱՄՆ-ից էլ այն աջակցությունը չկա, ինչ Բլինքենի, Բայդենի վարչակազմի օրոք էր։ Աշխարհում անորոշությունների փուլ է, եւ գնալ ՌԴ-ի հետ հարաբերություններն ավելի վատացնելու ճանապարհով, այդքան էլ ռացիոնալ չէ։ Նիկոլ Փաշինյանը կփորձի ՌԴ-ից ՀՀ-ի կախվածությունը թուլացնել ավելի լռելյայն՝ առանց հայտարարությունների, ինչպես «Զվարթնոց»-ից եւ հայ-իրանական սահմանից հանվեցին ռուս սահմանապահները։ Քայլ առ քայլ Նիկոլ Փաշինյանը կփորձի ՌԴ-ից ՀՀ-ի կախվածությունը թուլացնել առանց որեւէ լուրջ հակամարտության»։
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Արեւմուտքի վերաբերմունքը. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա հայտարարություն չարեց եւ արդյոք սա չի՞ նշանակում, որ ԵՄ-ից մեր սպասելիքները չափազանցեցված են, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ցեղասպանության հարցով Արեւմուտքից մեծ ակնկալիքներ չենք ունեցել. այն երկրները, որոնք պետք է ճանաչեին Հայոց ցեղասպանությունը, արդեն հայտարարել են այդ մասին։ Հայտարարություններ չլինելու մեղավորությունը նաեւ մեր դիվանագիտական կորպուսինն է, որն առաջնահերթություն չի համարել եւ չի աշխատել արեւմտյան երկրների հետ»։
Կրկին վերադառնալով իմպիչմենտի թեմային՝ Արմեն Վարդանյանը կարծիք հայտնեց՝ բուն գործընթացի վերջնանպատակն իմպիչմենտը չէ. «Պարզ մաթեմատիկա իմացող, քաղաքականությունից հասկացողը տեսնում է, որ չկա քաղաքական ճգնաժամ, չկա որեւէ նախադրյալ, որ իմպիչմենտ է լինելու։ Իսկ ինչո՞ւ են տանում գործընթացն իմպիչմենտի ճանապարհով, այդքան էլ հասկանալի չէ։ Ուրեմն այլ խնդիր կա»։
Մեր հակադարձմանը՝ ինչպե՞ս չկա ճգնաժամ, իսկ իշխանության ձախողումնե՞րը, այն, որ sms-ով Նիկոլ Փաշինյանն անձանց պաշտոններից հեռացնում է, մի՞թե սա չի կարող լուրջ պատճառ լինել, որ այդ գործընթացը տեղի ունենա, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Համաձայն եմ, բայց նախադրյալ չկա իշխանության ներսում, ոչ էլ երկրում քաղաքական ճգնաժամ կա։ Իսկ որ իշխանությունը բազմաթիվ ձախողումներ է ունեցել, պարզ է։ Համենայնդեպս, չկա այն փողոցային ճնշումը, որ տասնյակ հազարավոր մարդիկ գնան, ԱԺ-ի դիմաց կանգնեն եւ փորձեն ճնշում գործադրել, որ ՔՊ-ականների մի մասը իմպիչմենտին կողմ քվեարկի։ Չկա այն քաղաքական ճգնաժամը, որ 2008-ին կար, երբ իշխանական պատգամավորները մեկը մյուսի հետեւից հայտարարում էին ՀՀԿ-ն լքելու եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմն անցնելու մասին։ Երբ քաղաքական պատմությանն ենք նայում, դրա նման որեւէ իրավիճակ չկա, որ իշխանությունը փլուզվի, իշխանական բուրգը ճաքեր տա։ Ամուր, կուռ, համառ ապրում են իշխանության ներկայացուցիչները։ Ընդդիմությունն էլ ոչ փողոցային ճանապարհով, ոչ էլ այլ ճանապարհով լուրջ ճնշում չի բանեցնում իշխանության վրա։ Այս պայմաններում գնալ իմպիչմենտի, անիրատեսական է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.05.2025


















































