Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ի տիրույթում է համակարգել քաղաքացիների ու Կենտրոնական բանկի (ԿԲ) միջեւ եղած իրավահարաբերությունները. Կարագյոզյան

Մայիս 05,2025 15:34 Share

Քիչ առաջ ֆինանսական զեղծարարություններից տուժած քաղաքացիները հասան մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակ: Գրասենյակից քաղաքացիներին հանդիպում առաջարկեցին 15 քաղաքացու մասնակցությամբ ու առանց լրատվամիջոցների ներկայության, ինչին քաղաքացիները համաձայնություն տվեցին:

-ՄԻՊ-ի տիրույթում է համակարգել քաղաքացիների ու Կենտրոնական բանկի (ԿԲ) միջեւ եղած իրավահարաբերությունները: Այս բողոքով ենք եկել ՄԻՊ գրասենյակ: Ենթադրելի է, որ իրենք ուզելու են գրավոր փաստաթուղթ, որի շրջանակում գործեն: Գրավոր փաստաթուղթ ներկայացնելուց չենք կաշկանդվում, կարող ենք ձեռագիր էլ քաղաքացիների անունից գրել ու մուտք անել: Համապատասխան պաշտոնյան թող լսի ու պատասխանի մեր հարցերին,- ասաց տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Մհեր Կարագյոզյանը:

Հետո կոչ արեց քաղաքացիներին ներս մտնել գրասենյակ. «Համ անձրեւ է գալիս, համ մեր շենքն է, ինչ կլինի որ, եկեք ներս մտնենք»:

Ցուցարարները չհասցրին ներս մտնել, դուրս եկավ ՄԻՊ խորհրդականը եւ առաջարկեց հանդիպում՝ 15 ցուցարարի մասնակցությամբ եւ առանց լրատվամիջոցների ներկայության:

Մհեր Կարագյոզյանն էլ ասաց լրագրողներին, որ հանդիպման ժամանակ հարցնելու է՝ ինչու մինչեւ հիմա չի եղել արձագանք իրենց խնդրին ու արդյոք պարտադիր է, որ քաղաքացիները դիմեն ՄԻՊ-ին, որ համակարգվեն քաղաքացի-պետական մարմին իրավահարաբերությունները:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին տուժած քաղաքացիները կրկին Կենտրոնական բանկի դիմաց ցույցի էին դուրս եկել, այդ օրը, ինչպես այսօր, նույնպես Կենտրոնական բանկից ոչ մեկը նրանց չլսեց, հուսադրող ոչինչ չասաց: 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031