Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կին պատգամավորները վիճեցին․ կառավարությունը չի կարողանում ապահովել 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու խոստումը

Հունիս 10,2025 11:15

«Կարեւորը արդյունքն է, թվերով պետք չի հասարակությանը մոլորեցնել։ Ընդամենը ութ ու քանի տոկոսն է կատարվել, հիմա դուք էստեղ փորձում եք մոլորեցնել բանականության նվազագույն շեմը հաղթահարած պատգամավորներին, որ 460 դպրոց մեկ տարում կկառուցեք։ Լավ էլի»,- այսօր խորհրդարանում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Վահե Հովհաննիսյանը նկատեց՝ 40-ը գուցե ավարտված դպրոցների քանակն է, շինարարական ընթացքի մեջ գտնվող հարյուրավոր դպրոցներ կան։

Կրթության ոլորտի՝ թվային ցուցանիշները ներկայացնելիս ֆինանսների նախարարն ասաց, որ 2024-ին բյուջեն թերակատարվել է։ Թերակատարումների մասին նախարարին հարց տվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Թեման շարունակեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ նկատելով, որ թերակատարումները հիմնականում դպրոցաշինությանն են վերաբերում։ Նա կարծում է, որ թերակատարման պատասխանատուն ոչ միայն կառավարությունն է, այլ քաղաքական թիմը՝ ՔՊ-ն եւ առաջարկեց՝ հանրությանը անկեղծ ասել՝ խոստումը, որը տրվել էր, իրատեսական չէր։ Մի քանի տարիների կտրվածքում, ըստ պատգամավորի, 40-42 տոկոս կատարողական է ապահովվում կառավարությունը։

Կառավարությունն իր հնգամյա ծրագրում խոստացել էր մինչեւ 2026 թվականը կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ 2024-ին կառուցվել է 40 դպրոց, 2025-ի ավարտին կառուցվելու է ևս 65 դպրոց։

Վահե Հովհաննիսյանը հակադրվեց ընդդիմադիր պատգամավորին՝ պնդելով, որ կառավարությունն իր խոստումը կկատարի եւ 2024-ի թերակատարումները կփոխանցվեն 2025։ Իր պնդմամբ՝ 2025-ի ավարտին կառուցված 110 դպրոց կունենանք։ Ըստ նրա, 2025-ին շինարարական աշխատանքները չորս ավել անգամ արագ տեմպերով են իրականացվելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Վահե Հովհաննիսյանի եւ Լիլիթ Գալստյանի «փոխհրաձգությանը» միջամտեց նիստը վարող Ծովինար Վարդանյանը։

«Տիկին Գալստյան, բանականության շեմը եթե հաղթահարել ենք, պետք է տեսնենք, որ շինարարությունը վազքի մրցույթ չէ, որ ամեն քայլի տոկոս ցույց տա։ Բանականության շեմը եթե հաղթահարել եք, պետք է պատկառանքի շեմը հաղթահարել եւ տեսնել, որ այսքան ժամանակ, որ ոլորտը ՀՅԴ-ի ձեռքում էր, ի՞նչ է արել ՀՅԴ-ն»,- Լիլիթ Գալստյանին նախատեց նա։ Միջամտեց նաեւ Արմենուհի Կյուրեղյանն էլ ու ՀՅԴ-ական կանանց եւ ՔՊ-ական կնոջ միջեւ լեզվակռիվ սկսվեց։

«100 դպրոց կառուցել է Դաշնակցությունը։ Դուք կեղծ տվյալներ եք տալիս եւ թույլ չեք տալիս պատասխանել»,- վեճի մեջ հայտարարեց Լիլիթ Գալստյանը։

«Կեղծը ձեր տված թյուրիմացությունն է»,- արձագանքեց Ծովինար Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական քննարկումը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30