Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստ Արթուր Չախոյան. «Երեւանի քաղաքապետարանը իմ տան տանիքի վրա, որը ես իմ սեփական միջոցներով եմ կառուցել, գումարներ է դուրս գրել»

Հունիս 16,2025 19:03

Ակտիվիստ Արթուր Չախոյանը գրառում էր կատարել, որով լրատվամիջոցներին հրավիրում էր Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ, որպեսզի Երեւանի քաղաքապետարանին հանձնի «իրենց իսկ կոռուպցիան»:

Գալով հանդիպման վայր՝ նա հայտարարեց. «Կոռուպցիան կայանում է նրանում, որ Երեւանի քաղաքապետարանը իմ տան տանիքի վրա, որը ես իմ սեփական միջոցներով եմ կառուցել, գումարներ է դուրս գրել: Եվ հիմա իրենց շինանյութը, որ իրենք դուրս են գրել, իրենց կոռուպցիան բերել եմ՝ հանձնեմ Երեւանի քաղաքապետարանին:

Կոռուպցիան այ այսպես է լինում: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, բոլորս էլ շատ լավ գիտենք ու գիտակցում ենք, որ սա միակ ու եզակի դեպքը չէ: Այսինքն, բոլորն էլ գիտեն, որ Երեւանի քաղաքապետարանը նման կերպ, որ տանիքները չեն նորոգում, բնակիչներին նորոգել են տալիս, որ իրենք նորոգված տանիքների վրա շինանյութ դուրս գրեն եւ փող թալանեն: Հիմա ես տվյալ դեպքով ակնհայտ ապացուցեցի: Սա էլ Երեւանի քաղաքապետարանի չակերտավոր «կազմած ցուցակն է», որ իբրեւ թե ես՝ Արթուր Չախոյանս, շինանյութի հայտ էի ներկայացրել տանիքը նորոգելու համար: Նման բան բնավ չի եղել: Այսինքն, սուտ, կեղծ փաստաթուղթ են կազմել իմ անունով, որ փող եւ շինանյութ դուրս գրեն:

Ես շաբաթ օրը գնացել, այդ կոռուպցիան ստացել եմ, առհասարակ միտում չեմ ունեցել որեւէ բան գողանալու, այլ իրենց գողությունը վերցրել եմ, որ բերեմ-հանձնեմ իրենց, ի ցույց դնեմ հանրությանը, որ հետո չմանիպուլացնեն: Այսինքն, որպեսզի վաղն անհերքելի լինի, որ հետո չասեն՝ մենք չէինք տրամադրի իրեն, վրիպակ է տեղի ունեցել:

Պատկերացնո՞ւմ եք, թե բոլոր վարչական շրջաններում քանի այսպիսի միլիոնավոր դրամներ կարող են դուրս գրել: Հիմա ես այս շինանյութը նվիրատվություն եմ անում քաղաքապետարանին, վերադարձնում եմ: Թող տանեն ծախեն, ինչ ուզում են, անեն:

Ես ամեն ինչը տեսաձայնագրել եմ, թե ինչպես եմ գնում, վերցնում: Չեն կարող ասել, թե Չախոյանը առել ե, գողացել է: Պաշտոնյաները տեղյակ են»,-հայտարարեց ակտիվիստը եւ շինանյութը բեռնատարից իջեցրեց քաղաքապետարանի գլխավոր մուտքի առջեւի մայթին:

Արթուր Չախոյանի մոտավոր հաշվարկով այդ շինանյութը կարող է արժենալ 500 հազար դրամ:

Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանի պարզաբանումից հետո Արթուր Չախոյանը գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է. «Հայկ Կոստանյանը իր հայտարարության մեջ նշել և կցել է իմ 23.02.2023թ դիմումը, որով ես դիմել էի շքամուտքի վերանորոգման նպատակով։ Նա նշել է, թե իբր «սխալմամբ է ներառվել շենքերի տանիքների երկաթյա թիթեղների տրամադրման ցանկում»։

Փաստացի՝ ինչպես միշտ, կոռուպցիան ներկայացնում են որպես «սխալմունք»։

Սակայն ես ունեմ հիմնավոր փաստեր, որոնք ապացուցում են, որ ցուցակը միտումնավոր է կազմվել՝ հետագայում գումար դուրս գրելու նպատակով։

Այսինքն՝ որևէ «սխալմունք» իրականում չի եղել։

Ուրեմն սկսենք սկզբից։

Այո, ես 23.02.2023թ դիմում եմ ներկայացրել շքամուտքի վերանորոգման համար, երբ նախօրոք տեղեկացել էի, որ վարչական շրջանը իրականացնում է նման ծրագիր։ Շքամուտքի վերանորոգման դիմումիցս առաջ՝ նախկին Նոր Նորք վարչական շրջանի մի պաշտոնյայից խնդրել էի, որ ինձ տրամադրեն 2023թ վերանորոգման ենթակա շքամուտքների հասցեական ցուցակը, որը ինձ տրամադրվել էր 22.02.2023թ, որից հետո նոր 23.02.2023թ դիմում էի ներկայացրել շքամուտքի վերանորոգման համար։

Ցանկը ստուգելիս պարզվեց, որ այդ ցուցակում առկա էին շքամուտքեր, որոնք արդեն վերանորոգված էին, ինչպես նաև հասցե, որը գոյություն չունի։ Այդ ամենի մասին ես անմիջապես տեղեկացրել եմ վարչական շրջանի մի պաշտոնյայի և հայտնել, որ հետևողական եմ լինելու այդ գործընթացին։ Արդյունքում՝ արդեն իսկ վերանորոգված շքամուտքների կոռուպցիոն սխեման կանխել էի։

Այսինքն՝ պարզից էլ պարզ է, որ նույն ժամանակահատվածում կազմվել են կեղծ ցուցակներ՝ արդեն իսկ վերանորոգված շքամուտքերի և վերանորոգված տանիքների համար, հետագայում գումար դուրս գրելու նպատակով։

Այսպիսի բազմակի «սխալմունքների» զուգադիպություն չի կարող լինել, դա հենց կոռուպցիայի մասին է վկայում»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30