Լրահոս
Օրվա լրահոսը

2-րդ բանակային կորպուսի զորամասի թիկունքի պետը՝ նոր կահավորված հենակետում հրդեհի բռնկման, թշնամու հնարավոր դիվերսիոն գործողության մասին

Օգոստոս 08,2025 17:02 Share

Այսօր Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի քննության գործով հարցաքննվեց  երկրորդ բանակային կորպուսի զորամասի թիկունքի նախկին պետ Շիրազ Խաչատրյանը:

Նա պատմեց, որ դեպքի վայրում օգնել է դիակների դուրս բերման աշխատանքներում, մի զինվորի տեսել է մահճակալի վրա պառկած, մյուսին դեմքի վրա ընկած: Այս վկան աշխատանքից ազատվել է  իր զեկուցագրի հիման վրա՝ դեպքի հենց հաջորդ օրը: Ասաց՝ այդպես է նպատակահարմար գտել:

Անդրադառնալով կացարանում հակահրդեհային միջոցներին՝ վկան ասաց՝ այդ միջոցներից նկատել է ուրալների դիմաց, երկու հատ փոքր օգտագործած հակահրդեհային միջոց էլ մի կողմում էր գցած:

Նրա խոսքով՝ բանակային կորպուսի կողմից հատկացվել են հակահրդեհային անվտանգային միջոցներ ըստ պահանջարկի, վստահեցրեց, որ հատկացումները հաստատող մեծ քանակությամբ փաստաթղթեր էլ կան:

Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը նրան հարց ուղղեց՝ եղե՞լ է իրավիճակ, որ դեպքի վայր գնալուց հետը տանի կրակմարիչներ, տպավորություն ստեղծելու համար, որ կացարանում բավարար քանակությամբ կրակմարիչներ են եղել: Ի պատասխան՝ վկան ասաց՝ պատճառ չի եղել, որ նման խնդիր դնի: Նրա խոսքով՝ դեպքից հետո հանձնարարել է, որ նայեն, եթե կրակմարիչները քիչ են, ավելացնեն, որ նման խնդիրներից խուսափեն. «Զեկուցել են, որ բացի տակդիրներից՝ ամեն ինչ կատարված է»:

Նորիկյանը նաեւ հղում արեց  զորամասի նախկին հրամանատար Արգամ Գեւորգյանի ցուցմունքին, ըստ որի, դեպքից 10 օր առաջ Խաչատրյանին ուղեկցել է Ազատ գյուղի կացարան, ուսումնասիրություններ են  կատարել, հետաքրքրվեց կացարան այցելելու մասին:

«Զորամասի հրամանատարի հետ կացարանում չենք եղել: Եղել ենք Շորժայի ու Զոդի կացարաններում, հաճախակի ստուգումներ եղել են, բայց հենց Ազատի կացարանում չեմ եղել»,- պատասխանեց վկան:

Հարցին, թե բնակության  չափորոշիչներին կացարանի չհամապատասխանելու մասով որեւէ զեկուցագիր  ներկայացվե՞լ է, վկան պատասխանեց՝ ոչ:

Նորիկյանը հիշեցրեց, որ զորամասի նախկին հրամանատար Արգամ Գեւորգյանն իր ցուցմունքում հայտնել էր,  որ ինքը բազմիցս դիմել է վերադասին, որ ապահովեն բարեկարգ կացարաններով, սակայն չեն ապահովել: Խաչատրյանն ասաց՝ պատերազմից հետո տարբեր զեկուցագրեր են ստացել, որ չկան համապատասխան կացարաններ ընդհանուր զորամասի մասով: Բայց սեպտեմբերյան պատերազմից հետո այնպիսի իրավիճակ էր, որ շատ տեղերում նույնիսկ զինվորները վրաններում էին տեղակայված, այդ համեմատության վրա, Ազատի կացարանը նույնիսկ լավագույն կացարաններից էր համարվում:  Նորիկյանը հետաքրքրվեց՝ ՀՀ իշխանությունը տեղյա՞կ եղել է, որ ԶՈՒ մի ամբողջ զորամաս ապրում է չափորոշիչներին չհամապատասխանող շինություններում, նման պայմաններում, վկան պատասխանեց՝ պատերազմ էր, վերադաս կազմից հաճախակի այցելում էին, ինչ հնարավոր էր, արվել է, բայց  առաջնային աշխատանքները արվում էին  առաջնագծի վերականգնման ուղղությամբ:

Նորիկյանը վկայից նաեւ հետաքրքրվեց՝ քրեական վարույթի նյութերով պարզվել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Ազատ գյուղի կացարանի հրդեհի դեպքից երկու ամիս առաջ նույն զորամասի մարտական դիրքերից մեկում բենզինով վառարանը վառելու հետեւանքով կրկին հրդեհ է բռնկվել, հիշո՞ւմ եք նման դեպք:

-Մարտական հենակետում եղել է, նոր կահավորված հենակետում՝ սննդի պահեստի կողքին: Քննություն է  գնացել, մինչեւ հիմա երեւի գնում է, այդտեղ զենք էլ է եղել, խնդիրներ է  եղել:  Քննչականը զբաղվում էր դրանով, ինձ զեկուցել են, տեղեկացել ենք, կորուստներն ենք նայել, ներկայացրել գլխավոր շտաբ,- պատմեց վկան:

-Ունե՞ք նման տեղեկություն, որ զորամասի այլ ստորաբաժանումներից մեկում տագնապ է եղել,- այս հարցին էլ վկան պատասխանեց՝ չունեմ նման տեղեկություն:

Վկան բացառեց նաեւ այդ օրերի ընթացքում հակառակորդի որեւէ ստորաբաժանման կողմից դիվերսիոն հնարավոր գործողություններ, ինչի արդյունքում կարող էր հրդեհը բռնկվել:

-Բացառում եմ, որ դիվերսիայով մտնեին գյուղ,- պատասխանեց վկան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031