Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք կարող թույլ տալ, որ այս պոտենցիալը կորի». Նազիկ Ավդալյանը Արթիկի Փանիկ գյուղում մարզադպրոց է ստեղծում

Հոկտեմբեր 08,2025 12:34

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, առաջին հայ կին աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հայտարարել է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ստեղծման մասին։ Հիմնադրամը կոչված է խթանելու առողջ կենսակերպը Հայաստանում, զարգացնելու սպորտային ենթակառուցվածքները և ներգրավելու հասարակության բոլոր շերտերին ֆիզիկական ու հոգեբանական զարգացման համապարփակ գործընթացում։

Նազիկ Ավդալյանը, որը միջազգային հարթակներում նվաճած իր հաղթանակներով դարձել է ոգեշնչման աղբյուր հազարավոր հայերի համար, վստահ է․ «Սպորտը ոչ միայն մարմնի, այլև հոգու ուժի ձևավորում է։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա, երիտասարդ կամ մարզիկ պետք է ունենա հավասար հնարավորություն զարգանալու, ուժեղանալու և հաղթելու՝ անկախ իր պայմաններից կամ բնակության վայրից»։

«Հիմնադրամի գործունեության առանցքում առողջ ապրելակերպի տարածումն ու հանրային իրազեկվածության բարձրացումն է։ Այն նպատակ ունի զարգացնել սպորտային ենթակառուցվածքները, ստեղծել մարզասրահներ և վերականգնողական կենտրոններ, ներգրավել սոցիալապես խոցելի խմբերի, սահմանամերձ և գյուղական համայնքների երիտասարդներին սպորտում։ Հիմնադրամը նախաձեռնելու է նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, մրցաշարեր և միջազգային փորձի փոխանակման նախաձեռնություններ, ինչպես նաև կնպաստի սպորտային հոգեբանության զարգացմանը»,-նշում է Ավդալյանը։

Նրա խոսքով՝ հիմնադրամի առաքելությունն է ձևավորել ֆիզիկապես ու հոգեպես առողջ հասարակություն, որտեղ սպորտը դիտվում է ոչ միայն որպես հաղթանակի միջոց, այլև որպես կյանքի որակ բարձրացնող ուժ և հասարակական համերաշխության գործիք։ Հիմնադրամի գործունեությունը համահունչ է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին և ուղղված է սոցիալական ներառականության, համայնքային կայունության և հավասար հնարավորությունների ապահովմանը։

Շահառուների շրջանակը ներառում է Հայաստանի հասարակության լայն շերտերը՝ անչափահասներից և սիրողական մարզիկներից մինչև պրոֆեսիոնալ մարզիչներ, սպորտային բժիշկներ ու սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներ։

«Սպորտը մեր ազգային ինքնության և առողջ ապրելակերպի առանցքային մասն է։ Սակայն մարզերում ենթակառուցվածքների բացակայությունը, հոգեբանական աջակցության սահմանափակ հասանելիությունը և երիտասարդների շրջանում ֆիզիկական ակտիվության նվազումը ցույց են տալիս, որ ժամանակն է նոր ու համակարգային մոտեցման։ Մենք գալիս ենք լրացնելու այդ բացերը և ստեղծելու ապագա հաղթանակների ամուր հիմք։ Առաջին խոշոր ծրագիրը կյանքի կկոչվի Շիրակի մարզի Արթիկի խոշորացված համայնքի Փանիկ գյուղում, որտեղ կառուցվելու է ժամանակակից մարզադպրոց՝ լիարժեք ենթակառուցվածքներով, համապատասխան միջազգային չափանիշներին։ Այս նախագիծը ոչ միայն մարզական համալիր է, այլև համայնքային զարգացման և կրթության կենտրոն։ Այն կոչված է խթանելու մարզական ակտիվությունը, առողջ ապրելակերպը, համայնքային ներգրավվածությունը և սոցիալական ներառումն՝ ամբողջ Շիրակի մարզում և հարակից տարածքներում»,-նշում է Նազիկ Ավդալյանը։

Մարզերում ապրող երեխաները հաճախ ավելի ֆիզիկապես ամրակազմ են, դիմացկուն, վճռական։ Սակայն այդ ռեսուրսը հաճախ մնում է չնկատված և չօգտագործված։ Ավդալյանը փաստում է՝ մենք չենք կարող թույլ տալ, որ այս պոտենցիալը կորի։ Սպորտը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ այս երեխաները կբացահայտեն իրենք իրենց, կձևավորեն առաջնորդական հատկանիշներ, և կսովորեն պայքարել ու հաղթել՝ ոչ միայն մարզադահլիճում, այլև կյանքում։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031