«Սրբազան պայքարի» գործով անցնող Բագրատ սրբազանի խափանման միջոց կալանքը այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ՝ երկարաձգվեց եւս 3 ամսով։ Նիստը նախագահողը բավարարեց մեղադրող դատախազի միջնորդությունը խափանման միջոցի վերաբերյալ։
«Ես բացարձակ չեմ խնդրում կալանքիս ձևը փոխել, ես պայքարի մեջ եմ ՀՀ և կորսված Արցախի համար և մնալու եմ այդ պայքարի մեջ՝ լինի դա բանտում, թե գերեզմանում, դուք ինչքան ուզում եք՝ այդ կալանքը երկարացրեք»,- ասաց Բագրատ սրբազանը:
Մինչ դատարանի որոշման հրապարակումը Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը անդրադարձավ այն հանգամանքին, որ Բագրատ սրբազանին ՔԿՀ-ում պահելն անարգանք է ՀՀ իրավապահ համակարգի եւ արդարադատության նկատմամբ։
Կարդացեք նաև
«Մեղադրանքի հիմքում կեղծ ապացույցներ են։ Բոլոր կեղծ ապացույցները դրված են եղել այս գործով բոլոր մեղադրյալների նախաքննական կալանքների հիմքում, դատարանն էլ ի գիտություն է ընդունել կալանքների առկայությունը, չի անդրադարձել հիմնավոր կասկածին եւ անցել առաջ։ Արդյո՞ք դատարանը հիմնավոր կասկած գնահատելու է՝ հաշվի առնելով, որ կան կեղծ ապացույցներ, թե՞ ոչ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































