Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին խմբաքանակի ներկրման ժամանակ բոյկոտ դրսեւորվեց, եղան ցանցեր, որոնք հրաժարվեցին վաճառել ադրբեջանական բենզինը»

Հունվար 08,2026 17:13

«Սահմանազատման գործընթացը հենց դրա մասին է, որ ճշգրտվեն փոխադարձաբար ճանաչված տարածքները Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Դուք գիտեք, որ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում արձանագրված է Ալմա Աթայի հռչակագիրը՝ որպես սահմանազատման բազային սկզբունք, եւ դա պետք է իրագործվի»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանցիները դուրս կգա՞ն ՀՀ ինքնիշխան տարածքներից։

Նա նշեց, որ սահմանազատման հարցով հանդիպում է տեղի ունեցել, հիմա որոշակի աշխատանքային պրոցեսներ են տեղի ունենում․ «Եվ պատեհ առիթով սահմանազատման գործընթացը կշարունակվի։ Այսինքն՝ հիմա էլ է շարունակվում, բայց ամեն ինչ չէ, որ գետնի վրա է տեղի ունենում։ Գետնի վրա էլ, իհարկե, տեղի կունենա, որովհետեւ հատկապես կապուղիների եւ TRIPP ծրագրի մեկնարկի համատեքստում պետք է սահմանի հատվածները սահմանագծվեն, որպեսզի կոմունիկացիաները սկսեն աշխատել։ Եվ, այո, ես գիտեմ, որ ակտիվ աշխատանք է գնում, երբ գետնի վրա լինի, համապատասխան տեղեկատվություն կունենաք»։

Անդրադառնալով Ադրբեջանից Հայաստան վառելիքի տեղափոխմանը, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Փոխվարչապետերի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետը արտահայտել է Ադրբեջանի պատրաստակամությունը՝ վաճառելու նավթամթերք։ Հայաստանի կառավարությունը, նախնական ուսումնասիրելով դաշտը, այն գործարարներին, որոնք մեր գնահատմամբ հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, մենք ասել ենք, որ կա այդպիսի հնարավորություն։ Եթե չեմ սխալվում՝ Հայաստանի կողմից երկու ընկերություն կապ է հաստատել։ Առաջին խմբաքանակի ներկրման ժամանակ բոյկոտի դրսեւորում եղավ, որովհետեւ եղան ցանցեր, որոնք հրաժարվեցին վաճառել այդ բենզինը։ Եվ հիմա ես կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի կլինի, որ էդ շուկան եւ հնարավորությունը բաց է բոլորի համար, եւ ով ուզենա, կարող է դրանից օգտվել»։

Նա նշեց, որ գործընթացներ կան, Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ ձեռք բերելու, ինչ գնելու ու վաճառելու հարցում են հետաքրքրված․ «Այսինքն՝ կա քննարկում, ես գիտեմ, որ նախնական ապրանքախմբերի ցանկեր են փոխանակվել, դեռեւս ուսումնասիրության պրոցես է գնում»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031