Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսական ընդհանուր մոդելը մենք պետք է փոխենք, մենք պետք է դառնանք երկիր, որը արտադրում է, որը արտահանում է։ Սա մեր հավատամքն է». Նարեկ Կարապետյան

Մարտ 02,2026 23:33 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը համացանցով հանրությանը Սամվել Կարապետյանի առաջարկած՝ Հայաստանում դեղերի գները 20 տոկոսով իջեցնելու ծրագրային կոնցեպտի ներկայացումն ամբողջականացրեց՝ քաղաքացիների ուղարկած տարաբնույթ հարցերին պատասխանելով։

Խնդիրը միայն 20%-ով էժան դեղերը չէ։ Մասնավորապես, ծանր հիվանդությունների ժամանակ օգտագործվող դեղորայքը դեղատներում ընդհանրապես չկա։ Դրանք անհայտ ճանապարհով գալիս են Հայաստան, ու մարդիկ դրանք գնում են սև շուկայից՝ մի քանի անգամ ավելի բարձր գներով, քան Վրաստանում կամ Ռուսաստանում։

Հայաստանում շատ դեղեր կան, որոնք գրանցված չեն, և այդ իսկ պատճառով մարդիկ այլ երկրներից չգրանցված դեղեր են բերում, ոչ լավ պայմաններում պահված, ինչը առողջությանը նոր մարտահրավերներ է տալիս։ Մեր առաջարկը հենց դա է, որ ազատականացնենք, Հայաստանում թույլ տանք, որ 3800 գրանցված դեղերի տեղը գրանցվի 8000 դեղ Եվրոպական միությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որոնք արդեն անցել են բոլոր ստուգումները այդ երկրներում։ Եվ այդ հարցը կլուծի խնդիրը, որը վերաբերում է հազվադեպ հանդիպող դեղեր գտնելուն։ Այսինքն՝ հազվադեպ հանդիպող հիվանդությունների համար դեղը, եթե Եվրոպայում, Ամերիկայում գրանցված է, Հայաստանում ավտոմատ գրանցված կլինի։ Եվ դեղատները, ներառյալ ինտերնետ դեղատները, հնարավորություն կտան գնել։

Դեղերի գները, իհարկե, անհրաժեշտ է կարգավորել պետական մակարդակով։ Առաջին անհրաժեշտության դեղերի վրա պետք է լինի պետական մինիմալ գին։ Դրան կարելի է հասնել միայն տեղական արտադրություն ունենալով։ Արդյոք հաշվարկներ և ուսումնասիրություններ կա՞ն, թե ինչ դեղեր և բժշկական պարագաներ կարելի է Հայաստանում արտադրել։ Տեղական արտադրություն ունենալը պետական անվտանգության հարց է։

Մեր տնտեսական ծրագրում մենք ունենք առաջին կետ՝ 300 000 նոր աշխատատեղ։ Ի՞նչ է այն իր մեջ ներառում։ Երկրի ներմուծումները 4 միլիարդ դոլարով ավելի շատ են, քան արտահանումները։ Այսինքն՝ մենք մեր երկիր 4 միլիարդ դոլարով ավելի շատ ապրանք ենք բերում, քան արտահանում ենք։ Դա բերում է նրան, որ ամեն տարի մեր երկիրն աղքատանում է, և այդ աղքատության հարցը մենք «լուծում ենք» ավելի շատ փող ուղարկելով, պետական պարտք ավելացնելով, սփյուռքից ուղարկած փողերի հաշվին։

Մեր առաջարկը միշտ եղել է այն, որ 300 000 աշխատատեղի ծրագրում առաջնային է տեղական արտադրություններ հիմնելը, այն ապրանքների տեղայնացնելը, որոնք մենք ներմուծում ենք։ Դա կբերի նրան, որ Հայաստանում կստեղծվեն բոլոր մեծ պահանջարկ ունեցող ապրանքների արտադրություններ։ Ոչ հումքային, իհարկե։ Նավթ չունենք, բայց նավթի վերամշակում կարող ենք անել, ոսկու վերամշակում կարող ենք անել, մանավանդ որ ոսկի ունենք։ Նույնն էլ դեղերի հետ կապված։ Հայաստանում կստեղծվի մեծ պահանջարկ ունեցող դեղամիջոցների արտադրությունը։

Մի քանի օրինակ բերեմ։ Մենք ուսումնասիրել ենք, որ դեղերի, վիտամինների որոշ տեսակներ, երբ հայկական արտադրության են, ամենաուշն են թանկանում, քան ներմուծվողը։ Գներն ավելի կայուն են։ Վիտամինների առումով այդպիսի ուսումնասիրություն կար․ այն վիտամինները, որոնք 300 դրամով էին վաճառվում, հենց հայկական արտադրությունը փակվեց կամ սկսեց արտահանել, դարձան 600 դրամ։

Տեղայնացումը, արտադրությունները լուծելու են Հայաստանում գների հետ կապված հարցերը։ Մենք ունենք երեք ճանապարհ․ մեկը՝ ազատականացնել դեղերի շուկան, երկրորդը՝ պետությունը մեծ գնում անի այն դեղերի, որը տեղում չի արտադրում։ Ոչ թե ուղղակի գնում անի, այլ շրջանակային գին ունենա, որով բոլոր դեղատները կարող են գնալ և օտարերկրյա գործարաններից գնել։ Իսկ երրորդը տեղայնացնելն է, տեղական արտադրություններ ստեղծելը, որը մի քանի հարց է լուծում․ առաջինը՝ աշխատատեղերի հարցը, երկրորդը՝ դեղերի գների հարցը, երրորդը՝ լուծում է ներմուծման փոխարեն տեղական արտադրանքի և արտահանման հարցը։

Սա շատ կարևոր է, և տնտեսական ընդհանուր մոդելը մենք պետք է փոխենք, մենք պետք է դառնանք երկիր, որը արտադրում է, որը արտահանում է։ Սա մեր հավատամքն է։

Պարսկաստանում գները մատչելի են։

Մենք GMP սերտիֆիկատի խնդիր ունենք։ Եվ այդ սերտիֆիկատներին հասնելու համար պետք է պարսկական դեղերն ամեն դեպքում անցնեն այդ ստուգումը։ Պարսկական դեղերն էժան են, բայց ստուգման կարիք ունեն։ Նույնը չեմ կարող ասել եվրոպական ու ամերիկյան շուկաների համար, որտեղ համատարած GMP սերտիֆիկատ կա։ Այն պարսկական դեղերը, որ անցնեն եվրոպական կամ հայկական շուկայի գրանցումը, մենք հնարավորություն կտանք դրանց վաճառք իրականացնել։ Բայց պետք է հիշենք, որ մեր ազգաբնակչության առողջությունն ամենակարևոր բանն է, և մենք պետք է շատ զգույշ լինենք թույլտվություններ տալու ժամանակ։ Թույլտվություն տանք միայն այն դեպքում, երբ դրանք ապացուցված, որակյալ դեղամիջոցներ են։

Էժան դեղորայք ունենալու համար համակարգային, այդ թվում առողջապահական հիմնարար փոփոխություններ են պետք։ Այդ մասով ի՞նչ քայլեր եք նախատեսում ձեռնարկել։

Դեղերի և ընդհանուր առողջապահական ռեֆորմն առանձին հարց է։ Մենք տեսնում ենք, որ ապահովագրությունը պետք է շարունակվի, ապահովագրությունը պետք է լավարկվի։ Ապահովագրությունը կարևոր է Հայաստանի համար, որովհետև հատկապես գյուղերում, համայնքներում մարդիկ տարիներով չեն գնում բժշկի նրա համար, որ կանխատեսում են, թե ինչ ծախսի տակ են ընկնելու։ Ապահովագրությունը լուծում է այդ հարցը։ Մարդը չի մտածում, որ ծախս կլինի իր համար։ Իսկ մեր ազգին հատուկ չէ հիվանդանոց գնալ, մանավանդ տղամարդկանց։ Ու դա բերում է նրան, որ տղամարդկանց մահացության տարիքն ավելի ցածր է, շատ ավելի ցածր, քան կանանցը։

Մենք պետք է ապահովագրության հարցը լուծենք, ֆինանսական առողջապահական ապահովագրության հարցն ավելի լայնացնենք, վերջնականապես բերենք նրան, որ երկրում լինի լավ աշխատող, էֆեկտիվ, բժիշկների իրավունքները չոտնահարող ապահովագրական համակարգ, որը հնարավորություն կտա հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ապահովել անվճար ապահովագրությամբ։ Դա այն ծրագրերից է, որը մենք ոչ միայն կշարունակենք, այլ նաև կլավարկենք։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031