Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Ավանեսով. «2020 թվականի սեպտեմբերից մինչ օրս Արցախում վանդալիզմի դեպքերի քանակը հատել է 1000-ի սահմանը։ Սա թույլ է տալիս պնդելու, որ մենք գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի հետ»

Ապրիլ 19,2026 09:54 Share

Երեկ նշվում էր Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը։ Աշխարհում իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ այցելում են համաշխարհային ժառանգության հուշարձաններ, կազմակերպվում են համաժողովներ, կլոր սեղաններ, մաքրություն է հաստատվում հուշարձանների եւ տեսարժան վայրերի տարածքում։ Իսկ ահա Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրասենյակի պաշտոնական ՖԲ էջում ցավով արձանագրում է, որ ժամանակավորապես բռնազավթած Արցախում Ադրբեջանը իրականացնում է 21-րդ դարի մշակութային խոշորագույն ցեղասպանություններից մեկը։

«Նախ, արձանագրենք, որ արհեստածին Ադրբեջան պետությունը երբ 2018 թվականին կազմավորվեց որպես թուրք-բոլշեւիկյան համատեղ նախագիծ, ստեղծման առաջին իսկ օրվանից վարում է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմամշակութային ժառանգության յուրացման եւ ոչնչացման քաղաքականություն եւ այդ քաղաքականությունը մինչ օրս շարունակվում է բռնազավթված հայկական բնակավայրերում, հատկապես Արցախում, Նախիջեւանում։

Ինչպես գիտենք, Նախիջեւանի հարուստ պատմամշակութային ժառանգության 99,9 տոկոսը ոչնչացված է։ Եվ ցավոք սրտի, նույն ճակատագրին կարող է արժանանալ ժամանակավորապես բռնազավթված մեկ այլ բնակավայր՝ Արցախը, որտեղ պարբերաբար ականատես ենք լինում մշակութային ժառանգության յուրացման եւ ոչնչացման քաղաքականության։

Այդ քաղաքականությունն իրականացվում է պետական ամենաբարձր մակարդակով, որը համակարգում է Ադրբեջանի նախագահ, ռազմական հանցագործ եւ գերագույն գլխավոր կեղծարար Իլհամ Ալիեւը»,-ասում է Հովիկ Ավանեսովը եւ որպես իր խոսքերի ապացույց, արձանագրում, թե ինչպես է Արցախի Ծակուռի գյուղի եկեղեցու բակում կանգնած, Ադրբեջանի ղեկավարը հանձնարարել համապատասխան կազմակերպություններին՝ վերացնել արձանագրությունները հայկական եկեղեցիներից եւ հայկական խաչքարերից՝ պնդելով, թե իբր, այդ արձանագրությունները հայերի կողմից են արվել այդ հուշարձանները հայկականացնելու նպատակով։

«Այդ կեղծիքը տարածում են տարբեր մակարդակներով, դպրոցական դասագրքերից սկսած՝ պետական քարոզչամեքենաներով ավարտած։ Մյուսը հայկական հուշարձանների սրբազան մասնիկների օգտագործումն է շինարարական նպատակներով։ Տասնյակ փաստեր արձանագրվել են Ծար գյուղում, բերդաքաղաք Շուշիում, երբ որ հայկական հուշարձանները, եկեղեցիները ոչնչացվեցին եւ սկսեցին օգտագործվել շինարարական նպատակներով եւ այդ տարածքներում ադրբեջանցի օկուպանտների համար ենթակառուցվածքներ ստեղծվեցին։ Սա նույն ձեռագրին է, երբ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանությանը զուգահեռ իրականացվում էր մշակութային ցեղասպանություն։ Այդ ձեռագիրը չի փոխվել եւ մինչ օրս շարունակվում է։

Մյուս հանգամանքը դեռեւս 90-ականներին զինտեխնիկայի կիրառմամբ  հայկական հուշարձանների թիրախավորումն է եւ հայկական հուշարձանների օգտագործումը որպես զինապահեստ։ Շուշիի ազատագրումից հետո ակնհայտ դարձավ, որ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին օգտագործվել է որպես «Գրադ» կայանքների արկերի համար պահեստ, որոնք օգտագործվում էին Ստեփանակերտը եւ շրջակա բնակավայրերը թիրախավորելու համար։ Թիրախավորվեցին տասնյակ եկեղեցիներ։ Արձանագրված բազմաթիվ օրինակներ կան՝ Հադրութի շրջանի Առաքել գյուղի եկեղեցին, որի վրա կրակել են տանկից, թիրախավորվել է Գանձասարը, ինչի հետեւանքով Գանձասարի միաբանության շենքն է վնասվել։ Թիրախավորվել է Մարտակերտի եկեղեցին։ Նման փաստերը տասնյակից ավել են։

Այդ քաղաքականությունը խորհրդային տարիներին Ադրբեջանն իրականացրել է Նախիջեւանում՝ Ջուղայում խաչքարերի, եկեղեցիների նկատմամբ։ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո դրանց տեղում հրաձգարան է կառուցվել։ Իսկ Նախիջեւանի հայկական ժառանգությունը ընդհանրապես հիմնովին ոչնչացված է»։

Հովիկ Ավանեսովը Արցախում 2020 թվականից մինչ օրս տեղի ունեցող մշակութային ցեղասպանության հստակ, կոնկրետ օրինակներ եւ անհերքելի փաստեր է ներկայացրել։ «Մասնավորապես, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին երկու անգամ հրետակոծվել է գերճշգրիտ զինատեսակներով։ Եվ դա այն պարագայում, որ եկեղեցու շրջակայքում ռազմական օբյեկտներ չեն եղել, իսկ եկեղեցու նկուղներում պատսպարված են եղել քաղաքացիական բնակիչներ։ Այս վանդալիզմը իրենց մաշկի վրա զգացել եւ արձանագրել են նաեւ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները։

Պետք է արձանագրենք, որ 2020 թվականի սեպտեմբերից մինչ օրս Արցախում վանդալիզմի դեպքերի քանակը հատել է 1000-ի սահմանը։ Եվ խոսքը վերաբերում է վանդալիզմի բոլոր դրսեւորումներին։ Այս քանակի վանդալիզմի դեպքերը մեզ թույլ են տալիս պնդելու, որ մենք գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի հետ»,- ասում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930