Լրահոս
Օրվա լրահոսը

AI Conf Armenia 2026-ն ունեցել է աննախադեպ՝ 3000 այցելու ու մասնակից

Ապրիլ 20,2026 12:21 Share

Երևանի պետական համալսարանում անցկացվեց AI Conf Armenia 2026-ը՝ արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովը, որը չորրորդ անգամ մեկ հարթակում համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին և նորարարներին։ AI Conf Armenia 2026-ում վերլուծվեց ոլորտի արագ աճը և նախանշվեցին ապագայի զարգացման ուղղությունները։ Համաժողովի առանցքում այս տարի GPU-ներով մասշտաբավորվելու և տեխնոլոգիական ենթակառուցվածքների միջոցով երկրի զարգացման հեռանկարն էր։ Քննարկումները ընդգրկում էին ինչպես գլոբալ միտումները, այնպես էլ Հայաստանի ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կարևոր տեխնոլոգիական հանգույց։

Այս տարվա համաժողովը դարձավ իր պատմության ամենամասշտաբայինը՝ գրանցելով աննախադեպ արդյունք․ շուրջ 3000 այցելու և մասնակից։ Ավելի քան 20 խոսնակներ հանդես եկան ելույթներով՝ ներկայացնելով իրենց փորձը, ոլորտի արդի միտումները, կիրառական լուծումները և նորարարական մոտեցումները, որոնք ձևավորում են արհեստական բանականության հայկական հեռանկարը։

«AI Conf Armenia 2026-ի այս տարվա հաջողությունը և ռեկորդային մասնակցությունը հստակ վկայում են, որ Հայաստանը վստահորեն ամրապնդում է իր դիրքը որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն։ Մենք տեսնում ենք ոչ միայն աճող հետաքրքրություն արհեստական բանականության նկատմամբ, այլև իրական պատրաստակամություն՝ այն կիրառելու և զարգացնելու տարբեր ոլորտներում։ Այս համաժողովը դարձել է այն հարթակը, որտեղ ձևավորվում են ապագայի գաղափարներն ու համագործակցությունները», – նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Նա նաև հավելել է. «Այս տարվա արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանը կարող է ոչ միայն հետևել գլոբալ տեխնոլոգիական զարգացումներին, այլև դառնալ դրանց ձևավորման ակտիվ մասնակիցը։ Մեզ համար կարևոր է, որ նման հարթակները շարունակական լինեն՝ ապահովելով գիտելիքի փոխանակում, տաղանդների բացահայտում և միջազգային համագործակցության ընդլայնում»։

AI Conf Armenia 2026-ը շարունակեց իր առաքելությունը՝ խթանելու արհեստական բանականության զարգացումը Հայաստանում, ներկայացնելու նորագույն տեխնոլոգիաները և ստեղծելու միջավայր, որտեղ գաղափարները վերածվում են իրական նախագծերի։

Հիշեցնենք, որ AI Conf Armenia 2026-ը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, Krisp-ի, YerevaNN-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) համագործակցությամբ։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930