Հայտնի է, որ ոստիկանը կարող է գործողություններ ձեռնարկել, երբ գույքի օրինական տիրապետողին անձամբ չի հաջողվել վերացնել կամ կանխել անշարժ գույք ներխուժումը:
Բայց արդյո՞ք դա այդպես է :«Հասցե այցելելու մասին» արձանագրության համաձայն` ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնի ավագ տեսուչի մասնակցությամբ, այցելել են Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որպեսզի պարզեն, թե նշված հասցեում ովքեր են գտնվում: Պարզվել է, որ նշված հասցեում գտնվում է փաստաբանական գրասենյակ, փաստաբանների շարժական գույքը:
«Լեքս Բանկինգ» ՓԲ ընկերությունը 2023 թ. հոկտեմբերի 4-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ Երեւանի Թումանյան փողոցի շենքերից մեկում գտնվող անշարժ գույքի տարածք հայցվորի ներխուժումը կանխելու կամ այն վերացնելու վերաբերյալ գործողությունների կատարումը մինչեւ ընկերության եւ սեփականատեր Հ. Թորոսյանի միջեւ առկա գույքային վեճերի վերաբերյալ վերջնական դատական ակտի կատարումը կասեցնել պարտավորեցնելու պահանջի մասին: ՀՀ վարչական դատարանը հայցը բավարարել էր: ՀՀ ոստիկանության բողոքը վերաքննիչ դատարանը մերժել է: ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատ, պահանջելով բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը, գործն ուղարկել նոր քննության:
Ըստ հայցվորի` տվյալ դեպքում առկա է իրավիճակ, երբ անշարժ գույքի վերաբերյալ վեճր բխում է ոչ միայն վարչական, այլ նաեւ քաղաքացիաիրավական հարաբերություններից, որը հանձնված է դատարանի քննությանը, որի պայմաններում էլ ոստիկանության գործողությունները ուղղված հայցվորին բնակարանից վտարելուն, ապօրինի են եւ չեն բխում ՀՀ կառավարության 2007 թ. թիվ 797-Ն որոշման կարգավորումներից:
Կարդացեք նաև
Իսկ ոստիկանության առարկմամբ, իրենք չեն ներխուժել փաստաբանների տարածք, այլ հակառակը` ներխուժումը կատարվել է իրավաբանական անձի կողմից: Դատարանում նշվել է, որ բաժնի ծառայողներն այցելել են անշարժ գույքի հասցե եւ «Լեքս Բանկինգ» ՓԲԸ, որտեղ գործում է փաստաբանական գրասենյակ, այնտեղ գտնվող փաստաբան Վ. Զախարյանի վերաբերյալ ընդունել են բանավոր վարչական ակտ եւ տրամադրել ողջամիտ ժամկետ: Բանավոր վարչական ակտի ընդունման տեղն ու ժամը ոստիկանության ծառայողն ամրագրել է արձանագրությամբ, որը ստորագրել է նաեւ Վ. Զախարյանը, ում էլ տրամադրվել է ողջամիտ ժամկետը: Ստացվել է, որ ոստիկանության ծառայողը բանավոր վարչական ակտի ընդունման տեղն ու ժամն ամրագրելու համար կազմել է արձանագրություն, իսկ այդ արձանագրությունը չէր կարող հիմք հանդիսանալ դատարանի համար, քանի որ «այն ներքին աշխատանքային փաստաթուղթ է հանդիսանում»: Դատական գործընթացը շարունակվում է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.04.2026


















































