Ապրիլի 27-ին տեղի ունեցավ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրատապ ասուլիսը՝ «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից ապրիլի 22-ին հիմնադրամի դեմ Վարչական դատարան ներկայացված հայցադիմումի վերաբերյալ։ Ասուլիսի սկզբում տիկին Աննա Հակոբյանը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.
««Անկախ դիտորդ» դաշինքի ֆեյսբուքյան էջից և մամուլի հրապարակումներից տեղեկանում ենք, որ Անկախ դիտորդը ապրիլի 22-ին դիմում է ուղարկել Վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։
Իրենք քարոզչության ուղղակի փաստեր չեն հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու Աննա Հակոբյանի կերպարն ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ:
«Ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագրի» հետ, փաստ է Աննա Հակոբյանի ասոցացումը…» ասում են նրանք, և ինչպես նշված է Ազատության հոդվածում` «եթե վարչական դատարանում ապացուցվեն «Իմ քայլը» հիմնադրամի խախտումները, Աննա Հակոբյանին սպառնում է տուգանք՝ մինչև 6 միլիոն դրամի չափով»:
Կարդացեք նաև
Սույնով խախտվել են իմ հետևյալ իրավունքները`
- Սահմանադրություն. Հոդված 7. Ընտրական իրավունքի սկզբունքները
Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
- ՀՀ ընտրական օրենսգիրք. Հոդված 4.Ազատ ընտրական իրավունքը
Ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա: Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին:
- Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի կարգավորումները
Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ «ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի», ինչը, ըստ Մարդու իրավունքների
եվրոպական դատարանի ձևավորված դատական պրակտիկայի, ներառում է նաև հոգեբանական ճնշման, ահաբեկման և նվաստացման ձևերը։
Իսկ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված արտահայտվելու ազատության իրավունքը ենթադրում է, որ անձը չպետք է ենթարկվի ճնշման կամ ազդեցության, որը կարող է սահմանափակել նրա ազատ կամարտահայտությունը, այդ թվում՝ ընտրական գործընթացների համատեքստում։
- Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան դրույթները,
որոնք քրեականացնում են ցանկացած հիմքով բռնությունը` ներառյալ նաև հոգեբանական և հուզական բռնության ձևերը, որոնք կարող են արտահայտվել սպառնալիքի, հարկադրանքի կամ մանիպուլյացիայի միջոցով և դիտարկվում են որպես կանանց նկատմամբ խտրականության դրսևորում։
- Ընդունելով, որ յուրաքանչյուրն ունի անմիջականորեն կամ ազատ
հիմունքներով ընտրված ներկայացուցիչների միջոցով մասնակցելու իր երկրի կառավարմանը և ունի իր երկրում պետական ծառայության հավասար մատչելիության իրավունք, և ցանկանալով հավասարեցնել տղամարդկանց ու կանանց կարգավիճակը քաղաքական իրավունքներից օգտվելու և դրանք իրագործելու հարցում՝ Կանանց քաղաքական իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան սահմանել է, որ «կանայք պետք է իրավունք ունենան բոլոր ընտրություններում քվեարկել տղամարդկանց հետ հավասար հիմունքներով` առանց որևէ խտրականության»:
- Քրեական Օրենսգիրք. Հոդված 210
Անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելը առաջացնում է քրեական պատասխանատվություն:
Հաշվի առնելով վերոնշյալը խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրություն կատարել` նախաձեռնելու հետևյալ 2 գործողությունները`
(1) Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը և
(2) Անկախ դիտորդ դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը` «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին, հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով
Ինչ վերաբերվում է «Իմ քայլը» հիմնադրամին, ըստ Անկախ դիտորդի` Հիմնադրամը ասոցացվում է իշխանական ուժի հետ, ուստի Ազգային ժողովի ընտրությունների նշանակման մասին հրամանագրի հրապարակումից հետո հիմնադրամը պետք է կասեցներ իր գործունեությունը:
Բոլորի ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, որ եթե հիմա իմ անձով կամ Հիմնադրամի անվանումով պայմանավորված, ոմանց մոտ ասոցացում է առաջացել իշխող ուժի հետ, ապա բոլորի ուշադրությունն ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, որ մասնավորապես 2022 թվականի սեպտեմբերին Շիրակում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ժամանակաշրջանում Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է այն ժամանակ ՔՊ վարչության անդամ հանդիսացող Մխիթար Հայրապետյանը: Այդ ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամը Շիրակում անցկացրել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը:
Առհասարակ Հայրապետյանի՝ Հիմնադրամում պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ և այդ ողջ ընթացքում Հիմնադրամը այդ համայնքներում իրականացրել է իր ծրագրերը: Որևէ ուսումնասիրություն հիմնադրամի կամ նրա պաշտոնատար անձի նկատմամբ քրեական կամ վարչական պատասխանատվություն կիրառելու մասով չի կատարվել: Ես այս փաստը ևս դիտարկում եմ որպես օրենսդրությամբ սահմանված` կանանց նկատմամբ խտրականության արգելքի խախտում»:
Ասուլիսի ընթացքում լրագրողները Աննա Հակոբյանին ուղղեցին մի շարք հարցեր՝ կապված նրա՝ որպես գործադիր տնօրենի գործունեության, հիմնադրամի ծրագրերի, նախընտրական շրջանում բարեգործության արգելքի կիրառելիության, անձնական և ընտանեկան կարգավիճակի, քաղաքացիների ազատ ընտրական իրավունքի վրա հնարավոր ազդեցության, «Կրթվելը նորաձև է» շարժման ֆինանսավորման աղբյուրների, անանուն նվիրատվությունների, հիմնադրամի գործունեության ժամանակավորապես կասեցման հնարավորության, հիմնադրամի նախկին գտնվելու վայրի և այլնի հետ:
Տիկին Հակոբյանը hորդորեց լրագրողներին հետևել «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական էջերին հիմնադրամի ծրագրերի մասին տեղեկանալու համար՝ ընդգծելով դրանց մասշտաբն ու երկարաժամկետ ազդեցությունը։ Նա խոսեց նաև «Կրթվելը նորաձև է» շարժման մասին`նշելով, որ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում երբևէ ֆինանսավորման անհրաժեշտություն չի եղել, իսկ համանուն աջակից ծրագիրն իր 6 նախագծերով իրականացվում է հիմնադրամի միջոցներով:
Անդրադառնալով հիմնադրամի գործունեության հնարավոր կասեցման վերաբերյալ հնչեցված պնդումներին՝ Աննա Հակոբյանը նշեց, որ նման պահանջները չունեն իրավական հիմք և ընդգծեց, որ հիմնադրամի գործունեությունը շարունակվելու է քանի որ այն ոչ մի հակաօրինական բնույթ չի կրում, իսկ օրենքի դաշտում հնչեցված պնդումները դատարանում կստանան փաստահեն պատասխաններ:
Ասուլիսի ընթացքում հնչած խոսույթներից ելնելով` Աննա Հակոբյանը ևս մեկ անգամ դիմեց լրագրողներին՝ հիշեցնելով մեկուկես տարի առաջ արված իր նախաձեռնությունը՝ կազմակերպել բաց և մասնագիտական հանրային քննարկում՝ նպաստելու առավել գրագետ, պատասխանատու և դրական տեղեկատվական միջավայրի ու հանրային խոսույթների նոր ավելի բարեկիրթ մշակույթի ձևավորմանը Հայաստանում։
Նշենք, որ Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կամ այն քաղաքական ուժին:
Աննա Հակոբյանը ընտրական իրավունք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ է անում ընտրություն կատարելիս առաջնորդվել բացառապես սեփական համոզմունքներով, սկզբունքներով, ցանկություններով, խղճով և մտքով: Ըստ Աննա Հակոբյանի` սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է, որ գտնվում է ՀՀ քաղաքացու ձեռքում:
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ


















































