Լրահոս
Օրվա լրահոսը

Այգեզարդ գյուղի դպրոցի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ դպրոցի աշակերտները բեմում կատարում են ՔՊ կուսակցության հետ ասոցացվող երգ․ «Ականատես»

Ապրիլ 28,2026 18:16 Share

Ականատեսի օրագիր N 9․ Նախընտրական քարոզչությանը երեխաների ներգրավման անթույլատրելիության վերաբերյալ

Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Արարատ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջում 25.04.2026թ․ հրապարակվել է «Նշում ենք քաղաքացու օրը» վերտառությամբ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են դպրոցի աշակերտները բեմում կատարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա քաղաքական քարոզչության հետ ասոցացվող «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» երգը: Հաջորդ օրը տեսանյութը հեռացվել է դպրոցի ֆեյսբուքյան էջից։

Միջնակարգ դպրոցում աշակերտների ներգրավմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչության հետ ասոցացվող երգի բեմադրումը և դպրոցի ֆեյսբուքյան էջում համապատասխան տեսագրության հրապարակումը, դիտորդական առաքելության գնահատմամբ, խախել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեություն կամ քարոզչություն իրականացնելու արգելքը, որն ուղղակիորեն սահմանված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով:

Դպրոցական միջավայրի քաղաքականացումն ու երեխաների ներգրավումը քաղաքական ենթատեքստ ունեցող բեմադրություններում խիստ խնդրահարույց է նաև կրթական գործընթացի չեզոքության և երեխայի իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների ապահովման տեսանկյունից:

Բացի այդ, «Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրել է վերջին շրջանում տարբեր կուսակցությունների քարոզչական միջոցառումներին և հավաքներին փոքրահասակ երեխաների ներգրավման դեպքեր։

Թեև երեխաների մասնակցությունը հասարակական կյանքին միջազգային իրավական փաստաթղթերով ճանաչված իրավունք է, միջազգային չափանիշներով սահմանված են հստակ երաշխիքներ՝ նման մասնակցության համատեքստում երեխայի իրավունքների լիարժեք պաշտպանության ապահովման նպատակով։ Մասնավորապես, ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան պարտավորեցնում է պետություններին պաշտպանել երեխային «նրա բարեկեցությանը որևէ տեսանկյունից վնասող շահագործման բոլոր այլ ձևերից»։

Դրան զուգահեռ, ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն ընդգծում է, որ երեխաները չպետք է ենթարկվեն ճնշումների կամ մանիպուլյացիայի՝ իրենց տեսակետները արտահայտելու իրավունքն իրացնելիս, իսկ երեխաների մասնակցության գործընթացները պետք է լինեն կամավոր և իրականացվեն այնպիսի եղանակներով, որոնք անվտանգ են և հաշվի են առնում հնարավոր ռիսկերը։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը համատեղ դիրքորոշմամբ շեշտել են, որ քաղաքական կուսակցությունների կողմից ընդունվող վարքագծի կանոնների շրջանակում նրանք պետք է հանձն առնեն չխրախուսել, հորդորել կամ հարկադրել երեխաներին մասնակցել քաղաքական հավաքների կամ ցույցերի։ Հանրահավաքներին և քարոզչական երթերին մասնակցող երեխաները կարող են ենթարկվել զանգվածային հրմշտոցի, բռնության, ճանապարհատրանսպորտային պատահարների, ինչպես նաև ոչ պատշաճ լեզվի և վարքագծի ազդեցության ռիսկերի: Համապատասխանաբար, կուսակցությունները և քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան քաղաքական հանրահավաքներին և այլ զանգվածային միջոցառումներին երեխաներին ներգրավելուց։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ դիտորդական առաքելությունը կոչ է անում՝

  • ուսումնական հաստատություններին և իրավասու պետական մարմիններին ապահովել քաղաքական գործունեության արգելքի պահանջների խստիվ պահպանումը կրթական միջավայրում, բացառել քաղաքական քարոզչության կամ դրա հետ ասոցացվող բովանդակության ներմուծումը և ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ՝ նման խախտումների կրկնությունը բացառելու նպատակով,
  • բոլոր քաղաքական ուժերին, թեկնածուներին և նրանց աջակիցներին խստորեն պահպանել երեխաների պաշտպանության միջազգային չափանիշները և զերծ մնալ երեխաներին նախընտրական քարոզարշավին ներգրավելուց՝ ապահովելով երեխաների պաշտպանության միջազգային չափանիշների պահպանումը:

Դպրոցի նկարը՝ Այգեզարդ գյուղի Արարատ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջից

«ԱԿԱՆԱՏԵՍ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930