Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ավելի շատ ձախողում է, քան «Made in Armenia» ազգային բրենդի կայացման հետևողական և չափելի պետական ծրագիր». «Ժողովուրդ»

Ապրիլ 30,2026 11:31 Share

Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված այն դրույթի իրականացումը, որով խոստացվել էր քայլեր ձեռնարկել «Made in Armenia» բրենդի կայացման, միջազգային շուկաներում հայկական արտադրողների ներկայացվածության և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ, հարցում էր ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու, թե 2021 թվականից մինչ օրս ինչ կոնկրետ միջոցառումներ են իրականացվել, արդյոք մշակվել է պաշտոնական հայեցակարգ, ռազմավարություն, տարբերանշան կամ բրենդբուք, որքան ֆինանսավորում է հատկացվել, ինչ պայմանագրեր են կնքվել և ինչ չափելի արդյունքներ են արձանագրվել։

Նախարարության պատասխանից, սակայն, պարզվում է, որ կառավարության ծրագրով ամրագրված «Made in Armenia» բրենդի կայացման ուղղությամբ համակարգային և հստակ ֆինանսավորված ծրագիր փաստացի չի իրականացվել։

Այս պատասխանը ուշագրավ է այն առումով, որ կառավարության ծրագրում խոսքը եղել է ոչ թե մեկանգամյա իրազեկման կամ կազմակերպչական աշխատանքների, այլ «Made in Armenia» բրենդի կայացման մասին։ Մինչդեռ նախարարության ներկայացրած տվյալներով՝ 2021 թվականից մինչ օրս այս ուղղությամբ հստակ պետական ռազմավարության, հաստատված հայեցակարգի, առանձին բրենդային քաղաքականության կամ չափելի արդյունքների մասին տվյալ չի ներկայացվել։

Նախարարությունն իր պատասխանում նաև նշել է, որ միջազգային ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում 2021-2025 թվականներին հայկական տեքստիլ արդյունաբերության ոլորտի ընկերությունները ազգային տաղավարի ձևաչափով մասնակցել են A+A՝ Գերմանիայում, Texworld և Who’s Next՝ Ֆրանսիայում անցկացվող միջազգային ցուցահանդեսներին։

Նշվել է նաև, որ Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) հետ համագործակցությամբ մշակվել են ցուցահանդեսների մասնակցության ուղեցույց և միասնական հայկական տաղավարի բրենդբուք, որոնք արդեն կիրառվում են։

Սակայն այստեղ ևս էական հարց է առաջանում․ ցուցահանդեսներին մասնակցությունը և միասնական տաղավարի բրենդբուքը որքանո՞վ են համարժեք կառավարության ծրագրով նախատեսված «Made in Armenia» բրենդի կայացմանը։

Ավելին՝ նախարարության պատասխանից ստացվում է, որ «Made in Armenia»-ն, որպես համապետական բրենդային քաղաքականություն, ոչ թե կայացվել է, այլ մնացել է մասնակի, հատվածական գործողությունների մակարդակում։ Մի կողմից կառավարությունը ծրագրով խոստացել է հայկական արտադրանքը միջազգային շուկաներում ներկայացնելու և ճանաչելի դարձնելու քաղաքականություն, մյուս կողմից նախարարությունը խոսում է չեղարկված միջոցառման, չկնքված պայմանագրի և ընդամենը 558,420 դրամի ծախսի մասին։

Եզրահանգում

Փաստացի, «Made in Armenia» բրենդի կայացման մասին կառավարության ծրագրային դրույթը առնվազն այս պահի դրությամբ չի ստացել այնպիսի համակարգային իրականացում, որը հնարավոր կլիներ ներկայացնել որպես լիարժեք պետական քաղաքականություն։ Նախարարության պատասխանը չի պարունակում հաստատված ռազմավարության, ամբողջական հայեցակարգի, առանձին ֆինանսավորման, մրցույթների, պայմանագրերի և չափելի արդյունքների ամբողջական պատկեր։

Այլ կերպ ասած՝ կառավարության ծրագրում ամրագրված խոստումը մնացել է մեծ ձևակերպման մակարդակում, իսկ գործնականում ներկայացվում են սահմանափակ կազմակերպչական աշխատանքներ և միջազգային ցուցահանդեսների մասնակցություն։ Սա ավելի շատ ձախողում է, քան «Made in Armenia» ազգային բրենդի կայացման հետևողական և չափելի պետական ծրագիր»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930